ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ ԻՐ ՍՈՒՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը հրատապ կարգով խորհրդարան է ուղարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը գործադիրն անհետաձգելի է ճանաչել, այսինքն՝ այն պետք է քննարկվի արտահերթ: Սակայն խորհրդարանական մեծամասնությունը չհասցրեց այդ օրինագիծն այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի ընթացքում քննարկել: Երեկ ՀՀ Կառավարությունը արտահերթ նիստ հրավիրեց եւ որոշեց մարտի 3-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել: Այդ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են վեց օրենսդրական փաթեթներ եւ մեկ միջազգային փաստաթղթի վավերացում: Բնականաբար «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը եւս ընդգրկված է երեքշաբթի կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ գործարարների շրջանում աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ անցած տարի Կառավարությունը փորձեց կիրառության մեջ դնել այն դրույթները, ըստ որոնց, այդ հարկատեսակով հարկվող ընկերությունները պարտավոր էին իրենց ողջ շրջանառությունը փաստաթղթավորել, հակառակ դեպքում նրանք սկզբում կտուգանվեին, այնուհետեւ կտեղափոխվեին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտ: Շրջանառության հարկը կիրառելի է այն ընկերությունների նկատմամբ, որոնց շրջանառությունը նախորդ հարկային տարում չի գերազանցել 58,35 միլիոն դրամը: Առեւտրի նկատմամբ շրջանառության հարկը սահմանվել էր 1 տոկոս, իսկ արտադրության նկատմամբ 3,5 տոկոս: Ի դեպ, առեւտրի դեպքում շրջանառության հարկի 1 տոկոսը ներդրվեց շրջանառության պարտադիր փաստաթղթավորման պահանջի հետ միասին, մինչ այդ նշված հարկը 3,5 տոկոս էր:
Սակայն, ինչպես հայտնի է, փոքր եւ միջին ձեռներեցներն այս փոփոխության դեմ բողոքի ալիք բարձրացրին, քանի որ նրանք պնդում են, որ իրենց չի հաջողվի իրենց ողջ գործունեությունը փաստաթղթավորել, այն պարզ պատճառով, որ խոշոր ներկրողները փասատաթուղթ չեն տրամադրում: Իսկ խոշոր ներկրողների սեփականատերերն, ինչպես հայտնի է, օրենքի նախագծի հեղինակներն ու ստվերային տնտեսության դեմ ի պաշտոնե պայքարող պաշտոնյաներն են: Թերեւս դա էր պատճառը, որ Կառավարության պնդումը, թե պարտադիր փաստաթղթավորումը խոշորներին ստվերից հանելու նպատակ ունի, ոչ ոք լուրջ չընդունեց, քանի որ պարզից էլ պարզ է, որ Կառավարության անդամ եւ պատգամավոր օլիգարխներն իրենք իրենց դեմ չէին պայքարելու:
Ինչեւէ, ձեռներեցների դժգոհությունների արդյունքում «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված վերը նշված փոփոխության կիրառումը երկու անգամ հետաձգվեց: Այս անգամ Կառավարությունը կարծես թե փորձում է խնդրին այնպիսի լուծում տալ, որ թեման միառժամանակ օրակարգից հանվի: Խորհրդարան ներկայացրած նախագծով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքից հանել այն դրույթները, ըստ որոնց, շրջանառությունն ամբողջությամբ փաստաթղթավորելը պարտադիր է: Միաժամանակ առեւտրի դեպքում շրջանառության հարկը կսահմանվի ոչ թե 1 տոկոս, այլ 5 տոկոս: Առաջարկվում է փոխել նաեւ շրջանառության հարկի շեմը՝ 58,35 միլիոն դրամից այն դարձնելով 113,4 միլիոն: Այսպիսով՝ Կառավարությունը նախ խոստովանում է, որ նախորդ տարբերակի իրական նպատակը փոքր եւ միջին ձեռներեցների հարկային բեռը ավելացնելն էր, քանի որ նրանք չէին կարողանա իրենց ողջ շրջանառությունը փաստաթղթավորել եւ կտեղափոխվեին ԱԱՀ դաշտ:
Այժմ արդեն, երբ Կառավարությունը համոզվել է, որ նման «ժուլիկությամբ»` մարդկանց սննկացումը որպես լավություն ներկայացնելով, հնարավոր չէ խնդիրը լուծել, որոշել են ուղղակի շրջանառության հարկի տոկոսը բարձրացնելով՝ փոքր եւ միջին ձեռներեցներից հավելյալ հարկեր գանձել: Այլ կերպ ասած՝ այս նախագծով Կառավարությունը խոստովանեց, որ նախորդ կարգը արդարացնելու համար մինչ այս ներկայացված բոլոր հիմնավորումները սուտ են եղել, իրականում իրենց նպատակը փոքր եւ միջին ձեռներեցներից լրացուցիչ հարկեր գանձելն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին մեկ շաբաթում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամուն` ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության մոտ հարյուր աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ «Կենտրոնի» տնօրինությունն իր որոշումը կրճատվող աշխատակիցներին ներկայացնում է իբրեւ ֆինանսական ծանր վիճակով պայմանավորված պարտադրված քայլ: Այս լուրերի պարզաբանման նպատակով «Ժողովուրդը» դիմեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, «Կենտրոնի» լրատվական ծառայության ղեկավար Իվետա Տոնոյանին, որն ասաց. «Ձեր նշած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իրականում կադրային փոփոխություններ եղել են ինչպես «Կենտրոն» հեռուստատեսության ամբողջ անձնակազմում, այնպես էլ «Էպիկենտրոն» լրատվական ծառայության աշխատակազմում: Բայց այդտեղ որեւէ արտառոց կամ տարօրինակ բան չկա, որովհետեւ եթե ուշադիր եք եթերին, օրեր շարունակ նաեւ եթերում հայտարարություն է տարածվել, որ «Էպիկենտրոն» լրատվական ծառայությանը լրագրողներ են անհրաժեշտ: Այսինքն՝ ժամանակ առ ժամանակ աշխատակազմը համալրվում է նոր մասնագետներով, հներին գալիս են փոխարինելու նորերը: Նորից եմ կրկնում՝ որեւէ տարօրինակ կամ արտառոց բան չկա, ու որեւէ ֆինանսական խնդրի մասին տեղեկատվությունը եւս իրական չէ: Դա հեռուստաընկերության զարգացման գործընթացի մի մասն է, եւ ոչ ավելին»: Նա նաեւ ասաց, որ ինքը շարունակելու է ղեկավարել «էպիկենտրոն» լրատվական ծառայությունը: Իսկ այն հարցին, թե շարունակելու է լինել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը, Ի. Տոնոյանը պատասխանեց. «Ես այս պահին պարոն Ծառուկյանի մամուլի խոսնակն եմ, իսկ հետագա անելիքներիս մասին, եթե որեւէ փոփոխություն լինի, ապա անպայման կտեղեկացնեմ իմ գործընկեր լրատվամիջոցներին»:

 

ՉՎՃԱՐԵԼՈՒ ԿՈՉ
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քաղաքացիներին անհնազանդության կոչ է արել: Մասնավորապես, նա կոչ է արել չվճարել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները: «Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին»,- նշված է նրա կոչում:

 

ՀՀ ՊԱՐՏՔԸ ՆՎԱԶԵԼ Է
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 357 միլիոն 889 հազար դոլար: Վերջին մեկ ամսում այդ ցուցանիշը նվազել է 83 միլիոն 635 հազար դոլարով: Նշված պարտքից 3 միլիարդ 687 միլիոն 837 հազար դոլարը արտաքին պարտքն է:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ ՌՈՍՏՈՎՈՒՄ ԿԴԱՏԵ՞Ն
Վալերի Պերմյակովի հանդեպ հարուցված քրեական գործը կարող է քննվել Հյուսիսկովկասյան շրջանային դատարանում, որը տեղակայված է Դոնի Ռոստովում։ 161.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը։ «Այս պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն է անցնում։ Դեռ վերջնականապես որոշված չէ, թե որ զինվորական դատարանում է քննվելու գործը՝ Երեւանում, թե Դոնի Ռոստովում, սակայն գործի իրավասությունը պատկանում է Հյուսիսկովկասյան զինվորական շրջանային դատարանին»,- ասել է Պտիցինը:

 

52 ՀՈԳԻ ԿՊԱՏԺՎԻ
Բայկալում տարբեր ատյանների 52 աշխատակիցների պատասխանատվության կենթարկեն Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչելու պատճառով։ Այդ մասին ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի շուրջ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելեւը: Նրա խոսքով՝ Չիտայում արդեն 3 քրեական գործ է հարուցվել 321-րդ ռազմական հոսպիտալի բժիշկների դեմ, որոնք Վալերի Պերմյակովի մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել եւ պիտանի են ճանաչել ծառայության համար։

 

ԿԱԶՄԸ ՓՈԽՎԵՑ
Սերժ Սարգսյանի կարգադրությամբ փոփոխություն է կատարվել ՀՀ հանրային խորհրդի կազմում: Մասնավորապես, այլեւս խորհրդի կազմում չեն Էմիլ Գաբրիելյանը, Խոսրով Հարությունյանն ու Վլադիմիր Մովսիսյանը:

 

ԴՐԱՄԸ ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով` ԱՄՆ դոլարի փոխարժեքը փետրվարի 27-ին կազմել է 478.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,35 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.12 դրամ (նվազել է 7.87 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը` 736.96 դրամ (նվազել է 7.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.84 դրամ (նվազել է 0.16 դրամով):

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Փետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոմիության անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքականության նոր իրողություններին, հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին, ինչպես նաեւ՝ ԲՀԿ-ի հետ կապված վերջին զարգացումներին:

 

43-ՐԴ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵՑ
ԱՄՆ Հարավային Դակոտայի նահանգի Ներկայացուցիչների պալատը երեկ ձայների 51 կողմ եւ 17 դեմ հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել: Բանաձեւը «արդար վճիռ» կայացնելու կոչ է անում, դատապարտում է Հայոց ցեղասպանության ժխտումը եւ հորդորում, որպեսզի հայերի ցեղասպանության մասին դասավանդվի Հարավային Դակոտայի դպրոցներում: Փաստաթղթում նաեւ հիշատակվում է ասորիների եւ հույների ցեղասպանությունը: Այսպիսով` Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասավ 43-ի:




Լրահոս