Այսօր՝ մարտի 4-ին, իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր Անտոնիո Լուչիո Վիվալդիի ծննդյան 337-ամյակն է:
Ջութակ նվագել սովորել է իր հոր՝ Ջիովաննի Բատիստա Վիվալդիի մոտ, ով Սբ. Մարկոսի տաճարի ջութակահարն էր։ Երաժշտական երկերի հորինման (կոմպոզիցիա) մեջ մասնագիտացել է Ջիովաննի Լեգրենցիի և Արկանջելո Կորելլիի մոտ (Հռոմում)։
1703թ. սեպտեմբերի 18-ին ձեռնադրվել է հոգևորական։ Վենետիկցիներին ոչ հատուկ մազերի գույնի համար նրան սկսում են անվանել «Շեկ քահանա» (իտալ.՝ il Prete Rosso )։ 1703թ. սեպտեմբերի 1-ին ընդունվում է «Պիետա» օրիորդաց որբանոց՝ որպես ջութակի ուսուցման մանկավարժ-մաեստրո։ Որբանոցի սաների համար սկսում է գրել իր առաջին ստեղծագործությունները։ 1706թ. կայանում է Վիվալդիի առաջին հրապարակային ելույթը ֆրանսիական դեսպանության պալատում։ 1713թ. ստանձնում է որբանոցի երաժշտական ամբողջ գործունեության պատասխանատվությունը, 1716թ. նշանակվում է համերգների մաեստրո (maestro di’ concerti)։
Այդ տարիներին է Վիվալդին գրում է իր ստեղծագործությունների մեծ մասը, այդ թվում՝ օպերաներ և կոնցերտներ։ 1705թ. հրատարակվում է իր ստեղծագործությունների առաջին ժողովածուն (opus 1), 1709թ՝ 2-րդ ժողովածուն (12 սոնատ ջութակի և բասսո կոնտինուոյի համար)։ Համաշխարհային ճանաչումը գալիս է երկերի 3-րդ ժողովածուի հետ (L’estro armonico (Opus 3), հրատարակվել է Ամստերդամում 1711թ)։ Ճանաչումն ու համբավն ամրապնդվում են 1714թ. La stravaganza (Opus 4) երկերի ժողովածուի հրատարակմամբ։
1718թ. սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները Իտալիայի ու Եվրոպայի քաղաքներով։ Չնայած Վենետիկից իր հաճախակի բացակայություններին, «Պիետա»-ն շարունակում է նրան վարձատրել՝ ամսական երկու կոնցերտ գրելու պայմանով։ Որբանոցի արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ երգահանը վարձատրվել է 1723-33թթ. թվով 140 կոնցերտ գրելու համար։
1723թ. տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը Հռոմ, 1724թ. նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար։ 1725թ. Ամստերդամում լույս է տեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» (“Il Cimento dell’Armonia e dell’Invenzione), որի մեջ ըդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» կոնցերտների շարքը։ Մեծ տարածում են ստանում Վիվալդիի կոնցերտները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (Կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «Magnificat», «Stabat Mater», «Dixit Dominus»։
1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է։ Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից։ Իր երկերի 9-րդ ժողովածուն՝ «Կիթար» (La Cetra)՝ ձոնում է Ավստրիայի կայսր Կառլոս VI-ին. 1728թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում կայսրին անձամբ հանդիպելու։ Կառլոս VI-ն այնքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում։ Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան։
Սակայն 1730-ական թթ. հանրային երաժշտական ճաշակի փոփոխության հետևանքով Վիվալդիի երաժշտությունն արագորեն դառնում է այլևս ոչ մոդայիկ և պահանջարկ չունեցող։ Այդ պատճառով 1730-ական թթ. վերջերին նա որոշում է նորից մեկնել Վիեննա՝ ցանկանալով հանդիպել իր օգոստոսափառ երկրպագու Կառլոս VI հետ և նրանից խնդրել արքունական երգահանի պաշտոն։ Սակայն երգահանի Վիեննա ժամանելուց քիչ անց Կառլոս VI-ը մահանում է։ Ճակատագրի այդ հարվածը թողնում է Վիվալդիին առանց հովանավորության և եկամտի աղբյուրի։ Վիվալդին մահանում է դրանից ոչ շատ ուշ՝ 1741թ. հուլիսի 27-ի լույս 28-ը։ Թաղված է Վիեննայում։
Վիվալդին 18 դ․ իտալական ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչն է։ Նրա երաժշտությունը դինամիկ է և էքսպրեսիվ, աչքի է ընկնում վառ կերպարներով և ցայտուն մեղեդիական զարգացումով․ նրանում հաստատվել է կատարողական նոր՝ դրամատիզացված (այսպես կոչված՝ լոմբարդական) եղանակը։
Վիվալդին ջութակի մենանվագ կոնցերտի ժանրի հիմնադիրն է, նպաստել է ջութակի վիրտուոզային տեխնիկայի զարգացմանը։ Նանսամբլային-նվագախմբային կոնցերտի՝ «կոնչերտո գրոսսո»-յի վարպետ էր։ Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկայումս հայտնի են դրանցից միայն 46-ի անունները, որոնցից միայն 20-ի երաժշտությունն է մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել։