Այն, որ «գողական աշխարհում» ներում-բեկում չկա, ժամեր առաջ վերջնականապես ապացուցվեց: Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ հարակից տարածքում տեղի ունեցած «դեբոշի» հետևանքով սպանվեցին հայտնի քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), նրա համախոհ Դրոն (Դրաստամատ Թադևոսյան), և դեռևս անհայտ ոմն Մեսրոպ Նազարյանցը, ում, շրջանառվող լուրերի համաձայն, անվանում են Մանումենտցի Մոսո:
Ինչպես է դեպքը տեղի ունեցել՝ ըստ նախնական տեղեկությունների
Համացանցը ողողած տեղեկությունների համաձայն՝ դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում կանգնած անձի վրա ու փախուստի դիմել: Ապա դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս եկած մարդիկ:
Առաջին վարկածը, որը կարող է արժանանալ քննարկման, թերևս, այն է, որ փոխհրաձգության մասնակիցները նախապես չեն պայմանավորվել նշված վայրում այդ ժամին հանդիպել: Այս վարկածը կարող ենք հաստատել այն փաստով, որ կողմերից մեկի մասնակիցները դիմակավորված են եղել:
Երկրորդ վարկածի համաձայն՝ կողմերից մեկը (պայմանականորեն առաջին անվանենք՝ նկատի ունենալով նախնական կրակոցների հեղինակին) շատ լավ պատրաստված է ժամանել դեպքի վայր հանդիսացող «Նուբարաշեն» ՔԿՀ: Սա բացատրվում է տեղում հայտնաբերված զենք-զինամթերքի քանակից ու տեսակից: Ստացվում է, որ բերված հրազենը, մասնավորապես` ինքնաձիգը, նպատակ է ունեցել նաև շատ արագ «գործն» ավարտին հասցնել: Այսինքն՝ տվյալ տեսակի հրազենից կրակոցներ արձակելու ընթացքում թիրախը չէր կարող հասցնել ձեռք բերել իր մոտ եղած զենքը՝ հակահարված տալու համար: Նշված հանգամանքից ելնելով՝ կարելի է ենթադրել նաև, որ առաջին կողմը քաջ գիտակցել է, որ իր «զոհը» ևս զինված է:
Իսկ երրորդ և ամենակարևոր վարկածն այն է, որ առաջին կողմը գերազանց տեղեկացված է եղել թիրախի անցուդարձի մասին: Իսկ թե ով կարող էր նման ճշգրտությամբ տեղեկացնել, ցույց կտա քննության ընթացքը:
Տեղեկացնենք, որ փոխհրաձգության վայրում հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ, նախնական տեղեկություններով` ավելի քան 2 տասնյակ: Հանցագործները դեպքի վայրում են թողել ինքնաձիգ, ատրճանակներ, փամփշտակալներ:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ առաջինը դեպքի վայր է ժամանել Երորրդմասցի Լյովիկը՝ իր մտերիմ մարդկանց հետ: Կալանավայրում քրեական հեղինակությունը պետք է հանդիպեր այնտեղ պատիժ կրող ինչ-որ մեկին: Սրանից կարող ենք ենթադրել, որ թիրախ կողմը Երրորդմասցի Լյովիկն էր:
Այս ընթացքում, սպասվածի համաձայն, ստեղծվածի պատասխանատու կողմ պարբերաբար շեշտվում է «օրենքով գող» Օշականցի Գևորիկի անունը:
Պատճառը վերջինիս և սպանված հեղինակության միջև մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած ընդհարումն էր, որը, իբր, լուծվել էր: Լուծումն էլ եղել էր այն, որ Երրորդմասցի Լյովիկը, ի պատասխան, ապտակ էր ստացել Օշականցի Գևորիկից (սրանից որոշ ժամանակ առաջ Երրորդմասցի Լյովիկն էր ապտակել Օշականցի Գևորիկին): Իհարկե, Երրորդմասցի Լյովիկը համառորեն հերքում իր՝ ապտակ ստանալը:
Լուսանկարը` Shamshyan.com-ի: