«Մենք, առհասարակ, ընդունելության հայտարարություն չենք անում, այլապես այնքան դիմորդ կհավաքվի, որ չենք կարող նրանց տեղավորել 2 դասասենյակում: Ու թեև դպրոցը գտնվում է Կողբում, մեզ մոտ հաճախում են նաև շրջակա այլ համայնքների երեխաներ»,-ասում է Կողբի Գեղարվեստի դպրոցի ուսուցիչ-կազմակերպիչ Աննա Նասիբյանը:
Դպրոցը, որ հիմնադրվել է 1999 թվականին, համագյուղացի նկարիչ Կարո Դուլիջանյանի նախաձեռնությամբ, առանց գրանցման ու բյուջեի, վարձավճարի ու աշխատավարձի (չհաշված մի քանի բացառություն) կարողացել է գոյատեւել 15 տարի, սակայն այսօր արվեստի այս փոքրիկ օրրանը ունի մի շարք չլուծված խնդիրներ եւ նպատակներ, որոնք կարող են իրագործվել որոշակի աջակցության շնորհիվ: Դպրոցն ունի երկրորդ հարկ, որի կառուցումը ֆինանսների բացակայության պատճառով չի ավարտվել. «Եթե դա ավարտին հասցվի, մենք կարող ենք կրկնակի թվով աշակերտներ ունենալ: Իսկ կարճաժամկետ դասերի փոխարեն կիրառական արվեստի ճյուղերը կարող են մշտական մասնագիտական դասարաններ ապահովել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Ա. Նասիբյանը:
Առօրյա դասերից զատ դպրոցում ցանկություն ունեն կիրառական արվեստի կարճաժամկետ դասընթացներ անցկացնել, գեղանկարների սեփական ձեռնարկը հրատարակել: Ֆինանսական ներդրումներ են պահանջում նաեւ սաների համար կազմակերպվող ամառային ճամբարները: Մեր այն հարցին, թե դպրոցն արժանանում է արդյոք գյուղապետարանի, մարզպետարանի, ՀՀ մշակույթի նախարարության ուշադրությանը, Ա. Նասիբյանը պատասխանեց. «Գյուղապետարանը, եթե հնարավորություն ունենա, կաջակցի, մարզկենտրոնին, նոր պետք է ներկայացվեն առկա խնդիրները, իսկ մշակույթի նախարարությունը… Եթե միայն մեկ անգամ հնարավորություն տային նկարիչների միությունում մեր աշխատանքները ցուցադրել… Բայց անհավանական բան եմ ասում, այդ մեկ շաբաթով ցուցասրահը զբաղեցնելու արժեքին մենք մեկ տարի կպահենք մեր դպրոցը»:
Ուսուցչուհու խոսքով` երբ նոր էր դպրոցը բացվել, ինքը մտածում էր` տեսնես կգա մի օր` այնքան աշակերտներ ունենան, որ դասասենյակներում չտեղավորվեն. «Այդ օրը վաղուց եկել է: Հիմա էլ ասում եմ` տեսնես այսքան շնորհալի սաներն իրենց ծննդավայրում աշխատանք կգտնե՞ն: Ես հավատում եմ, որ կգտնեն, կարեւորը սահմանին խաղաղություն լինի»:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ