ԱՍՏԾՈ «ԴԵՊՈՒՏԱՏԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի զրուցակիցը նախապես զգուշացրեց, որ կխոսի այն դեպքում, եթե իրեն չլուսանկարենք: Նա չցանկացավ նաեւ նշել իր տարիքն ու բնակության վայրը` դա պատճառաբանելով հրապարակումից հետո խնդիրներ չունենալու ցանկությամբ. «Հիմա էլ գան, կպնեն, ասեն, թե ինչ ես ասել, հետո էլ տուն կա, բան կա, ընտանիք, հարազատներ, չէ՛, պետք չէ»:
Սամվելին մենք հանդիպեցինք Աբովյան փողոցում` Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ: Միայն երաժշտության հանդեպ  սերն է ստիպել դուդուկահարին ազգային երգեր նվագելով փող հավաքել եւ ընտանիք պահել: «Եթե ես նախագահ լինեի, մեկ է, էլի նվագելու էի: Աստված երբ շնորհ է տալիս, դու դա պետք է ծառայեցնես մարդկանց: Իմ դուդուկով մեր մեռած երկրին փորձում եմ կոլորիտ տալ, ու մարդիկ՝ ծանոթ-անծանոթ օտարերկրացի, գալիս են, շնորհակալություն հայտնում»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա ընտանիքն արվեստագետների ընտանիք է եւ արդեն 20 տարի է՝ նվագում է փողոցում. «Հայրս, երբ ողջ էր, նվագում էր «Ռոսիա»-ի հատվածում: Երեխաներս էլ էին նվագում նրա հետ՝ դհոլ, դուդուկ: Հորս մահից հետո ես տեղափոխվեցի այս փողոց: Հիմա էլ երգում եմ եկեղեցում: 4 երեխա ունեմ, 4-ն էլ ապագա չունեն: Երկու աղջիկներս մենապարուհի են Թաթուլ Ալթունյանի պարի խմբում, բայց ստացածներն ի՞նչ է, չնչին գումար, տղաներիցս մեկը բանակում է: Այս տարիների ընթացքում ոչ մի առաջխաղացում չունեմ ու հավաքում եմ այնքան գումար, որ սովից չսատկենք, սա է մեր երկիրը, ի՞նչ անեմ»:
Դուդուկահարը դժգոհեց այսօրվա դառն իրականությունից. «Մեր համակարգը դարձել է սատանայի համակարգ: Տղաս արդեն 27 տարեկան է, բայց չի կարողանում ամուսնանալ, ո՞նց ամուսնանա, ինչո՞վ ամուսնանա: Այսօրվա ջահելներն ի՞նչ անեն, գնում են Ռուսաստան, փչացածների հետ են ամուսնանում: Ի՞նչ անենք, գոռում, գոչում են գենոֆոնդի մասին: Մեկ է, կա՛մ պետք է թքես հեռանաս, կա՛մ էլ եթե ղարաբաղցու արյուն չունես, ուրեմն տեղ չունես»:
Նա գոհ չէ նաեւ կրթական համակարգից: «Սովորել եմ Մոսկվայի Ղհը-ի ակադեմիայում, մեր ժամանակ ամեն ինչ այլ էր, բայց հիմա ուսում չկա: Ամեն ինչ խաբեության վրա է: Եթե երեխան 5 տարի չարչարվում է, սովորում է, դե պայմաններ ստեղծե՛ք, որ նա աշխատի, իր երկրում ապագա տեսնի, բայց ի՞նչ ապագա, ի՞նչ բան, եթե այդ ամենը չկա, ուրեմն ուզում ես պետություն էղի, ինչ ուզում ես էղի, դու ստախոս ես: Մի բան էլ ասեմ` չունեցողներն ավելի հարուստ են, իսկ հարուստները դառնում են ժլատ»,-ասաց նա` շեշտելով, որ բոլորն էլ մի օր պատասխան են տալու:
Սամվելն այսօր նկատում է, որ մարդիկ սրտացավ չեն, մեկը մյուսով չեն հետաքրքրվում, չեն  օգնում իրար:  Ըստ նրա՝ այս ամենի պատճառը տգիտությունն է: «Ես քրիստոնյա մարդ եմ, ու իմացե՛ք մի բան. այն մարդը, որը դեպի Աստվածաշունչը չի քայլում, կորած մարդ է: Տեսնում եմ՝ քաղաքում մեքենաներից տեղ չկա կամ մեքենաներում տեսնում ենք` խաչ են կախում, բայց մի հատ աղոթք չգիտեն, ձեւ են տալիս, քաղքենիություն են անում: Օ՜ֆ, աղջի՛կ ջան, այսքան հետդ խոսեցի, գործս մնաց, հիմա այսքան խոսեի` դեպուտատ կլինեի»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե կցանկանար լինել պատգամավոր, դուդուկահար Սամվելը ժպտալով պատասխանեց. «Ես էլ Աստծո դեպուտատն եմ»: Նա նաեւ նշեց, որ ոչ մի տեղ էլ չի դիմել, մեկ է՝ դիմի էլ, բան չի փոխվելու կամ ինչի՞ համար դիմի: Զրույցից հետ շարունակեց իր գործը. այս անգամ Աբովյան փողոցը լցվեց Կոմիտասի հնչյուններով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս