
Մարտի 5-ի գիշերը սկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները կանխելու նպատակով մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնուհետ նաև բակային տարածքներում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ:
Գործընթացը մեկնարկել է տեղումների առաջին իսկ ժամից` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների տեխնիկական ու մարդկային ռեսուրսների ներգրավմամբ: Լուսադեմին քաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք անցանելի են եղել: Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է համապատասխան ծավալի տեխնիկական աղ և շլաքային ավազ: Ձնամաքրման աշխատանքներին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները, որոնք, Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման նորմերի որոշման համաձայն, ձմեռային ամիսներին պարտավոր են մաքրել տնօրինած կառույցներին հարակից տարածքները:
Ձնամաքրումն այժմ համապատասխան ծառայությունների աշխատակիցների և համատիրությունների ուժերով ծավալվել է բակային տարածքներում ու հարակից աստիճանավանդակներում, մայթերում ու ներբակային ճանապարհներում: Մայրաքաղաքի ձյան մաքրման աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը, իսկ տեղերում`վարչական շրջանների ղեկավարները: Անհրաժեշտության դեպքում ձնամաքրումը կշարունակվի նաև օրվա երկրորդ կեսին: