2013 թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու “Եկամտային հարկի մասին” նոր օրենքը, որով կփոխվի աշխատավարձերի հարկման ձեւը, սակայն աշխատավարձերի նվազում չի լինի: Այդ մասին այսօր` օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա տեղեկացմամբ` նոր, միասնական եկամտային հարկը կունենա հետեւյալ դրույքաչափերը` 24.4% (մինչեւ ամսական 120 հազ. եկամտի դեպքում) եւ 26 % (ամսական 120 հազ. դրամը գերազանցելու դեպքում): Այս դրույքաչափերը կփոխարինեն այսօրվա գործող եկամտահարկին ու սոցիալական աապահովության վճարներին:
Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի` գործատուները նույնպես հավելյալ ծախսեր չեն կատարի: Ամսական 100 հազ. դրամ աշխատավարձ վճարելիս գործատուի հավելյալ ծախսը ընդամենը 775 դրամ է, որը սակայն կփոխհատուցվի հաշվետվությունների քանակի նվազման, դրանց կազմման վրա ծախսվող ջանքերի կրճատման շնորհիվ: Այսինքն` գործատուն ներկայիս երկու հաշվետվության փոխարեն (եկամտահարկի ու սոցիալական ապահովության) կկազմի միայն մեկ միասնական հաշվետվություն, ու պարտադիր այն կներկայացնի էլեկտրոնային եղանակով:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` այս օրենքի համաձայն՝ 2013-ի հունվարին յուրաքանչյուր աշխատող չպետք է պակաս գումար ստանա քան ստանում էր 2012-ի դեկտեմբերին: “Եթե տեղի կունենա այդպիսի բան, ապա հարկային մարմինը կիրականացնի վերահսկողություն: Օրենքն այնպես է մշակվել, որպեսզի աշխատակիցների փաստացի իրական եկամուտները չպակասեն”,- ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարարը: