
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թ. ծրագրի իրականացման ժամանակացույցը: Ծրագրի իրականացումը նպաստում է նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և դրանց միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը:
Ծրագրով նախատեսված ծրագրային միջոցառումներն (ուղղություններ) են` ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում, գործարար ուսուցողական աջակցություն (կարողությունների զարգացում), գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն , ֆինանսական և ներդրումային աջակցություն , վարկային երաշխավորումների տրամադրում սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին, տեղական տնտեսական զարգացում, ոլորտային բիզնեսների աջակցություն, կանանց ձեռներեցության աջակցություն, տեղական արտադրանքի աջակցություն, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում: