ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մարզի մի շարք բնակավայրերում նախընտրական թեժ պայքար է լինելու: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (տեղակայման վայրը՝ Նոյեմբերյան) տեղեկացանք, որ Նոյեմբերյանի քաղաքապետի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, 1962թ. ծնված Վանուշ Ամիրաղյանը եւ անկուսակցական, անհատ ձեռնարկատեր, 1972թ. ծնված Քաջիկ Անանյանը: Վանուշ Ամիրաղյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, Քաջիկ Անանյանը՝ ինքնաառաջադրմամբ: Սպասվում է, որ շուտով կառաջադրվի նաեւ Նոյեմբերյանի քաղաքապետի 3-րդ թեկնածուն՝ նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը:
Որպես Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքի՝ Կողբի ղեկավարի թեկնածու առաջադրվել են «Երեւանվերելակ» ՓԲԸ փոխտնօրեն, 1965թ. ծնված, անկուսակցական Ավետիք Եսայանը եւ թոշակառու, անկուսակցական, 1955թ. ծնված Մեխակ Աբովյանը: Վերջինս, լինելով կողբեցի, երկար տարիներ որպես պետավտոտեսչության աշխատակից ծառայել է Դիլիջան քաղաքում: Մեխակ Աբովյանը Հայաստանի հանրապետական կուսակցության Նոյեմբերյանի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար, Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Հովիկ Աբովյանի հորաքրոջ որդին է: Ակնկալվում է, որ առաջիկայում որպես գյուղապետի թեկնածու կառաջադրվի նաեւ Կողբի նախկին գյուղապետ Արամայիս Աբովյանը:
Այրում քաղաքում որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվել է գործող քաղաքապետ, 1964թ. ծնված Գիգոլ Եգանյանը: 2008թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա այրումցիներին առավել հայտնի էր որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, Եգանյանի լուսանկարը առկա էր նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի կայքում: Գիգոլ Եգանյանը նախկինում մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքն անկուսակցական է: Սակայն այս ընտրություններում նա առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից որպես այդ կուսակցության անդամ: Այրումի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ անկուսակցական, անհատ ձեռներեց, 1979թ. ծնված Արթուր Այվազյանը: Նա հանդես է եկել ինքնաառաջադրմամբ:
Համայնքների ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրումը կշարունակվի մինչեւ օգոստոսի 24-ը: Սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Նոյեմբերյանում, Այրումում, Կողբում եւ այլ համայնքներում թեժ մրցակցություն է սպասվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս