ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները խմելու ջրի պակաս են զգում: Բնականոն կերպով խմելու ջուր է ստանում գյուղի մոտ 60 ընտանիք, իսկ ավելի քան 200 ընտանիք ամառվա տապին խմելու ջուր է ստանում օրումեջ 15-20 րոպե տեւողությամբ: Ոսկեպարցիները մեզ հայտնեցին, որ երկարամյա գյուղապետ Հրուշ Աղբալյանը խմելու ջրի մատակարարումը կարգավորելու հարցով քիչ է զբաղվում, նա համագյուղացիներին հորդորում է այդ գործով դիմել ոսկեպարցի ջրվար Լյովա Կոստանդյանին: Ոսկեպարցիները դժգոհում են, որ խմելու ջրագծի ներքին ցանցում շատ են «լեւի միացումները», որ գյուղի մի քանի տասնյակ ընտանիք մշտապես խմելու ջուր ունի, իսկ համայնքի մեծ մասն ամռան տապին զրկված է ջրից: Այս պայմաններում «ելք» է գտնվել: Ոմանք գյուղի ծայրին գտնվող Ղարասու հորդ աղբյուրի ջուրը ցիստեռնով ներկրում եւ ոսկեպարցիներին վաճառում են ցիստեռնը 5000 դրամով:
Խմելու ջրի մատակարարման հարցով խոսեցինք գյուղապետ Հրուշ Աղբալյանի հետ: Նա վերջին 30 տարում գյուղի փաստացի ղեկավարն է: Աղբալյանն ասաց, որ Ոսկեպարը խմելու ջուր է ստանում 3 աղբյուրից՝ Մացականց գոմերից, Շաչմի աղբյուրից եւ Սառնաղբյուրի թաղը սնուցող աղբյուրից: Նրա խոսքերով՝ երաշտի պատճառով գյուղը սնուցող ջրամբար շատ քիչ ջուր է լցվում: Գյուղապետն ասաց, որ ներքին ցանցում կորուստներ կան, իրենք մասնագետներ են հրավիրել կորուստների, ջրագծի վթարների տեղերը հայտնաբերելու, սակայն ապարդյուն: Նրան հիշեցրինք, որ 1999-2000թթ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով Ղարասու աղբյուրից Ոսկեպարը սնուցող պոմպակայան եւ ջրագիծ է գործարկվել: Մեր հարցին, թե ինչու այդ ջրագիծը չի գործում, գյուղապետը պատասխանեց, որ պոմպը «վառվել է»: Միգուցե Հրուշ Աղբալյանը մտածի՞ այն գործարկելու մասին:
Նշենք, որ երկար տարիներ՝ 1993թ. մինչ օրս, ջրվար աշխատող Լյովա Կոստանդյանը գրանցված չէ: Հ. Աղբալյանը գյուղի միակ ջրվարին որպես աշխատող չի գրանցում՝ պատճառաբանելով, որ նրա համար հաստիք չկա: Լ. Կոստանդյանը մինչեւ 2000թ. ջրվարի գործը ձրի, հասարակական հիմունքներով է արել, այժմ նրա «սեւ աշխատավարձը» 25 հազար դրամ է: Նրան որպես աշխատող չգրանցելով, ամսական ընդամենը 25 հազար դրամ վարձատրելով՝ Հ. Աղբալյանը ջրամատակարարման հետ կապված բոլոր դժգոհություններն ուղղորդում  է դեպի ջրվար Կոստանդյանը: Հավելենք, որ մեր տվյալներով` Ոսկեպարի խմելու ջրագծի ներքին ցանցը, կոպիտ ասած, օդում կախված է, այն չի գտնվում գյուղապետարանի հաշվեկշռում:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Ոսկեպարը հիրավի հերոսական տարեգրություն ունի: Հերոս գյուղի բնակիչներն արժանի չեն այն տառապանքներին, որ ամռան տապին կրում են խմելու ջրի պակասի պատճառով: Կյանքի եւ կենցաղի նման վատ պայմանների պատճառով է, որ ոսկեպարցիներն արտագաղթում են Ռուսաստան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս