«Միշտ մենակ էր 4 պատի մեջ». 44-ամյա տղամարդու կախված դին հայտնաբերել է տարեց մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մայրաքաղաքում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Իր կյանքին վերջ է տվել Երևանի 44-ամյա բնակիչ Արամը:

Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցին ինքնասպան եղած տղամարդու հարևանները հայտնեցին, որ դին կախված վիճակում հայտնավերել է Արամի մայրը՝ Սվետլանան: Հարևանների փոխանցմամբ՝ Արամն ինքնասպանություն է գործել խոհանոցի առաստաղից կախվելու միջոցով:

«Սվետը գործից տուն է եկել ու տղային այդ վիճակում տեսել: Խեղճ կինը շատ վատ վիճակում է, հետը նույնիսկ չենք կարողանում խոսել: Հարազատները Մանումենտ են տարել, որ մենակ չմնա, հանկարծ ինքն էլ հետը մի բան չանի»,- ասացին մեր զրուցակիցները՝ հավելելով, որ Արամի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը:

Նրանք մեզ հայտնեցին նաև, որ որևէ բացատրություն չեն կարողանում տալ իրենց երկար տարիների հարևանի նման քայլին: Ինքնասպանության դիմելու պատճառ, մեր զրուցակիցների խոսքով, 44-ամյա Արամը չուներ:

«Հիվանդ չէր, որ ասենք` դրա պատճառով կարող էր նման բան անել: Պարտքեր էլ, երևի թե, չուներ: Միշտ 4 պատի մեջ, մենակ, մեկուսացած էր: Ամուսնացած չէր, երեխաներ չուներ, չէր աշխատում, ու այդպես ապրում էր: Ոչ մի կերպ ախր չենք հասկանում` ինչու: Արդեն 26 տարի է` այս շենքում եմ ապրում, դեռ երբեք նման բան մեր փողոցում չեմ տեսել»,- ասաց հարևաններից մեկը:

Տեղեկացնենք, որ դեպքի հանգամանքները պարզվում են:




Լրահոս