Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղ տեմպերը զգալի բացասական ազդեցություն կունենան ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա, ասվում է Fitch միջազգային վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրությունում:
«Ռուսաստանի տնտեսական աճի կտրուկ դանդաղումը հանդիսանում է նշանակալի ցնցում ԱՊՀ այլ պետությունների տնտեսությունների համար, սակայն այդ երկրների վարկունակությունը զգալիորեն տարբերվում է»,- ասվում է գործակալության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
ՌԴ տնտեսության վիճակն անմիջական ազդեցություն է ունենում ԱՊՀ երկրների վրա, որոնց հետ այդ երկիրն ունի սերտ տնտեսական կապեր, դրամական փոխանցումներ ու ներդրումային հոսքեր, բացատրում են վերլուծաբանները:
«Անուղղակիորեն ռուբլու կտրուկ անկումը կարևոր գործոն հանդիսացավ տարածաշրջանի արժույթների զգալի ճշգրտումների համար»,- հայտնում է Fitch-ը:
Ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությունն իրենց վրա զգացին նաև Ղազախստանն ու Ադրբեջանը:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ու Վրաստանին, ապա կազմակերպությունը նշում է, որ այս երկու երկրներն իրենց արտարժույթների լողացող փոխարժեքներ են սահմանել՝ դրանով իսկ ապահովելով արժույթային պահուստների պահպանումը:
Ռուսաստանը Հայաստանից ապրանքների արտահանման հիմնական շուկան է և օտարերկրյա ուղղակի ներդրումների և հայերի կողմից դրամական փոխանցումների ամենախոշոր աղբյուրն է, այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը լուրջ ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա: