Կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը կտրամադրվեն անվճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` օգոստոսի 28-ին ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը:
 
Այա մասին տեղեկացնում են ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Խորհրդակցության նպատակն է ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանթանալ և քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ:
 
Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը` Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել է առկա խնդիրներին:
ՀՀ ԿԳՆ Կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ` կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաև ուսուցիչներին մրցույթների անցկացման հետ:
Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից ներկայացված արձանագրությունները` Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Իր խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվելու են անվճար:
 
Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. “Հարգելի տնօրեններ բոլոր դասագրքերը` ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար: Կրթության և գիտության նախարարությունը այս առումով իրականցնելու է հետևողական վերահսկողություն: Հարգելի տնօրեններ իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կազմակերպել արդյունավետ”:
Անդրադառնալով դպրոցներում մանկավարժների և տնօրենների թափուր տեղերի համալրման խնդրին` նախարարը շեշտել է, որ հանրապետությունում առակա է մանկավարժական կադրերի գերհագեցվածություն, ուստի պետությունը կադրերի ընտրությունը պետք է կատարի թեժ մրցակցության պայմաններում:
 
“Դպրոցում չի կարող աշխատել այն մասնագետը, ով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնի համար պահանջվող մասնագիտական որակավորման պահանջներին և չի հավատում իր կատարած գործի հաջողության,- նշել է նախարարը և հավելել,- դպրոցը այն վայրը չէ, որտեղ տնօրենը իր ցանկությամբ կարող է կատարել կամայականություններ”:
Անդրադառնալով կրթական բարեփոխումներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ 12-ամյա կրթության համակարգը միջազգային չափորոշիչ է և այն այլևս մեր երկրի համար կայացած իրողություն է:
Անցյալ տարի Գեղարքունիքի մարզում սովորող 29700 աշակերտներից 2900-ը առաջին դասարանցիներ են եղել, տարվա ընթացքում մոտ 482 աշակերտ հեռացել է մարզի դպրոցներից, այդ թվում մոտ 200-ը՝ արտերկիր: Մարզի բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, որոշակի խնդիրներ կան կախված կապի որակի հետ:
 
Նախարարի կողմից ցուցում է տրվել ՀՀ ԿԳՆ ներկայացնել Գեղարքունիքի մարզի դպրոցների “ֆիզիկա”, “Քիմիա”, “Կենսաբանություն” և “Աշխարհագրություն” առարկաների լաբորատորիների պահանջարկը, քանի որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից հանրապետության դպրոցներում տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
 
Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը:




Լրահոս