Երրորդմասցի Լյովիկին սպանողները լավ ծրագրավորված և «պրոֆեսիոնալ» են աշխատել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ կեսօրից հետո, Երեւանում արտակարգ վիճակ էր. փողոցներին ամենուրեք կարելի էր հանդիպել ոստիկանության՝ ինքնաձիգներով զինված աշխատակիցների: Իսկ պատճառն այն էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով սպանվել էին քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկը` Լեւոն Ղազարյան, նրա ընկերը` Դրաստամատ Թադեւոսյանը (Դրոն) եւ Մանումենտցի Մոսոն` Մեսրոպ Նազարյանց: Վերջինս մահացել էր տեղում, իսկ մյուս երկուսը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման պահին Երրորդմասցի Լյովիկն իր ընկերների հետ եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում: Հարձակվողները եղել են երեք հոգի` դիմակավորված, որոնք իրենց թիրախներին մահացու վիրավորելուց հետո դիմել են փախուստի: Նշված վայրում կայանված մեկ այլ ավտոմեքենայից դուրս են վազել ինչ-որ անձինք, ենթադրվում է, որ Երրորդմասցի Լյովիկին ուղեկցող անձինք են եղել, որոնք սկսել են ատրճանակներից կրակել հարձակվողների հետեւից:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երրորդմասցի Լյովիկը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պետք է տեսակցեր իր ծանոթներից մեկին: Այն փաստը, որ դիմակավորված անձինք նախապես տեղեկացված են եղել, թե իրենց թիրախն այդ ժամին կոնկրետ որտեղ է լինելու, եւ այն, որ նրանք հասցրել են իրենց «գործը» շատ արագ կատարել եւ հեռանալ, վկայում է սպանության՝ նախապես լավ ծրագրավորված լինելու եւ կատարողների «պրոֆեսիոնալ» լինելու մասին: Ի վերջո, նման հարձակում հենց ՔԿՀ-ի դիմացն իրականացնելու համար հանդգնություն է պետք ունենալ ու սեփական ուժերի վրա վստահ լինել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս