Վաղը կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից: Կուսակցությունը ղեկավարի պաշտոնը կստանձնի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաև ավելացրեց, որ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը կլքի կուսակցությունը:
Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանն ինքն է կարծում, որ այս փուլում պետք է մի կողմ կանգնի, որպեսզի ցնցումային իրավիճակներ չառաջանան: Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԲՀԿ-ում Ծառուկյանը, նա պատասխանեց, որ կմնա կուսակցության անդամ:
«Վարդան Օսկանյանն այն գործիչը չէ, ով պահի տակ որոշումներ կարող է ընդունել: Վարդան Օսկանյանը երևի հասկացավ կամ հասկանում է, որ այն նպատակները, այն մեխանիզմները, որոնք ինքը ենթադրում էր, որ քաղաքականության մեջ կարող է լինել, այս փուլում ինչ-որ ճանապարհ պետք է անցնի, իր պատկերացրած միջավայրը չկա», – նշեց նա: