ԿԸՀ-ն առաջարկում է վերացնել անձնագրի դրոշմակնքումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգիրքն էական առաջընթաց արձանագրեց ընտրական իրավահարաբերությունների կարգավորման բնագավառում, այնուամենայնիվ ընտրական օրենսգրքի պրակտիկ կիրարկումը ցույց տվեց, որ ընտրական գործընթացը կարգավորող առանձին նորմեր և ինստիտուտներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն։ Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողով ներկայացված և աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ” հաղորդագրության մեջ: 
“Փաստինֆո” լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԸՀ-ն, մասնավորապես, առաջարկում է վերացնել վերջին ընտրություններում առաջին անգամ կիրառված և բավականին դժգոհությունների առիթ տված` ընտրության մասնակցի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման օրենսդրական պահանջը: Ըստ ԸՕ-ի, “անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո՝ անհետանում”։ ԿԸՀ-ն արձանագրում է, որ դրոշմակնքման համար նախատեսված նյութն իրենից ըստ էության ներկայացնում է քիմիական խառը բաղադրությամբ լուծույթ, որը պետք է օժտված լինի ԸՕ-ով սահմանված խիստ յուրօրինակ այս հատկությամբ: 
Հանձնաժողովն ընդգծում է, որ նման հատկություններով նյութ որևէ երկրում չի օգտագործվել, նաև` որևէ կազմակերպության կողմից նախկինում պատրաստված և օգտագործված չի եղել։ “Նյութի կիրառման ընթացքում պարզվեց, որ նշված նյութը, որը բազմաթիվ անգամներ փորձարկվել էր, այդուհանդերձ քվեարկության օրն առաջացրեց որոշակի խնդիրներ, եղան դեպքեր նույն նյութի 12 ժամից ավելի շուտ և ավելի ուշ գունազրկվելու դեպքեր”,-ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ԿԸՀ-ն սխալ է համարում ԸՕ-ում նյութի վերաբերյալ “անհետացումը” բառի օգտագործումը` հաշվի առնելով, որ որևէ նյութ չի կարող անհետանալ, այլ ավելի տեղին է “գունաթափումը” կամ “գունազրկումը”։ “Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բազմաթիվ են իրավիճակները, քիմիական ռեակցիայի վրա ազդող հանգամանքները (մթնոլորտային տարբեր պայմաններ, դրոշմակնքված անձնագրի պահպանման պայմաններ), ապա տեսականորեն անգամ, ինչպես նշում են մասնագետները, անհնար է ստանալ միասնական նյութ, որը գունաթափման նույնական պայմաններ կապահովի բոլոր իրավիճակների ու հանգամանքների համար”,-նշել է է ԿԸՀ-ն:
Հանձնաժողովը գտնում է նաև, որ օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն ունեն թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ բացելու, ինչպես նաև հիմնադրամները սպասարկող ժամանակավոր հատուկ հաշվեհամարների վրա կալանք դնելու կամ չդնելու հարցերը:
ԿԸՀ-ն առաջարկում է, որպես ընտրակաշառքի դեմ պայքարի արդյունավետ միջոց, ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողներին ազատել քրեական պատասխանատվությունից։ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու համար։
Առաջարկվում է նաև մանրամասն ուսումնասիրել դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված եզրակացություններում առկա առաջարկությունները, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի մայիսի 6-ի պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով կայացված որոշումներում ներկայացված իրավական դիրքորոշումները և ըստ անհրաժեշտության կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ։




Լրահոս