Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ԵվրԱզԷՍ-ին անդամակցելու հարցը դեռեւս կմնա օդում կախված: Ըստ Նավասարդյանի՝ իշխանություններն այդ հարցին լուծում կտան ընտրություններից հետո:
-Պարո՛ն Նավասարդյան, այս օրերին Սիրիայում լարված իրավիճակ է, որից ելքը կարծես թե դեռեւս տեսանելի չէ: Ի վերջո, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է լինելու հանգուցալուծումը:
-Ես կարծում եմ, որ սա պատահական չի արված, սա ես համարում եմ հիմնականում ամերիկյան նպատակաուղղված քաղաքականության շղթայի հերթական օղակը: Եթե իրար հետեւից թվարկենք այս արաբական գարունը՝ Եգիպտոս, Լիբիա, ապա այժմ այդ ամենի դեմ կանգնած է Սիրիան: Բնականաբար, հարց է ծագում, թե ինչ կա սրա հետեւում. այս պահին ես առաջնային եմ համարում բիոտնտեսական քաղաքականությունը՝ առաջին հերթին դա նավթի խնդիրն է: Ամերիկան իր առջեւ նպատակ է դրել հնարավորինս շատ նավթային երկրների ձեռք գցել՝ իր ազդեցության տակ առնելու համար: Այդ քաղաքականությունը վարվում է ոչ միայն Ամերիկայի, այլեւ մի շարք այլ երկրների կողմից. Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրաթներ եւ այլն: 20 միլիարդ դոլար է տրված Սիրիայի իշխանափոխության հարցը լուծելու համար, այստեղ հանդես է գալիս նաեւ Ռուսաստանի շահը: Այսօր Ամերիկան ամեն ինչ անում է ավելի շատ նավթ ձեռք բերելու համար, որպեսզի միջազգային շուկայում գինը գցի: Իսկ եթե գները կտրուկ կերպով ընկան, կլինի այն, ինչ եղավ խորհրդային տարիների փլուզման նախօրյակին. սա կրկին ուղղված է Ռուսաստանի դեմ:
-Նման իրավիճակներում մենք անմիջապես մտածում ենք, թե այդ ամենն ինչպես կանդրադառնա Ղարաբաղի հարցի վրա: Հնարավո՞ր է, որ Ձեր նշած քաղաքականության իրագործումն ինչ-որ կերպ ազդի նաեւ ԼՂՀ հարցի կարգավորման վրա:
-Ես չեմ կարծում, քանի որ Ղարաբաղն ինչ-որ չափով… ռուս վերլուծաբանները մի բան ունեն, որ եթե Իրանի պատերազմը սկսվի, եւ Ռուսաստանն ակտիվորեն միջամտի, կարող է այդ ժամանակ Ադրբեջանն օգտվի առիթից եւ հարձակվի Ղարաբաղի վրա, բայց ես չեմ կարծում, որ դա կարող է լինել: Եթե նման բան լինի, ապա այնպիսի ջրաբաժան կգնա, որ Ռուսաստանը, ելնելով իր մի շարք պարտավորություններից, անպայման պետք է միջամտի եւ Ադրբեջանի դեմ դուրս գա: Նույն Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն ուզում՝ իրանական պատերազմ լինի: Այստեղ կա շատ կայուն իրավական բազա, դրա համար պատահական չէ, որ ամերիկացիները մինչեւ այսօր խուսափում են ինչ-որ կոնկրետ բանից:
-Վերջին շրջանում լուրջ քննարկման առարկա դարձավ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի՝ Հայաստանում արած այն հայտարարությունը, թե հնարավոր է՝ արդեն աշնանը Հայաստանը միանա Եվրասիական նախագծի շրջանակներում ազատ տնտեսական գոտու համաձայնագրով իրականացվելիք համագործակցությանը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը:
-Սա շատ բարդ խնդիր է, Հայաստանի համար շեքսպիրյան չարչրկված հարցն է՝ լինել, թե չլինել, մտնել, թե չմտնել: Իմ կարծիքը հետեւյալն է. ընդհանրապես ինտեգրացիան որպես այդպիսին լավ երեւույթ է այսօրվա քաղաքական իրադրությունում: Այն կարծիքը, որ երկիրը կարող է առանձին զարգանալ, դա բլեֆ է, իհարկե. ինտեգրացիա չեղավ, ոչինչ չի լինելու: Նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ԵվրԱզԷՍ-ը, ինչ պլյուսներ ու մինուսներ ունի: Հայաստանի վիճակը մի քիչ բարդ է, որովհետեւ մենք ե՛ւ Եվրոպա ենք ուզում, ե՛ւ այլ բան ենք ուզում, ժողովուրդն ավելի արեւմուտքի կողմն է:
-Անհասկանալի է նաեւ ՀՀ վարչապետի եւ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, քանի որ նրանք եւս մե՛կ ռուսամետ են, մե՛կ արեւմտամետ:
-Դա եւս մեկ անգամ նշանակում է, որ մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունն այլ կողմի վրա են: Այդպես չի կարելի, պետք է ունենալ մեկ ընդհանուր գիծ: Անկեղծ ասած, չլինելով պրոիշխանական՝ ես բավական համակրանքով եմ նայում այն մանյովրներին, որը կարողանում է Սերժ Սարգսյանն անել Մոսկվայի եւ արեւմուտքի միջեւ: Այնուամենայնիվ, ես չեմ նախանձում այն մարդուն, որը նման որոշումներ պետք է կայացնի եւ դրա տակից դուրս գա: Ես կարծում եմ, որ այս իրավիճակը կձգվի մինչեւ ընտրությունները:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ