Սպանվել է Օշականցի Գևորիկի ոխերիմ թշնամի Երրորդմասցի Լյովիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկն է:

Նշենք, որ սույն քրեական հեղինակությունն առավել հայտնի է Օշականցի Գևորիկի հետ ունեցած տարաձայնություններից:

Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ի տեղեկությունը ո´չ հերքեցին, ո´չ էլ հաստատեցին: Նշեցին միայն, որ հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ անցած տարի բազում անդրադարձներ եղան «գողական աշխարհի» անցուդարձին: Գրվեց, թե կրիմինալ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելքոնյանը, մարտի վերջին ծեծի է ենթարկվել: Տեղի ունեցածի շրջանակներում շոշափվեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի անունը: Սակայն թե´ Աբրահամյանի որդին, թե´ Օշականցի Գևորիկի ընտանիքը հերքեցին տեղի ունեցածը: Մինչդեռ միջադեպ, այնուամենայնիվ, տեղի էր ունեցել, և կատարվածն իր աննախադեպ բնույթով բավականին լուրջ խմորումներ է առաջացրել Հայաստանի կրիմինալ շրջանակներում: Միջադեպի առանցքում նշվել է միայն Օշականցի Գևորիկի անունը, մինչդեռ գործողների մեջ են եղել կրիմինալ աշխարհում հեղինակություն համարվող երկու անձնավորություններ՝ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդ մասցի Լյովիկը:

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ մեր տեղեկություններով, ինչ-որ մեկը հեռախոսազրույց է ունեցել Օշականցի Գևորիկի հետ, որի ժամանակ Օշականցին հայհոյել է իր հետ խոսողին: Սա էլ նույն հայհոյանքով հակադարձել է Օշականցուն՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել է քրեական հեղինակություններին՝ Քանաքեռցի Տույին և Երրորդմասցի Լյովիկին՝ նրանց խնդրելով լուծել իր խնդիրը Օշականցու հետ՝ վերջինիս տեղյակ պահելով, որ ինքը հայհոյել է՝ առանց ճանաչելու, թե ով է հեռախոսով զրուցել իր հետ: Քրեական երկու հեղինակությունների և հեռախոսազրույցի բռնված անձի ու «օրենքով գողի» հանդիպումը կայանում է 3-րդ մասում: Հանդիպման շրջանակներում տրված բացատրություններից հետո Օշականցի Գևորիկը, չնայած այն բանին, որ քրեական հեղինակությունները միջնորդել են իրեն հայհոյած քաղաքացուն ներել, այնուամենայնիվ, պահանջում է Տույից և Լյովիկից պատժել՝ «նակազատ անել» իրեն հայհոյած անձին:

Այդ ժամանակ ի պատասխան՝ Լյովիկն ասում է, թե իրենց դիմած անձը ոչ թե իրենց «ախրանիկն» է, որին կարող են «նակազատ անել», այլ իրենց հարազատ մարդկանցից է: Խոսակցությունը թեժանում է, որի ժամանակ Օշականցի Գևորիկը, դուրս գալով ափերից, ապտակում է «բազառին» ներկա, իրեն հայհոյած անձնավորությանը: Արդյունքում ծեծկռտուք է սկսվում, և Տույի ու Լյովիկի կողմնակիցները՝ նրանց գլխավորությամբ, ծեծի են ենթարկում Օշականցու ողջ «անձնակազմին»՝ չխնայելով նաև վերջինիս: Կրիմինալ աշխարհում «գողին» ծեծելը համարվում է ծանրագույն հանցանք, և հիմա խնդիրն այն է, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները այս պատմության շրջանակներում: Օշականցին «օրենքով գող» է, սակայն իրենց ազդեցությամբ նրան չեն զիջում նաև մյուս երկուսը:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ «գողական օրենքի» համաձայն` Գևորիկի և Լյովիկի ծեծի պատմությունն առանց արյունահեղությունների կավարտվեր միայն այն ժամանակ, երբ Օշականցի Գևորիկը հրապարակային ապտակեր Երրորդմասցի Լյովիկին և կպաշտպանի իր` «գողի» տիտղոսը:

Ավելի ուշ՝ հունիսի 4-ին, «Երևանի Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանում հավաքվել են մի քանի  «օրենքով գողեր»՝ Զապը, նրա եղբորորդին, Լենինականցի Սուրոն, Օշականցի Գևորիկը և նրա եղբորորդին, Լյովիկը, Տույը: Հանդիպումը եղել է գիշերով, նույնիսկ շատ հեղինակություններ ու «օրենքով գողեր» տեղյակ չեն եղել այդ հանդիպումից: Ու որոշվել է, որ պետք է վերջ դրվի այս պատմությանը: Հանդիպման կայացմանը մեծապես նպաստել է մաֆիան՝ կառավարական մակարդակով:

Այսպիսով՝ ստացվում է, որ «գողական աշխարհում» ներում-բեկում չի կարող լինել:




Լրահոս