Մերձբալթյան երկրների առջև իրական սպառնալիք է ծառացել, նրանք պետք է պատրաստ լինեն 3 օրվա ընթացքում ինքնուրույն դիմակայել գրոհներին, մինչ օգնության կհասնեն ՆԱՏՕ-ի դաշնակիցները: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն` պատասխանելով օտարերկրացի լրագրողների` զինվորական ծառայության պարտավորության վերադարձնելու մասին հարցին. հայտնում է լիտվական BNS գործակալությունը:
«Մինչև 2008թ. մենք ունեցել ենք պարտադիր զինվորական ծառայություն, և կարծում էինք, որ դա այլևս չի պահանջվի: Սակայն մեր սահմանների մոտ փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը, մենք հասկացանք, որ սպառնալիքն իրական է: Սպառնալիքն իրական է ողջ տարածաշրջանի` Մերձբալթյան երկրների համար: Մեր հարևաններն ավելի քիչ կանխատեսելի են դարձել, ես նկատի ունեմ Ռուսաստանին»,- ասել է Գրիբաուսկայտեն:
«Մենք գտնվում ենք ռազմաճակատում, ընթանում է հակամարտության առաջին փուլը, նկատի ունեմ տեղեկատվական պատերազմը, քարոզչությունն ու կիբերհարձակումները: Եվ այսպես, մեզ վրա արդեն հարձակվել են: Արդյոք սա կվերածվի կոնվենցիոնալ հակամարտության, ոչ ոք չգիտի: Սակայն արդեն հիմա մենք պետք է պաշտպանվենք այդ ագրեսիվ վարքագծից»,- հավելել է նա: