Մինչ Նիդերլանդների Թագավորությունը, ռուս իրավապահները կհետաքրքրվեին ՌԴ քաղաքացի, արդեն 7 տարի Հայաստանում բնակվող հայ դիջեյ, համակարգչային խանութի մենեջեր Գեորգի Ավանեսովի անձով, հայ իրավապահներն արդեն դուրս էին եկել նրա հետքի վրա: Սակայն մինչ այդ, ըստ մեղադրական եզրակացության, բարձրագույն կրթությամբ 29-ամյա Գ. Ավանեսովը հասցրել էր 52.989.593 դեպքով տարածել որոշակի տեսակի 341 հատ տարբեր հատուկ հարուցիչներ, եւ «ԴԴոս»-ի հայ հակերի հաշվին միայն 2010թ. կատարվել են 697.924 ԱՄՆ դոլարի փոխանցումներ: Իսկ տուժողները եղել են տարբեր երկրների ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարարության միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի կայքը, «Կասպերսկու լաբորատորիա»-ն:
Ավանեսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախատեսված արարքների համար՝ առանց թույլտվության համակարգչային ցանց ներթափանցելով՝ տեղեկատվությունը փոփոխելու, համակարգչային սաբոտաժի՝ համակարգչային ցանցը կամ ծրագրերը ոչ պիտանի դարձնելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, համակարգչային տեղեկատվություն ապօրինի ներթափանցելու համար հատուկ միջոցներ պատրաստելու եւ իրացնելու, վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու եւ տարածելու համար: Սակայն Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ս.թ. մայիսի 21-ին նրան մեղավոր է ճանաչել միայն համակարգչային սաբոտաժի համար եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման:
2010թ. նոյեմբերի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունում համակարգչային հանցագործությունների փաստով քրգործ է հարուցվում, իսկ մեկ տարի անց՝ 2011-ի սեպտեմբերի 7-ին, Նիդերլանդների դատախազությունից ՀՀ գլխավոր դատախազությունը ստանում է նման մեկ այլ քրգործ՝ տուժողների ցուցակով, որը ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունն ընդունում է վարույթ, միացնում դատախազությունում քննվող գործին եւ ամբողջացնում պատկերը՝ գլխավոր դերում ունենալով Գ. Ավանեսովին:
Ըստ մեղադրանքի՝ նա 2009թ. մարտից մինչեւ հունիսն ընկած ժամանակահատվածում, գտնվելով ՀՀ-ում, մշակել է համացանցից օգտվողների համակարգիչները վարակելու համար նախատեսված հատուկ հարուցիչ՝ տուժողների համակարգիչների եւ համակարգչային համակարգերի հնարավորությունները օգտագործելու եւ դրանց մեջ պահվող տեղեկատվությանն առանց թույլտվության տիրանալու եւ տնօրինելու, ցանկության դեպքում՝ ոչնչացնելու, ուղեփակելու, վերափոխելու, պատճենահանելու նպատակով: Այնուհետեւ նշյալ համակարգչային հատուկ հարուցիչը զոհերի համակարգիչների մեջ գաղտնի ներբեռնելու եւ հետագայում վերջիններիս պաշտպանված համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու համար ձեռք է բերել որոշակի անվանումներով հատուկ ծրագրային միջոցներ, որոնց օգնությամբ շրջանցել է կայքերի օրինական տերերի՝ կայք մտնելու սահմանափակումները եւ ետնամուտք ապահովել դեպի այնտեղ պահվող տեղեկատվություն: Իսկ տեղեկատվության հետ վարվել է այնպես, ինչպես ցանկացել է: Դրանից հետո համացանցից օգտվող անձինք, այցելելով նշված կայքեր, առանց իմանալու ներբեռնել են հարուցիչն իրենց համակարգչի մեջ ու տուժել:
Մասնավորապես 2010թ. սեպտեմբերի սկզբից մինչեւ հոկտեմբերի 25-ը Ավանեսովը գաղտնի ներթափանցել է 194 կայքեր, փոփոխել այնտեղ պահվող տեղեկատվությունը եւ փաստացի տիրանալով պահվող տեղեկատվությանը՝ առաջացրել է ծանր հետեւանքներ. հատուկ հարուցիչներով վարակել է տարբեր երկրներում բնակվող միլիոնավոր օգտատերերի համակարգիչները, «DDoS» տեսակի հարձակումներ իրագործել՝ խախտելով բազմաթիվ անձանց վերաբերվող տեղեկատվության գաղտնիությունը:
Այդպես էլ ստեղծած հարուցիչի եւ հատուկ ծրագրային միջոցների ներդրման արդյունքում Գ. Ավանեսովը ստեղծել է վարակված համակարգչային ցանց՝ բոտնետ, որի կառավարման համար օգտագործել է Նիդերլանդներում գործող պրովայդերներից մեկի եւ Ֆրանսիայում գործող մեկ այլ պրովայդերի կողմից սպասարկվող սերվերները: Դառնալով բոտնետի կառավարիչ՝ դրա մաս կազմող համակարգիչների մեջ տարածել է վնասաբեր ծրագրեր. մասնավորապես 2009թ. հունիսից 2010թ. հոկտեմբերի 26-ը ամբողջ աշխարհում տարածած 341 տարբեր հատուկ հարուցիչների միջոցով ապօրինի որսացել եւ բոտնետի սերվերներից մեկի տվյալների հենքում կուտակել է մոտ 20.000 սերվերների անվանումներ, մուտքանուններ եւ գաղտնաբառեր: Դրանց կիրառմամբ հնարավորություն է ստացել ներթափանցել այնտեղ եւ տնօրինել տեղեկատվությունը: Տուժել են նաեւ հայաստանյան որոշ պրովայդերներ, ընկերություններ: Իսկ 2010թ. հոկտեմբերի 1-ին, օգտագործելով իր կողմից ստեղծված բոտնետի առցանց համակարգիչների թվաքանակի 100 տոկոսը, «DDoS» տեսակի հարձակում է իրականացրել ռուսաստանյան «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ-ի հասցեի վրա, ինչի հետեւանքով մոտ 4 ժամով խափանվել է նշված կազմակերպության բնականոն աշխատանքը…
Քր. օր.-ի 253-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում Ավանեսովն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի՝ միայն վնասաբեր ծրագիր պատրաստելու մեջ: Որեւէ մեկին վնաս պատճառել չի ցանկացել եւ չի պատճառել: Ինչ-որ կայքեր մուտք գործելն իր համար եղել է հոբբիի պես մի բան: Ասել է, որ «DDos» տեսակի հարձակում է կատարել միայն «Կասպերսկի լաբորատորիա»-ի վրա: Վերջիններիս կայքում տեսել է տեղադրված հայտարարություն, համաձայն որի՝ իբր «Կասպերսկի լաբորատորիա»-ն կարող է «DDos» տեսակի հարձակումներից պաշտպանություն տրամադրել: Իրեն այդ ինֆորմացիան հետաքրքրել է, ու փորձել է ապացուցել (եւ ապացուցել է), որ վերջիններիս կողմից առաջարկվող «DDos» տեսակի հարձակումներից պաշտպանությունն այդքան էլ լավ չի աշխատում, քանի որ իրեն հաջողվել է մուտք գործել այդ կայք: Մեղադրանքում նշված սերվերներն ինքը չի վարձակալել եւ կայքեր մուտք գործելով՝ չի ներթափանցել, որեւէ ինֆորմացիայի չի տիրացել եւ ոչինչ չի փոփոխել: Իր մշակած ծրագիրը որեւէ մեկին չի առաջարկել եւ չի տրամադրել:
Միայն համակարգչային սաբոտաժի համար 4 տարվա ազատազրկման դատապարտված, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Գ. Ավանեսովը վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել դատավճիռը, իրեն արդարացնել կամ նշանակել մեղմ պատիժ եւ պայմանականորեն այն չկիրառել:
ՀԱՅ ԴԻՋԵՅԸ ՇԱՐՔԻՑ ՀԱՆԵԼ Է «ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»-Ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ