Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ավարտել են թեկնածուների գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերի ընդունման գործընթացը: Թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդուարդ Բաղրամյանը փաստում է, որ քաղաքապետի թեկնածուներն ակտիվորեն ներկայացրել են եկամուտների եւ գույքի մասին տեղեկությունները: Ավելի պասիվ են գտնվել տարբեր գյուղական բնակավայրերի համայնքապետի պաշտոնի համար պայքարողներն ու ավագանու թեկնածուները: “Թեկնածուների կողմից մատնանշված մեծ գումարներ գրեթե չկան, նրանք գյումրեցիներ են եւ ապրել են իրենց համեստ միջոցներով”,-ասում է թիվ 34 ԸԸՀ նախագահը:
Գյումրու քաղաքապետի թեկնածուներից Անդրանիկ Ավետիսյանի տարեկան եկամուտը նշված չէ, բայց կանխիկ խնայողությունը կազմում է 10 մլն դրամ: Անկուսակցական թեկնածուին են պատկանում երկու բնակարաններ Գյումրիում եւ երկու ավտոմեքենա: 2 մլն 454 հազար դրամ տարեկան եկամուտ ունի դաշնակցական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը: Նրան է պատկանում մեկ ավտոմեքենա եւ 3000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Սպարտակ Պետրոսյանի անձնական միջոցներն էլ համեստ են: 700 քմ հողատարածք եւ 5000 դոլար գումար:
Սամվել Բալասանյանի տարեկան աշխատավարձը կազմում է 3 մլն 800 հազար դրամ, իսկ կանխիկ խնայողությունը` 8 մլն դրամ: Նրան են պատկանում նաեւ գույքային մի շարք սեփականություններ: Բալասանյանը ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի հողատարածք Ազատան համայնքում: Ուշագրավ է, որ գարեջրագործ թեկնածուն իր հայտարարագրում նշել է նաեւ “Մոսկվիչ” մակնիշի ավտոմեքենան:
Հանձնաժողովականներն անկեղծորեն զարմացած են: Նրանք սպասում էին, որ թեկնածուներն ավելի ազնիվ կլինեն եւ կնշեին իրենց ունեցվածքի իրական չափերը, որոնք, բնականաբար, շատ ավելին են: “Սենսացիա չկա”,-շեշտում է Էդուարդ Բաղրամյանը:
Թիվ 35 ԸԸՀ փոխնախագահ Մաքսիմ Շահբազյանը փաստում է, որ գյուղապետի թեկնածուները շատ ավելի համեստ եկամուտներ ունեն կամ գրեթե չունեն, որովհետեւ շատերն են գործազուրկ: Ոմանք փաստաթղթերում նշել են, որ զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ. “Կան մարդիկ, որ աշխատանքով ապահովված են, ասենք՝ դպրոցում են աշխատում կամ ինչ-որ մի այլ տեղ”:
Հանձնաժողովականները փաստում են, որ հայտարարագրերը սկսել են ձեւական բնույթ կրել: Թեկնածուները կարող են անգամ դրանք չներկայացնել. “Եթե հայտարարագիրն իրենից նախկինում ինչ-որ բան ներկայացնում էր, եթե ինչ-որ սխալ կար, եւ դրա հիմքով չէր հաստատվում տվյալ մարդու թեկնածությունը, ապա հիմա այդպես չէ: Նոր օրենսգրքով հաստատումից հետո ենք վերցնում գույքի մասին հայտարարագիր”:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի