«ՄԻ՛ ԽԱՆԳԱՐԵՔ ԱՊՐԵԼ, ԴՈՒՔԱՆՉԻՆԵ՛Ր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմիտասի 3 շենքի 6-րդ մուտքի 79 եւ 80 բնակարանների բնակիչներ Ռ. Վիրաբյանը, Ս. Գուլյանը, Մ. Մարդյանը, Ռ. Ավետյանը նամակով դիմել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ բողոքելով մայթում գործող կրպակների առկայությունից, որոնց գործունեության արդյունքում հարակից կանգառը վեր է ածվել առեւտրի կենտրոնի: Նրանք համոզմունք են հայտնում, որ նման գործունեությունը հովանավորչության արդյունք է, այլապես քաղաքային իշխանություններին ուղղված իրենց նամակներն անպատասխան չէին մնա: Ստորեւ ներկայացնում ենք դիմում-բողոքն ամբողջությամբ:
«Հարգարժա՛ն պարոն քաղաքապետ: Շուրջ երկու տարի է՝ Դուք իբր անհաշտ պայքար եք  ծավալել  քաղաքաշինության նորմերի ոչ ճիշտ, կոպիտ խախտումներով շինությունների դեմ, որոնք թույլ են տվել նախկին քաղաքապետերը: Արդյունքում՝ Դուք մեծ համառությամբ Աբովյան փողոցի մայթերը վերադարձրիք երեւանցիներին: Իսկ ինչո՞ւ չեք կարողանում նույնն անել Կոմիտասի պողոտայի դեպքում: Եթե Դուք հետեւողականություն դրսեւորեք եւ Ձեր ենթականերից պահանջեք Ձեզ հասցեագրված նամակները, դիմումները, լուսանկարները, կհամոզվեք, թե ինչ է կատարվում մեր փողոցում: Կարծում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է կարճ ժամանակում Փափազյան-Կոմիտասի խաչմերուկը մաքրել «բուտիկներից» եւ աղբից: Խնդիրն այն է, որ մայթի մի զգալի հատված զբաղեցնում են երկու թերթի կրպակները, որոնց արանքում գործում է մեկ առեւտրի կրպակ: Նրան կից  տեղադրված են  նույն կրպակին պատկանող  մի քանի սառնարաններ: Կանգառն  էլ գտնվում է կրպակի հարեւանությամբ: Առավոտյան ժամերին այն գերծանրաբեռնվում է, եւ  քաղաքացիները ստիպված են լինում կանգնել փողոցում:
Ելնելով հարցի նկատմամբ Ձեր անտարբերությունից՝ մենք կարող ենք ենթադրել, որ Ձեզ եւ Ձեր ենթականերին՝ առեւտրի եւ տրանսպորտի վարչությունների ղեկավարներին, չի հուզում քաղաքային տրանսպորտին կանգառից դուրս սպասող քաղաքացիների կյանքի անվտանգությունը: Զարմանալի է, որ նախկին քաղաքապետեր Ե. Զախարյանին, Գ. Բեգլարյանին, Կ. Կարապետյանին ուղղված մեր դիմումներին ի պատասխան՝  թե՛ քաղաքապետարանից, թե՛ թաղապետարանից ստացել ենք գրություն, որով  համապատասխան վարչություններից տեղեկացնում են. «Ձեր բարձրացրած խնդրին կանդրադառնանք 2011թ.-ի վերջում: Հայտնում ենք նաեւ, որ կարկանդակի կրպակը գտնվում է ղեկավարության ամենօրյա հսկողության տակ»: Հարց է առաջանում. ուրիշ կարեւոր գործ չե՞ն տեսնում «ղեկավարությունում», որ «կարկանդակի կրպակն են հսկում»:  Նաեւ մի հանգամանք, մենք հիմա ապրում ենք ընթացիկ՝ 2012թ.-ի  ութերորդ ամսում: Եզրակացությունը թողնում ենք Ձեզ:
Մենք խնդրում ենք սահմանափակել կրպակի գործունեությունը մինչեւ 23:00-ն,  քանի որ այն գտնվում է մեր ննջարանների պատուհանների տակ, եւ կրպակից օգտվողների աղմուկ-աղաղակը  խանգարում է մեր հանգիստը: Գինովցած հաճախորդները ժամերով կանգնում են՝ գարեջուր եւ հյութ վայելելու, իսկ հաճախորդների վարած մեքենաներից հնչող երաժշտության բարձր ձայնը խանգարում է քնել: Կեսգիշերն անց կրպակի մոտի աղբամաններից սկսում են օգտվել  բոմժերը, որոնց ձայները կրկին խանգարում են մեր հանգիստը: Իսկ «դալանը», որը շենքի ընդհանուր մուտքն է, վերածվել է հասարակական զուգարանի:  
Խնդրում ենք Ձեզ տեղափոխել կրպակը՝ այդպիսով վերականգնելով Սահմանադրությամբ տրված մեր իրավունքը: Պարո՛ն քաղաքապետ, պահանջում ենք սկսել ծառայողական քննություն եւ պարզել, թե ով է հովանավորում կրպակատերերի ապօրինի գործունեությունը»:

Արաբկիր թաղամասի Կոմիտասի
3 շենքի մի խումբ բնակիչներ

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի առթիվ Երեւանի քաղաքապետարանից  մեկնաբանություն ստանալ: Այնտեղից մեզ ուղղորդեցին Արաբկիրի  թաղապետարան:  Թաղապետարանի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժնի պետ Վարդգես  Մարտիրոսյանն  ասաց,  որ այդ  բողոքը  քննարկվել է թաղապետի հետ ու հավելեց, որ   նշված հասցեում գտնվող կրպակի գործունեությունն օրինական  է. կրպակատերը բացօթյա վաճառք իրականացնելու համար ունի համապատասխան  թույլտվություն. «Տվյալ դեպքում կրպակատերերը սառնարանների համար վճարում են ամենամսյա, իսկ գիշերային սպասարկման համար՝ ամբողջ տարվա կտրվածքով: Բնակիչների բողոքները մենք վերստին կքննարկենք տարեվերջյան նիստի ժամանակ: Ըստ այդմ էլ կորոշվի՝ ընդառաջել բնակիչներին, թե ոչ»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս