4 մարտ, 2015թ, Երևան. Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:
Մարտ ամսվա ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում: Մարզային ցուցադրությունները կմեկնարկեն մարտի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցում «Բելը» ֆիլմով: Հաջորդ օրերին կցուցադրվեն «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը: Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։
«Մենք չափազանց կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն ֆիլմերի հետ, որը էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը, իսկ Beeline–ը կօգնի երիտասադներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Յուրաքանչյուր տարի փառատոնային ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում: Ամեն տարի ընտրվում են տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի փառատոնը հասանելի լինի ողջ հանրապետությունում: Այս անգամ ևս ֆիլմերը կցուցադրվեն տարբեր քաղաքներում` հասանելի դառնալով հնարավորինս մեծ թվով մարդկանց», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Դիլիջանից հետո փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Վեդի և Խարբերդ քաղաքներում մարտի 16-ից 18-ը: Այնուհետև ֆիլմերը կցուցադրվեն Արմավիր քաղաքում մարտի 20-ից 22-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 14-ին և նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել էին «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։ Երևանյան ցուցադրություններին մասնակցել են ավելի քան 6.000 հանդիսատես:
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը: