1990թ. օգոստոսի 23-ին հայկական Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը՝ այդպես հիմք դնելով ՀՀ անկախացման գործընթացին: Ուրեմն այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 22-րդ տարեդարձն է: Բայց մեզանում ոչ միայն այս, այլեւ մյուս բոլոր պետական տոները չեն առանձնանում սովորական օրերից. լավագույն դեպքում դրանք ՀՀ քաղաքացիների համար դառնում են ոչ աշխատանքային, հանգստյան օր, ու ոչինչ ավելին: Անկախությունը մեզանում ընդամենը դարձել է կենացների ժամանակ հիշվող թեմա: Սա պատահական չէ, քանի որ վերջին տարիներին իշխանությունները վատնել են անկախության բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները: Ու բանը հասել է նրան, որ, օրինակ, ռուսները ՀՀ-ին այսօր դիտում են որպես ֆորպոստ, որի հետ կարող են վարվել ցանկացած ձեւով, արեւմուտքն էլ իր պահանջներն է թելադրում՝ առանց հաշվի առնելու ՀՀ շահը եւ այսպես շարունակ: Դժվար չէ ենթադրել՝ այսօր ծաղիկներ կդնեն Մելիք Ադամյան փողոցում՝ կառավարության նիստերի դահլիճի մոտ գտնվող հուշաքարին. այնտեղ է ընթերցվել այս հռչակագիրը: Մի քանի հուզիչ ճառ կասեն հայրենասիրական թեմաներով, հետո մի քանիսն ասուլիս կտան: Եւ օրը կշարունակվի իր սովորական հունով:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՛ՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ