Մեր հանրապետությունում ամեն կես տարին մեկ երթևեկության կանոնների փոփոխություններ են կատարվում, ինչը հարուցում է վարորդների զայրույթը: Մինչ տաքսիների վարորդները շարունակում են բողոքել լիցենզավորման կարգում կատարված փոփոխությունների դեմ, այս ընթացքում ճանապարհային ոստիկանությունը լուսացույցների գույների հաջորդականությունն է փոփոխում՝ իբր թե ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար:
Տեղեկացնենք, որ տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ մարտի 1-ից Երեւանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն՝ լուսացույցի կարմիր ազդանշանին անմիջապես հաջորդելու է կանաչ ազդանշանը: Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթեւեկությունը սկսել միայն լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ:
Այս նոր փոփոխության համաձայն՝ լուսացույցի լույսի կարմիրից կանաչ փոխվելու ընթացքում դեղին լույսը չի լինելու, իսկ կանաչից կամիր փոխվելիս՝ այն մնալու է:
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը խաչմերուկներում լույսերի հաջորդականության փոփոխությանը դրական է վերաբերում: Նրա խոսքով՝ այս փոփոխության շնորհիվ վթարները կտրուկ կկրճատվեն:
Իսկ, ահա, «Տաքսի ծառայությունների ասոցացիայի» նախագահ Վահագն Սահակյանը, ով նաեւ զբաղվում է էլեկտրոնային սարքերի արտադրությամբ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ դեղին լույսի աշխատանքը հանելով՝ խնդիրն ամբողջությամբ չի կարգավորվի:
«Դեղին լույսի հանելը չնչին փոփոխություն է: Դեղին լույսի առկայությունը շփոթություն է առաջացնում մեր վարորդների մոտ: Վարորդներ կան, որոնք անհանգիստ են, եւ դեղին լույսը տեսնելու դեպքում արագ շարժվում են եւ չեն հասցնում մտնել խաչմերուկ՝ այդպես չթողնելով իրեն նախորդող մեքենային ազատ շարժվել եւ մտնել խաչմերուկ: Նշեմ, որ մեր երկրում դեղին լույսի վառվելու ժամանակահատվածը գրեթե բոլոր խաչմերուկներում սխալ է հաշվարկված»,- տեղեկացրեց Սահակյանը:
Մեր զրուցակիցը մատնանշեց քաղաքակիրթ երկրների օրինակը, որտեղ լուսացույցները կարգավորվում ու ճշգրիտ են աշխատում: «Կան նաեւ երկրներ, որտեղ մինչեւ լուսացույց հասնելը տեղադրված են հատուկ սենսորային տեսախցիկներ, որոնք չափում են խաչմերուկի ծանրաբեռնվածությունը եւ ըստ դրա՝ փոխում են լուսացույցի աշխատանքը: Այսինքն՝ այդ էլեկտրոնային աչքը ֆիքսում է, որ մի կողմի վրա կուտակումը շատ է, ու սկսում է ավելի շատ մեքենաներ բաց թողնել: Երկրներ կան, որտեղ այդ սենսորային տեսախցիկները տեղադրված են ճանապարհածածկույթի տակ, դրանք հաշվում են մեքենաների քանակը` ֆիքսելով, թե որքան մեքենա մոտեցավ, եւ որքան բաց թողեց»,- ներկայացրեց մասնագետը՝ ընդգծելով, որ խնդիրը հնարավոր է կարգավորել միայն լուսացույցների աշխատանքը՝ ըստ ծանրաբեռնվածության աստիճանի կառավարելով:
Մասնագետի պնդմամբ՝ ինչպես մյուս զարգացած երկրներում, այնպես էլ մեր հանրապետությունում ցանկալի է, որ բոլոր լուսացույցները համընթաց աշխատեն, որպեսզի մեքենան շարժվելիս հնարավորինս քիչ հանդիպի կարմիր լույսին. «Դա լուծելի խնդիր է: Ընդամենը պետք է լուսացույցների վրա տեղադրել GPS, GPRS մոդուլներ եւ տվյալ ծրագիրը քաղաքի թվային քարտեզի վրա նախապես մշակել»:
Սահակյանը վստահեցրեց, որ սրանով կնվազի նաեւ մթնոլորտի աղտոտվածությունը, որովհետեւ մեքենաները գերածախս անում են այն ժամանակ, երբ կանգնում են ու նորից շարժվում:
«Դա թույլ կտա նաեւ վարորդին վառելիքի խնայողություն անել, էլ չեմ խոսում ժամանակի տնտեսման մասին: Ավելին՝ մեքենայի կանգնելուց, շարժվելուց ավտոմասեր կան, որոնք շատ արագ մաշվում են: Կարճ ասած՝ դա բավականին լուրջ խնդիր է, իսկ աշխարհը վաղուց դրա լուծումը գտել է: Մենք այս խնդրի լուծման առաջարկով ժամանակին դիմել ենք ճանապարհային ոստիկանությանը, սակայն բազմաթիվ անգամ հանդիպել ենք պատնեշի: Մարդիկ նույնիսկ չեն էլ հասկացել, թե ինչի մասին ենք խոսում: Մինչդեռ այսօրվա տեխնիկայի պայմաններում դա լրիվ լուծելի խնդիր է»:
Մեր զրուցակցի խոսքով՝ պատկան կառույցների կողմից պարբերաբար երթեւեկության կարգի փոփոխությունները բացասական են անդրադառնում նաեւ վարորդների աշխատանքի վրա:
«Քանի որ մեր քաղաքը փոքր է, այդ պատճառով մարդիկ հեշտ են սովորում լուսացույցների աշխատանքի ռեժիմին, բայց երբ փոփոխություն է կատարվում կարգերի մեջ, նրանք բազմաթիվ խախտումներ են անում ու տուգանվում են: Ես ինքս մեքենա վարելու երկար տարիների փորձ ունեմ, բայց մի քանի անգամ տուգանվել եմ միայն այն բանի համար, որ առանց վարորդներին զգուշացնելու օրենսդրական ինչ-որ փոփոխություն է կատարվել: Էլ չեմ խոսում այն մասին, որ կարճ ժամանակ անց այդ փոփոխությունը չի արդարացրել իրեն եւ կրկին փոփոխության է ենթարկվել»,- ներկայացրեց Սահակյանը:
Թեև առաջին հայացքից թվում է, թե Կառավարությունը վարորդների օգտին օրենսդրական փոփոխություններ է կատարում, սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ դրանք իրենց չեն արդարացնում: Տեսնենք, թե այս փոփոխությունը որքան կտեւի եւ ինչ ազդեցություն կունենա մեր վարորդների աշխատանքի վրա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ