ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է, եւ թեկնածուները մինչեւ սեպտեմբերի 7-ը կփորձեն համոզել ընտրողներին, ներկայացնել իրենց ծրագրերը: Գյումրու քաղաքապետի թեկնածուները ժամանակ չեն կորցրել եւ հենց առավոտյան սկսել են շրջայցերը տարբեր ուղղություններով: Անգամ սկսել են բարձրաձայնել մրցակիցների  խախտումների մասին:
«Անցյալի լույսը նորից կվառեմ»՝ այս կարգախոսով քարոզարշավը մեկնարկած դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը գտնում է, որ իր մրցակից Բալասանյանը հասցրել է օրենքը խախտել՝ նախքան քարոզարշավի մեկնարկը հանդիպելով Գյումրիում գործող ՀԿ ներկայացուցիչների հետ: Ավելին, այդ հանդիպումները լուսաբանվել են հեռուստաընկերությունների կողմից վճարովի եթերաժամի շրջանակներում: Ասել է թե` Բալասանյանն արդեն քարոզարշավային վճարումներ է կատարել: Իսկ Հովսեփ Սիմոնյանը իր քարոզարշավը սկսել է սեփական թաղամասից: Հիշեցնենք, թե նա մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է մրցակից թեկնածուների հետ բանավիճել եւ վերստին հայտարարեց, որ ինքը բանավեճի է հրավիրում Սամվել Բալասանյանին: Թեկնածուի կարծիքով՝ անձի ով լինելը ժողովուրդը ավելի լավ կտեսնի ոչ թե հանդիպումների շրջանակներում, այլ դեբատների ընթացքում: «Հորդորելու եմ, որ մեր ժողովուրդն իր էությամբ դառնա ըմբոստ»,-ասում է դաշնակցական թեկնածուն: Ի դեպ, Հովսեփ Սիմոնյանը իր հիմնական մրցակից է համարում ԲՀԿ թեկնածու եւ ՀՀԿ աջակցությունը վայելող Սամվել Բալասանյանին:
«4-ն են չէ՞ մնացել: Ես էլ հետը 4-րդն եմ: Ուրեմն երեքին էլ ինձ մրցակից եմ համարում: Բոլորին»,-հարցնում ու պատասխանում է Սամվել Բալասանյանը: Նա ակնկալում է քաղաքակիրթ պայքար կոռեկտության շրջանակներում: Ավելին, կոչ է անում ընտրություններից հետո մոռանալ այն մասին, որ մրցակցություն է եղել, եւ բոլոր ուժերն ու հնարավորությունները ներդնել ընտրված թեկնածուին սատարելու եւ նրան օգնելու ուղղությամբ:
Քաղաքապետի մյուս թեկնածու Սպարտակ Պետրոսյանի առաջին կանգառը եղել է Գյումրու տեխնոպարկը՝ Մանկավարժական ինստիտուտի նախկին մասնաշենքը, որը պատկանում է տեխնոպարկին: Թեկնածուն չի հավատում, որ Գյումրին օրերից մի օր կարող է վերածվել տեխնոքաղաքի: Ասում է՝ լավ գաղափարները դեռ քիչ են, պետք է կյանքի կոչել եւ հենց իր՝ քաղաքապետ ընտրվելով է պայմանավորում Գյումրու առաջիկա զարգացումը: Նախկինում շրջկոմի քարտուղար աշխատած թեկնածուն խոստանում է իր փորձն ու հմտությունները ներդնել քաղաքի զարգացման գործում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս