«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Հանքավան համայնքում երեկոյան երկու հոգի նռնակով ու դանակով մտել էին գյուղի բնակիչ Վարդուհի Չիչյանի տուն եւ գումար պահանջել: Հանցագործներին «դիմավորող» Վարդուհին տանը եղած 1 միլիոն 200 հազար դրամն իր ձեռքով տվել է դիմակավորված անձանց: Այսօր արդեն տիկին Վարդուհու որդիներից մեկն է կասկածվում կատարվածում: Հանքավան համայնքի բնակիչ Վարդուհի Չիչյանն ունի 4 որդի եւ մեկ դուստր: Տղաներից մեկն ապրում է Մասիս քաղաքում, երկրորդը Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ, ահա, մյուս երկու որդիները ապրում են Հանքավան գյուղում:
Պարզեցինք, որ Վարդուհի Չիչյանը Հանքավանի բազմաբնակարան շենքում ապրում է իր որդիներց մեկի հետ: Դեպքի օրը Վարդուհու ամուսինը, հարսը եւ որդին հրավիրված են եղել Արարատի մարզ՝ հարսանիքի, իսկ տանտիրուհին մնացել է տանը, իր թոռնիկների հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: