Նազարյանների բիզնեսը «փակվել» է. ինչ կլինի «Մոսկվիչկա»-ի փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից այլևս չի գործելու «Մոսկվիչկա» ցանցի` Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը: Երեկ սուպերմարկետն ամբողջությամբ «դատարկել» էին, որպեսզի հանձնեն նոր սեփականատիրոջը: Ըստ մեր տեղեկությունների՝ նույն հասցեում գործելու է «Էվրիկա» սուպերմարկետը, որը Երեւանում մի քանի մասնաճյուղ ունի: Իսկ «Մոսկվիչկա» սուպերմարկետն այլեւս ցանց չի ունենալու, այդ անվամբ միակ խանութը գործելու է Երեւանի Հյուսիսային պողոտայում:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը պատկանում է ազգությամբ եզդի Թեմուր Ուսուբովին: Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ: Այսօրվա դրությամբ Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերության դրամական միջոցներն արգելանքի տակ են: Տեղեկացնենք նաեւ, որ հունվարի 26-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը, անդրադառնալով իր որդու բիզնեսի խնդիրներին, ասել էր. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»:

«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդու՝ Արմեն Նազարյանի հետ, որը ղեկավարում էր սուպերմարկետների ցանցը:

-Պարո՛ն Նազարյան, փաստորեն Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի գործունեությունը որոշել եք դադարեցնել: Ինչո՞ւ եք վաճառել սուպերմարկետը, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ որոշել եք լքել Հայաստանը ու Ձեր բիզնես գործունեությունը ծավալել ԱՄՆ-ում:

-Փակվելու է սուպերմարկետը ու այլ ցանցի է միանալու, ես չեմ ուզում նշել, թե ինչ ցանց է այդտեղ գործելու, քանի որ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում: Կդառնա այն, ինչ կդառնա, դա բոլորը կտեսնեն: Ես հանձնում եմ այլ ցանցի: Սա արվում է միայն նրա համար, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն մատակարարների, բանկերի հետ, այժմ պրոցես է գնում, ու մենք փորձում ենք այդ պրոցեսում կարգավորել այս հարցերը: Ոչ մի ուրիշ խնդիր չկա: Այն տեղեկությունները, թե ես երկրից գնում եմ, իրականության հետ որեւէ կապ չունեն: Ես երկրում եմ:

-Տեղեկություններ կան նաև, որ Դուք դիմելու եք համապատասխան մարմիններին՝ Ձեզ սնանկ ճանաչելու համար: Պատրաստվո՞ւմ եք նման քայլի դիմել:

-Երկրից բացակայել, դիմել սնանկության, որեւէ մեկի գումարը չվճարել եւ այլն, եթե նման տեղեկություններ են տարածում, ապա Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Խնդրում եմ, որ նման հերյուրանքների չհավատաք, դրանք սուտ տեղեկություններ են: Ես իմ ընտանիքով Երեւանում եմ, պատրաստ եմ ընդունել ցանկացած մարդու, ով կցանկանա պարզաբանում ստանալ: Կազմակերպությունը բոլոր նրանց, ում պարտք է, մինչեւ վերջ վճարելու է: Ու ես երկրից չեմ պատրաստվում գնալ: Իսկ Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկան» մնալու է նույն անվամբ, միանալու է այլ ցանցի ու նորմալ իր գործունեությունը շարունակելու է: Սայաթ-Նովայինը այլ ցանց է լինելու, Հյուսիսային պողոտայինը` այլ, այդ տարածքում գործելու են այլ ցանցի սուպերմարկետներ: Կրկնում եմ՝ դա արվել է նրա համար, որպեսզի առաջացած բոլոր խնդիրներին լուծում տրվի:

-Փաստորեն Դուք այլեւս որեւէ առնչություն չեք ունենալու սուպերմարկետի հետ, այսինքն՝ այլեւս այդ ոլորտում բիզնես գործունեություն չե՞ք ծավալելու: Այդ դեպքում ի՞նչ եք որոշել անել, ո՞րն է լինելու Ձեր հետագա գործունեության ասպարեզը:

-Ո՛չ, ես որեւէ առնչություն չեմ ունենալու, ես դա անում եմ, որպեսզի լուծեմ թե՛ բանկերի, թե՛ մատակարարների հետ կապված հարցերը: Այսինքն՝ մինչեւ վերջ կարգավորելու եմ այդ ամենը: Ու նորից եմ ասում՝ սննակության հարցը բացառեք, նման բան իրականում չկա, ո՛չ սնանակության ենք դիմելու եւ ո՛չ էլ մի մատակարար դրանից տուժելու է: Ես այս քաղաքում ապրել եմ ու ապրելու եմ ու բոլորի երեսին պարզ նայելու եմ: Ես միշտ ասել եմ ու նորից եմ կրկնում՝ պետք չէ սուտ հերյուրանքներ տարածել ու թող չփորձեն նման տեղեկություններով իմ ընտանիքի անունը փնովել, դա ճիշտ չի, դրա իրավունքը ոչ ոք չունի: Անկեղծ եմ ասում, բոլորի առաջ պարզ ներկայացնում եմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, դա բիզնես է, ու բիզնեսը ունեցել է խնդիրներ, բայց այդ խնդիրները մենք մինչեւ վերջ կարգավորելու ենք, ամեն գնով:

Հ. Գ. Երեկ՝ երեկոյան արդեն Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետում որեւէ սնունդ չկար, իսկ աշխատակիցներից էլ տեղեկացանք, որ իրենք այսօր արդեն այդտեղ չեն աշխատելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս