Օր օրի ԲՀԿ-ում դժգոհությունները մեծանում են. չեն համակերպվում, որ կինը կարող է առաջնորդել իրենց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները, որոնք միաբերան հայտարարում էին, թե որևէ հարցի չեն կարող պատասխանել, մինչև չկայանա մարտի 5-ին հրավիրված ԲՀԿ արտահերթ համագումարը: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները խորհրդարան ներկայացան մի քանի րոպեով, մասնակցեցին քվեարկությանն ու «գլուխները կախ»` արագ հեռացան:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ գրեթե ամեն օր ԲՀԿ-ականները հավաքվում են, զրուցում, միմյանցից խորհուրդ են հարցնում` փորձելով կողմնորոշվել, թե, ի վերջո, ինչպես վարվեն՝ մնա՞ն կուսակցության շարքերում, թե՞ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացնեն: Նախօրեին տեղի ունեցած ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը ևս շատ «թեժ» է անցել, քանի որ ԲՀԿ-ականները փորձել են պարզել, թե, ի վերջո, կուսակցության շարքերում ովքե՞ր են մնում, ու ի՞նչ քաղաքականություն է այսուհետ որդեգրելու «Բարգավաճ Հայաստանը»:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ հարցերը բարձրացնողների թվին է պատկանում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, որը եւս մտադրություն ունի հրաժարվելու ԲՀԿ խոսնակի պաշտոնից, ինչպես նաեւ՝ «խզել» կուսակցության հետ իր հարաբերությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այն մարդիկ, ովքեր մինչեւ այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում չեն ներկայացրել, սպասում են համագումարին՝ պարզելու համար, թե ինչ կհայտարարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Չնայած նրա հետ ԲՀԿ-ականների նախորդ հանդիպումներն այնքան էլ հուսադրող չեն եղել, Գ. Ծառուկյանը հորդորել է վարվել այնպես, ինչպես իրենք են կամենում:

«Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ օր օրի ԲՀԿ-ում դժգոհությունները մեծանում են նաեւ այն պատճառով, որ կուսակցության առաջնորդի դերում կարծես թե հաստատվում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: ԲՀԿ հատկապես ոչ քաղաքական հատվածը չի համակերպվում, որ կինը կարող է առաջնորդել իրենց, ու նույնիսկ խմբակցության նիստի ժամանակ նշվել է, որ շատերը կմնան ԲՀԿ-ում, եթե այսուհետ կուսակցությունն առաջնորդ չունենա, իսկ որոշումները կայացվեն կոլեգիալ՝ միասնական որոշմամբ: Սակայն որեւէ հարցի պատասխան այդպես էլ չի տրվել: ԲՀԿ-ականները որոշել են սպասել կուսակցության արտահերթ համագումարին, որից հետո իրենց քայլերը կհստակեցնեն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս