Գյուղապետը չգիտի` կմնա ԲՀԿ-ում, թե` ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Սարակապ համայնքում մարտի 15-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուն մեկն է՝ գործող ԲՀԿ-ական գյուղապետ Արծրուն Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Սարակապի գյուղապետ Արծրուն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, միայնակ ե՞ք պայքարում գյուղապետի պաշտոնի համար:

-Այո՛, առաջադրված մի թեկնածու էլ կար, բայց նա ինքնաբացարկ հայտարարեց: Միայն ես պայքարելու եմ իմ դեմ (ծիծաղում է…):

-Գյուղապետի պաշտոնը եկամտաբե՞ր է, թե՞ ոչ:

-Ես եկամտաբերության մասին չեմ մտածում: Բայց եթե ես իմ անձնական բիզնեսով զբաղվեի, ապա այսօր ֆինանսական առումով ավելի մեծ բաների հասած կլինեի:

-Գուցե դա՞ է պատճառը, որ մարդիկ գյուղապետի պաշտոնին չեն ձգտում:

-Գուցե, բայց այսօր գյուղերն օր օրի դատարկվում են, քանի որ աշխատատեղ չկա, իսկ մարդիկ մի կերպ են ապրում: Արդեն ութը տարի է, ինչ գյուղապետ եմ, իսկ գյուղացիներն էլ հանդուրժում են: Համաձայն չլինեին, մի բան կանեին:

-Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունը՝ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը, Դուք կշարունակե՞ք անդամակցել ԲՀԿ-ին:

-Ես իմ մտադրությունների մասին միայն կնոջս հետ եմ կիսվում: Բայց այս պահի դրությամբ դեռ հստակ որոշում չկա: Բոլորս էլ սպասում ենք ԲՀԿ-ի այսօրվա արտահերթ համագումարին: Տեսնենք, թե ինչ կլինի:

-Հակառակ դեպքում՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում անդամակցեք ՀՀԿ-ին:

-Միանշանակ՝ ո՛չ: Ես կողմ եմ ԲՀԿ-ի գաղափարախոսությանը:

-Ի՞նչն է պատճառը:

-Ոչ մի պատճառ չկա: Հնարավոր չէ: Ես աշխատում եմ ժողովրդի համար, ժողովրդի կողմից եմ և ժողովրդի ձայնին եմ հլու:

-Իսկ ԲՀԿ-ն ի՞նչ է արել գյուղի համար:

-Իսկ Հանրապետական կուսակցությունը ո՞ր գյուղերի համար է արել, որ ԲՀԿ-ն չի արել:

-Խոսքը ԲՀԿ-ի մասին է:

-Մեր գյուղի համար ոչ մի բան ԲՀԿ-ն չի արել:

Զրուցեց ՍյունԷ Համբարձումյանը




Լրահոս