ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ տեխնիկա գնել ապառիկ տարբերակով: Արդեն քանի օր է, ինչ հայտնվել եմ տհաճ իրավիճակում: Բոլոր բանկերն ինձ մերժում են՝ պատճառաբանելով, որ ես չունեմ վարկային պատմություն: Հիմա ուզում եմ իմանալ, թե ինչ կարող եմ անել: Եթե վարկային պատմություն չունեմ, ուրեմն չե՞մ կարող ապառիկ պայմաններով որեւէ բան գնել: Եւ ընդհանրապես, ի՞նչ ասել է վարկային պատմություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Վարկային պատմությունը ներառում է վարկառուի կողմից ստանձնած բոլոր վարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (վարկի տոկոսադրույքը, վարկի գումարի չափը, ուշացումների քանակը եւ այլն), որն էլ բանկերին եւ վարկային կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել հաճախորդի վարկարժանության վերաբերյալ:
Հարկ է նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրը տրամադրում է առեւտրային բանկերին իրենց հաճախորդների վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն եւ մասնակցություն չի ունենում առեւտրային բանկերի կողմից վարկեր տրամադրելու որոշումներ կայացնելու գործընթացին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հասկանալի է, որ դիմումատու քաղաքացու վարկային պատմությունը տվյալ բանկի վարկային բաժնի որոշման վրա զգալի ազդեցություն է թողնում: Այնուամենայնիվ, անվիճելի է նաեւ, որ ինչ-որ ժամանակ քաղաքացին պետք է առաջին անգամ վարկ վերցրած լինի, որպեսզի վերջինիս այսպես կոչված վարկային պատմությունը սկսի ձեւավորվել: