ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է
Օրերս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հայտարարեցին, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում սատարելու են ՀՀԿ-ական թեկնածու, «Հայփոստ» ՓԲԸ Կապանի փոստային մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Հատկապես Մաքսիմ Հակոբյանի դիրքորոշումը զարմանալի էր կապանցիների համար, քանի որ նախորդ ընտրություններում նա սատարել էր գործող քաղաքապետ ՀՅԴ-ական Արթուր Աթայանին: Ավելին, Հակոբյանն անգամ «Խուստուփ» հեռուստաընկերությամբ ելույթ ունենալիս չէր հերքել, որ պաշտպանելու է Աթայանին: «Սակայն ԱԺ ընտրությունների ժամանակ ես զգացի, որ քաղաքապետը պիտի լինի իշխող կուսակցության անդամ, այսինքն՝ հանրապետական: Կապանի քաղաքապետն այդ ժամանակ շատ ծրագրերի իրականացման է խոչընդոտել, եւ ես որոշեցի պաշտպանել հանրապետական թեկնածուի»,-ասել էր նա: Սակայն իրականությունն այն է, որ ԱԺ ընտրություններում Կապանի քաղաքապետը չի հայտարարել, որ պաշտպանում է Մաքսիմ Հակոբյանի տղային՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին, դրա համար էլ զրկվել է Հակոբյանների աջակցությունից:

10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Օգոստոսի 16-ին գրել էինք, որ «Ժողովուրդ»-ը քաղաքացիներից ահազանգ է ստանում, որ «Բիլայն» ընկերության կողմից տրամադրած 30 անվճար րոպեները բաժանորդները չեն կարողանում օգտագործել, քանի որ զանգահարելու դեպքում օպերատորը «հայտնում» է. «Դուք չեք կարող զանգահարել, քանի որ Ձեր հաշվին գումար չկա»: Երեկ «Ժողովուրդ»-ը «Բիլայն»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանից գրություն է ստացել, որտեղ նշված է. «Հարկ ենք համարում նշել, որ անվճար րոպեների տրամադրման կարգի եւ ժամկետների վերաբերյալ ընկերությունը տեղեկացրել է հասարակությանը, այդ թվում՝ տարածել հաղորդագրություն: Այնտեղ հստակ գրված է, որ անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 17-ից՝ ժամը 0:00-ից՝ 10 օրվա ընթացքում»:

ՀՈՐԵՂԲԱՅՐՆԵՐՈՎ
Ֆինանսների փոխնախարար ՀՀԿ-ական Վարդան Արամյանը շատ ուշագրավ կերպով է փորձել հիմնավորել 7.7 տոկոս տնտեսական ակտիվությունը: Լրագրողի հարցին՝ տնտեսական այդ ակտիվացումն ինչպես է անդրադարձել քաղաքացիների կյանքի վրա, նա նշել է. «Կոնկրետացնեմ՝ իմ հորեղբոր տղայի աշխատավարձը բարձրացել է՝ 150 հազարից դարձել է 250 հազար դրամ»: Իսկ երբ լրագրողներից մեկն ասել է, թե իր հորեղբոր, եղբոր ընտանիքներն էլ այս ընթացքում արտագաղթել են, ՀՀԿ-ական փոխնախարարն ասել է. «Այդ տենդենցը, 1993-ից սկսած, կա: Արտագաղթում են հիմնականում նրանք, ովքեր սպասարկել են կապիտալ շինարարության ճյուղերին»: Ստացվում է, որ բոլոր վատ երեւույթների դեպքում պատճառաբանություն մշտապես կա: Հայաստանում բացակայում են պետական մտածողությունն ու պաշտոնական պատասխանատվությունը:




Լրահոս