ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնշանավորվի հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը:

Նա կարևորել է նաև Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության, կայունության պահպանման, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ ոգեկոչման արարողություններին ակնկալվում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը: Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական կապերին և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրին, որը մեկնարկել է 2012 թվականին:
Դեսպան Ռիչարդ Միլսը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի բարեկամը և վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու գործում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ դեսպանը նշել է, որ ամերիկյան ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է և գիտակցում է ոգեկոչման միջոցառումների կարևորությունը, ինչպես աշխարհի բոլոր բարի կամքի տեր մարդիկ են այն գիտակցում:




Լրահոս