Ո՞Վ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեր զրուցակիցն է դերասան Արմեն Սողոյանը, որը “Ժողովուրդ”-ի հետ կիսվեց կանաչ տարածքների վերացման մասին մտահոգություններով:
-Պարո՛ն Սողոյան, վերջին շրջանում շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ մասնակցում են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների, Դուք՝ որպես քաղաքացի, ե՞ւս ակտիվ եք: 
-Ո՛չ: Բնական է, ցավ ապրում եմ, բայց ամենից շատ ցավում եմ, երբ մեր քաղաքի ծառերն են հատվում, ու փոխարենը՝ շենքեր կառուցվում: Մարդիկ պետք է հասկանան, որ այդ շինությունները պետք չէ Երեւանում կառուցել, թող դրանք լինեն քաղաքից դուրս: Այնքան ամայի, ազատ տարածքներ ունենք, որ կարելի է այդ նորակառույցները հենց այդ տեղերում կառուցել: Բայց ո՛չ, կենտրոնում կտրում են ծառերը ու սկսում շինարարություն անել: Ամենավատն էլ այն է, որ հասկանում եմ՝ մենք ոչինչ անել չենք կարող: Մարդիկ փողի մասին ավելի շատ են մտածում, քան ուրիշ կարեւոր բաների: 
-Երեւանում կա՞ որեւէ շինություն, որ Ձեզ դուր չի գալիս:
-Ոչ մի կոնկրետ շինության դեմ բան չունեմ, պարզապես երբ ծառերը կտրում են ու դրանց փոխարեն շենքեր կառուցում, նեղվում եմ: Ի՞նչ է ստացվում: Մարդիկ ապրում են իրենց շենքում, մեկ էլ ինչ-որ մեկը, որը փող ունի, բերում ու հենց իրենց շենքի դիմաց՝ մի 20 մետր հեռավորության վրա, մեկ այլ բարձրահարկ է կառուցում ու փակում շենքի ամբողջ տեսարանը, արեւը, խաղալու հրապարակը, ու կարծես այդպես էլ պետք է լիներ, պետությունն այդ մասին չի էլ մտածում: Կոպիտ ասած՝ մարդուն բանի տեղ չեն դնում: Ստացվեց, որ նշանակություն չունի, թե այդ շենքում մարդիկ են բնակվում, կարեւորը՝ շենքը կառուցեն:
Տեսնեմ՝ թույլ կտան, որ քաղաքապետարանի դիմաց բերենք, մի քանի հատ բարձրահարկ շենք կառուցենք: Իհարկե ո՛չ, իրենք իրենց տարածքը գեղեցիկ կանաչապատել են՝ ծաղիկներով, լույսերով, շատրվաններով: Է՜հ, խոսեմ-չխոսեմ, ո՞վ է ուշադրություն դարձնելու:
-Դուք ո՞ր համայնքում եք ապրում:
-Նորքում:
Գո՞հ եք Ձեր թաղամասի տեսքից, կանաչապատումից:
-Դե կարող եմ ասել, որ Նորքը դեռ չի հասցրել նորակառույցներով լցվել: Հիմա 2-րդ զանգվածում դեռ այգիներ են մնացել, մի փոքր այգի էլ կա Ջրաշխարհի հետեւը, բայց ոնց հասկանում եմ, երեւի վաղ թե ուշ այդ այգիներն էլ կկտրեն: Չնայած, եթե բարձրանան Ջրվեժ, Ձորաղբյուր, այնտեղ շատ ավելի ազատ տեղեր կան: Փոխանակ այգիներն ավելի ծաղկեցնեն, երեխաների համար դարձնեն խաղահրապարակ, բնակելի տարածք են դարձնում: 
-Ձեր բակում երեխաները կարողանո՞ւմ են խաղալ, թե՞ տարածք չկա:
-Որ ավտոտնակներ չլինեն, էրեխեքը խաղալու տարածք կունենան: Դա էլ ուրիշ խնդիր է: Դե հիմա ես մտածում եմ՝ ինչ եղել, եղել է, հետ չես բերի, բայց գոնե չշարունակվի:
-Դուք կարո՞ղ եք ինչ-որ կերպ պայքարել:
-Պայքարելը մեր ղեկավարությունից է կախված: Իրենք պետք է հասկանան, որ հերիք է փողասիրությամբ զբաղվեն: Իրանք փող շատ են սիրում, բայց պետք է մտածեն, որ Աստված այս երկիրը ստեղծել է իր չափի ու գեղեցկության մեջ: Երբ մարդը չափն անցնում է, կատաստրոֆա է լինում: Մեր քարքարոտ երկրում մենք պետք է ամեն մի ծառի համար, կոպիտ ասած, դոշ տանք: Ծառ չկա, մաքուր օդ, բնություն չկա: 
Բնության վերջը տալու փոխարեն կարելի է 60-70 տարեկան այդ վթարային շենքերը քանդել ու դրանց տեղը նորմալ շենքեր կառուցել ու հանձնել բնակիչներին: Ամբողջ աշխարհն այդպես է արել, այդ ,խրուշչովկաներիցե շատ կա Նորքի զանգվածում: Ախր մի կամ 100 հոգով բան չենք փոխի, պետք է ազգովի միանալ, անհրաժեշտ է նաեւ չինովնիկների մասնակցությունը: Թե չէ մեկը կամ երկուսը, որ խոսում են, բան էլ չի փոխվում:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս