Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունն իրականացնում են “Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ Երևանում” ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-6-ը Երևանում դասախոսություններ կկարդան անվանի գիտնականներ՝ “Ֆիզիոլոգիա և բժշկություն” անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր, ասպետ Թիմ Հանթը և “Քիմիա” անվանակարգում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Չալֆին: Երկու գիտնականների գիտական գործունեությունն առնչվում է մարդկության չարիք դարձած քաղցկեղ հիվանդության առաջացման դրդապատճառներին:
Դասախոսությունները հիմնականում ուղղված են կենսաբժշկության, մոլեկուլային կենսաբանության և հարակից ոլորտներում ներգրավված երիտասարդ գիտնականներին և ուսանողներին:
Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունների կազմակերպման նպատակը ժամանակակից կենսաբժշկության և մոլեկուլային կենսաբանության նվաճումների ու խնդիրների ասպարեզում երիտասարդ գիտնականների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն է, նրանց հնարավորություն տալ շփվել աշխարհահռչակ գիտնականների հետ։ Բացի այդ, ծրագրի միջոցով միջազգային գիտական հանրությանը կներկայացվի ՀՀ գիտական ներուժը, և բարձրացվի վերջինիս մրցունակությունը։