Եթե ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները չփոխեն առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գիշերն իր տուն մտած զինվորականին սպանած 29-ամյա Աշոտը ստիպված կլինի 11 տարի անցկացնել բանտում: Եւ դա այն բանի համար, որ երեւի բախտը չի բերել կյանքի ընկեր ընտրելիս ու պարզապես պաշտպանել է իր եւ իր ընտանիքի պատիվը:
Աշոտի կինը` Կարմենը (անունը փոխված է), հարցաքննության ժամանակ այսպես է նկարագրել իրադարձությունների ընթացքը: 2004թ. ամուսնացել է Աբովյանի բնակիչ Աշոտի հետ, ունեցել են երկու դուստր: Հետագայում տեղափոխվել են Կարմենի տատիկի տուն՝ Աշտարակ: Սկզբում ամուսնու հետ հարաբերությունները եղել են նորմալ, սակայն նրա խանդոտ լինելու պատճառով հաճախակի են ընտանեկան վեճեր եղել: Գործի բերումով Աշոտը հիմնականում գտնվել է Աբովյանում, տուն վերադարձել ուշ ժամերի, երբեմն էլ մնացել Աբովյանում: Եւ ահա մեկ տարի առաջ՝ 2011թ. հունիս-հուլիս ամիսներին, Կարմենն իր հեռախոսահամարին անծանոթ տղամարդուց հեռախոսազանգ է ստացել, որը ներկայացել է Ֆելո անունով, սակայն հետագայում պարզվել է, որ նրա իրական անունն Արթուր է, եւ նա զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է: Կարմենը սկսել է նրա հետ հարաբերությունները խորացնել, քանի որ այդ ընթացքում իր եւ ամուսնու հարաբերությունները լարված են եղել: Կարմենն իր եւ Ֆելոյի միջեւ առկա կապն ամուսնուց գաղտնի է պահել` շատ լավ հասկանալով դրա հնարավոր հետեւանքների մասին: Սակայն դա նրան հետ չի պահել անխոհեմ քայլից. 2011թ. օգոստոսյան մի օր, երբ տեղեկացել է, որ ամուսինը տուն չի գալու, Ֆելոյին հրավիրել է իր տուն: Վերջինս եկել է, ծանոթացել են, 2 ժամ տանը զրուցել: Իմացել է նաեւ, որ Ֆելոն զինծառայող է: Դրանից հետո նրանց կապը շարունակվել է:
2011թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կարմենին զանգահարել է ամուսինը, հայտնել, որ աշխատանքի բերումով մեկնում է Գորիս եւ տուն չի վերադառնալու: Հետո, երբ Ֆելոն է զանգահարել Կարմենին, վերջինս նրան հայտնել է ամուսնու բացակայության մասին եւ հրավիրել տուն: Մինչ Ֆելոյի գալը, Կարմենը երեխաներին քնեցրել է: Կեսգիշերին Ֆելոն եկել է տուն, եւ սկսել են զրուցել: Այդ ընթացքում զանգահարել է ամուսինը եւ հայտնել, որ վերադառնում է տուն եւ արդեն բակում է: Սակայն երբ կինը մուտքի դուռը բացել է, դռան դիմաց հանդիպել է Աշոտին` ատրճանակը ձեռքին: Նա, ատրճանակից կրակելով իրենց ուղղությամբ, ներս է մտել, հետեւից բանալիով փակել մուտքի դուռը եւ շարունակելով կրակել նրանց վրա` հայտնել, որ երկուսին էլ սպանելու է: Կարմենը, իր պատմելով, փորձել է խլել ատրճանակը, սակայն Աշոտն իրեն ծեծել է, ատրճանակի բռնակով հարվածել իր գլխին, որից հետո սկսել է տան մեջ հետապնդել Ֆելոյին, նրան հարվածել եւ գոռալ, որ միեւնույն է` սպանելու է:
Բարձրացած աղմուկից մուտքի դռան մոտ հավաքվել են հարեւանները եւ պահանջել դուռը բացել, սակայն Աշոտը հրաժարվել է, միայն Կարմենի մորաքրոջ որդուն` Ռոբերտին է ներս թողել: Վերջինս, տեսնելով ստեղծված իրավիճակը, փորձել է հանգստացնել Աշոտին: Այդ ընթացքում Ֆելոն Աշոտին առաջարկել է իջնել բակ, որից հետո արյունոտված լինելու պատճառով լվացվելու համար մտել է լոգարան: Սակայն Աշոտը կրկին բորբոքվել է, երբ Ֆելոն լոգարան գնալու ճանապարհին ասել է. “Դու էս արյան համար պատասխան ես տալու”: Աշոտը, դանակը ձեռքին, վազել է լոգարան: Կարմենն ու Ռոբերտը, նրա հետեւից շտապելով այնտեղ, տեսել են, որ Աշոտը դանակով հարվածում է Ֆելոյին` ասելով. “Դե մեռի՛, դե մեռի՛”: Կարմենն ու Ռոբերտը երեխաներին վերցրել եւ փախել են բնակարանի փակ պատշգամբ: Րոպեներ անց Աշոտը լոգարանից դուրս է եկել, անցել միջանցք եւ դանակը ձեռքին պահած՝ գոռացել` “Մարդ եմ սպանել, ոստիկանություն կանչե՛ք…”:
Աշոտն իր ցուցմունքներում պատմել է, որ 2011-ի կեսերին զգացել է, որ կինն անտարբեր է իր նկատմամբ եւ ամեն չնչին առիթով վիճում է իր հետ: Սկսել է կասկածել, որ կինն ինտիմ կապերի մեջ է այլ տղամարդու հետ: Եւ դավաճանության փաստը ստուգելու համար դեպքի օրը՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, հեռախոսով հայտնել է կնոջը, որ տանը չի գիշերելու: Այնուհետեւ գնացել է Աբովյանում գտնվող իր հայրական տուն, նկուղից վերցրել օդամղիչ ատրճանակը, ծալովի դանակ եւ վերադարձել Աշտարակ: Գնացել է իրենց շենքի մոտ գտնվող եկեղեցու բակ, ժամը 21:00-ից այնտեղից հետեւել իր տան շարժին: Նկատել է, որ հյուրասենյակի լույսերը անջատվել են, եւ հասկանալով, որ կինը երեխաներին քնեցրել է, զանգահարել է նրան, հետաքրքրվել, թե ինչով է զբաղված: Կարմենը պատասխանել է, որ երեխաներին քնեցրել է եւ ինքն էլ պատրաստվում է քնել: Դրանից հետո Աշոտն աննկատ մտել է շենքի իրենց մուտքը, բարձրացել հինգերորդ հարկ եւ այնտեղից հետեւել չորրորդ հարկում գտնվող իր բնակարանի շարժին: Կես ժամ անց նկատել է, որ ինչ-որ երիտասարդ մտնում է իր բնակարան:
Այդ ժամանակ Աշոտն իջել է երրորդ հարկ, զանգահարել կնոջը, հարցրել, թե ինչով է զբաղված: Կինը պատասխանել է` քնած եմ: Աշոտը հայտնել է, որ հասնում է տուն, ապա արագ մոտեցել է իր բնակարանի դռանը, ականջ դրել եւ լսել, որ կինը տանը գտնվող տղամարդուն հայտնում է իր վերադարձի մասին եւ հորդորում արագ հեռանալ: Նույն պահին մոտը եղած ատրճանակն ուղղել է բնակարանի մուտքի դռանը, եւ երբ այն բացվել է, տեսել է, որ կինը դուրս է ուղեկցում զինվորական համազգեստով մի երիտասարդի: Ատրճանակից կրակելով նրանց ոտքերի տակ՝ պահանջել է ներս մտնել, եւ ինքն էլ է մտել տուն…
Զինվորականին սպանելուց հետո դանակով ցանկացել է հարվածել նաեւ միջանցքում կանգնած կնոջը, սակայն տեսնելով, որ երեխաները լացելով գրկել են մորը, հրաժարվել է իր մտադրությունից: Աշոտը մասնակի է ընդունել սպանության մեղադրանքը` ասելով, որ Արթուրին (Ֆելոյին) սպանելու նպատակ չի ունեցել, այլ ցանկացել է պատժել նրան, վրեժ լուծել դավաճանության համար: Համոզվելով, որ կինն իրեն դավաճանում է, չի կարողացել իր գործողությունները ղեկավարել եւ վնասվածքներ է հասցրել կնոջն ու Արթուրին: Դատարանը, հաշվի առնելով, որ Աշոտը նախկինում դատված չի եղել, խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան երկու երեխա, հանցագործության կատարումը պայմանավորված է տուժողի հակաբարոյական վարքագծով, նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Այժմ Աշոտի պաշտպանը վերաքննիչից խնդրում է բեկանել դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ, իսկ մերժելու դեպքում նշանակել նվազագույնից ցածր պատիժ:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ