Չնայած եղանակային վատ պայմաններին Կառավարության մոտ կրկին մարդաշատ է։ Գործադիրի շենքի դիմաց են հավաքվել Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչները՝ իրենց երեխաների հետ։
Վերջիններս բավականին վրդովված և վիրավորված են կառավարությունից, քանի որ արդեն 25 տարի է` ապրում են վթարային շենքերում։ 1988-ի երկրաշարժից հետո նրանց վթարային շենքերը մնացին այդպես վթարային, որտեղ, բնակիչների խոսքով, ապրել հնարավոր չէ։ Նրանք բազմիցս դիմել են բոլոր պատկան մարմիններին, ովքեր խնդրին տեղյակ են։ Սակայն ոչ մի փոփոխություն այսքան տարվա ընթացքում չի եղել։
Բնակիչներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց տանը որևէ հարմարություն չկա, տանիքները պոկված են, ուժեղ քամուց կարող է շենքը փուլ գալ։ Հավաքվածները ակնկալում են որ կառավարությունից ինչ-որ մեկն իրենց պատասխան կտա։
«Սա է իրենց ապահով Հայաստանը»,- դժգոհում են նրանք։ Իսկ այս ընթացքում կառավարոււթյունում հերթական նիստն է մեկնարկել։
Նշենք, որ Կառավարության շենքի մոտ այսօր շարունակում են բողոքը նաև «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները` իրենց հավերժ պահանջով, այն է` աշխատավարձի փոխհատուցում: