Ինչի՞ եք Ծառուկյանի հրաժարվելը բերել, փաթաթել Արսենյանին. ԲՀԿ պատգամավորը` իր որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն է իր որոշումները կայացնում ու ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտարարությամբ դեռևս հանդես չի գալիս: Նա նաև կոչ արեց իր գործընկերներին սթափվել ու միտինգային ռեժիմից վերադառնալ արդյունավետ աշխատանքի:

-Պարո՛ն Արսենյան, այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները փորձում են իրենց համար պարզել, թե արդյոք պետք է շարունակել մնալ խմբակցության կամ կուսակցության կազմում: Դուք ի՞նչ եք որոշել, շարունակելո՞ւ եք Ձեր աշխատանքը ԱԺ ԲՀԿ խմբակցությունում:

-Մարդկանց համար նորմալ է, երբ հայտնվում են ինչ-որ խաչմերուկում ու փորձում են քննարկել իրենց հնարավոր ճանապարհները՝ աջ գնան, ձախ, թե ուղիղ գնան: Կարծում եմ՝ նորմալ բան է, եթե նման քննարկումներ են իրականացվում:

-Իսկ Դուք ո՞ր ուղղությունն եք ընտրել, ո՞ւր է գնում Գուրգեն Արսենյանը:

-Ես իմ գծից, որով մինչեւ հիմա առաջնորդվել եմ, ո՛չ շեղվել եմ ու ո՛չ էլ շեղվում եմ, ի՞նչ ունեմ շեղվելու կամ անհանգստանալու: Ինչո՞ւ պետք է ես ինչ-ինչ իրադարձությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել հասարակության մեջ, իմ սկզբունքներն ու համոզմունքները փոխեմ, որպես ի՞նչ: Ինչո՞ւ պետք է դադարեմ հավատալ նրան, ինչին հավատում եմ, կամ սկսեմ հավատալ նրան, ինչին չէի հավատում:

-Ինչի՞ն էիք հավատում, Դուք հավատո՞ւմ էիք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխությո՞ւն է իրականացնելու:

-Իսկ Դուք մինչև հիմա չգիտեի՞ք, թե ես ինչին էի հավատում, իմ արժեքային համակարգը չի փոխվել: Ես հավատում եմ նրան, որ մենք մեր երկիրը կարող ենք դարձնել նորմալ, բարեկեցիկ երկիր, որտեղ մեր քաղաքացիները կապրեն նորմալ, կապրեն իրենց հոգսերով, հույզերով, կփորձեն լինել երջանիկ: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել, հիմա ի՞նչ եղավ, որ ես դադարեմ դրան հավատալուց, ասեք՝ իմանամ:

-Ձեր խմբակցության ղեկավարը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հրաժարվել է քաղաքական պայքարից:

-Լսել ե՞ք, որ իմ դիրքորոշումը փոխվել է: Դուք նման բան ինձանից լսե՞լ եք, ինչի՞ եք Ծառուկյանի հրաժարվելը բերել, փաթաթել Արսենյանին:

-Այդ դեպքում որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը, սպասում եք ԲՀԿ համագումարի՞ն:

-ԲՀԿ-ի համագումարին ինչո՞ւ եմ սպասում, համագումարին ԲՀԿ-ի ներքին խնդիրներն են լուծելու, թող լուծեն: Ես ԲՀԿ-ի համագումարին մասնակցելու եւ որոշումներ կայացնելու իրավունք չունեմ, ես այլ կուսակցության ղեկավար եմ: Երկրորդն էլ, տեխնիկական որոշումներից բացի՝ իրենք պետք է ընդունեն այն քաղաքական ուղեծիրը, որով հիմա շարունակելու են գնալ: Ես իմ ջանքերը կարող եմ գործադրել իմ ընկերական, քաղաքական, քաղաքացիական գործընկերներին օգնելու համար, խորհուրդներ կարող եմ տալ, եթե դրա կարիքը կա: Ես դա կանեմ, չեմ փախնում այդ պարտականությունից, որովհետեւ խոսքը քաղաքական թիմի մասին է, այն քաղաքական թիմի, որի քաղաքական ցուցակի 4-րդ համարը ես եմ:

-Այնուամենայնիվ, չնշեցիք այն ուղին, որով Դուք ինքներդ եք առաջ գնալու: Առաջիկայում պետք է սկսվեն Սահմանադրական բարեփոխումները, Դուք ի՞նչ դիրքորոշում եք հայտնելու այդ հարցում, քանի որ արդեն նշվում է, թե ԲՀԿ-ն իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այդ հարցում դրական դիրքորոշում որդեգրելու շուրջ:

-Ես դեմ եմ այդ փոփոխություններին, ինչի մասին ես հայտարարել եմ ու շարունակելու եմ պնդել: Իմ դիրքորոշման մեջ այդ հարցում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, ես իմ դեմ լինելու դիրքորոշումը հռչակել եմ: Ես պրոբլեմը Սահմանադրության մեջ չեմ տեսնում, մեր երկրում առկա թերությունները մեր Սահմանադրությունից չեն, այլ երկրում օրենքների նկատմամբ վերաբերմունքից, հանրային իրավագիտակցության բացակայությունից, սեփականության ինստիտուտի թույլ պաշտպանվածությունից, անկախ դատարանների բացակայությունից: Այսինքն՝ մենք հիմա Սահմանադրությունը փոխելով՝ չենք վերացնում այդ պատճառները, ինչին ես դեմ եմ ու կարծում եմ, որ պետք է դրա դեմ պայքարել:

-Դուք ԲՀԿ խմբակցությունում մնալով ե՞ք այդ ամենի դեմ պայքարելու, մեր տեղեկությունների համաձայն՝ Դուք եւս մտադիր եք «լքել» ԲՀԿ խմբակցության շարքերը:

-Խմբակցությունից դուրս գալու որոշում իմ կողմից չի հնչեցվել, տեղեկությունները շրջանառվում են ձեր լրագրողական շրջանակներից: Իմ որոշումները կայացնում եմ ես ու ոչ թե լրագրողները: Երկրորդն էլ՝ իմ որոշումների հիմքում ընկած է լինելու քաղաքական ծրագիրը, չէ որ մենք խմբակցության ձեւավորման պարագայում քաղաքական ընդհանուր թիմ էինք, նույն թիրախներն ունեինք, նույն ճանապարհն ունեինք:

Հիմա, եթե ԲՀԿ-ի թիրախներն ու ճանապարհները փոխվեն, չեն համապատասխանի իմ աշխարհայացքին, չեն համապատասխանի իմ սկզբունքներին, այդ դեպքում ես կշարունակեմ սպասարկել այն սկզբունքներին, որոնք ես հռչակել եմ: Որեւէ ձեւով դա չի հակասում ողջամտությանը:

Գլոբալ, մեր աշխատանքի պրոբլեմը կայացել է նրանում, որ խորհրդարանում օրենսդիր գործունեության հիմնական գործառույթը փոխարինվել է ամբիոնային քաղաքական պայքարով: Մենք խորհրդարանում աշխատավարձ ենք ստանում օրենսդիր գործունեության համար, որի մեջ մենք պետք է արձանագրենք մեր սկզբունքները: Այսինքն՝ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, մենք պետք է պայքարենք հենց դրա ձեւավորման պահից: Ես իմ գործընկերներին կոչ եմ անում սթափվել ու այդ միտինգային ռեժիմից վերադառնալ արդյունավետ աշխատանքի: Ինձ համար մի կարեւոր բան եմ ուզում շեշտել. ես չեմ պատրաստվում որեւէ ձեւ աշխատել ստախոսության կամ կեղծիքի ռեժիմի մեջ: Բազմիցս հայտարարել եմ, որ չպետք է սուտ խոսել, դրա համար ես որեւէ սուտ սխեմայի մեջ մասնակցություն չեմ ուզում ունենալ, ես իմ տեսակետերը շարադրում եմ բաց:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս