Թե ինչպես անմոռուկը մտավ կենցաղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը` անմոռուկը, աստիճանաբար ավելի լայն տարածում է գտնում հայերիս շրջանում: Անմոռուկով կրծքանշաններ սկսել են կրել անգամ հաղորդավարները, քաղաքական գործիչները եւ այլ հանրային դեմքեր: Վերջին շրջանում առաջ եկած մեկ միտում, սակայն, բազում քննադատությունների ու դժգոհությունների ալիք բարձրացրեց քաղաքացիների շրջանում:

Սոցցանցերում սկսվեց ակտիվորեն քննարկվել այն հարցը, որ հայերիս համար կարեւորագույն խորհուրդ ունեցող նշանը մտավ մեր կենցաղ, անգամ սկսեց ծառայել ոմանց բիզնես շահերին: Այսօր գնորդներին առաջարկվում են անմոռուկով կրծքանշաններ, զարդեր, կախիկներ, թիթեռնիկներ, ձեռքի աշխատանքներ: Անմոռուկի նշանն արդեն կարելի է դաջված տեսնել նույնիսկ զգեստների, կոշիկների վրա: Անգամ ատամնաբուժական կլինիկաներից մեկն իր ծառայությունների մասին գովազդը հանրությանը ներկայացնում է անմոռուկի ֆոնին` նշելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվում են զեղչեր: «Այնպիսի տպավորություն է, որ մենք ոչ թե նշում ենք, այլ տոնում ենք Ցեղասպանության տարելիցը»,-նկատել էր համացանցի ակտիվիստներից մեկը:

«Ժողովուրդ»-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանից հարցրեց` հնարավոր է՞ արդյոք այս գործընթացը գոնե ինչ-որ չափով վերահսկելի դարձնել, որոշ ընկերությունների զգուշացում անել. «Կան դաստիարակված եւ անդաստիարակ, ճաշակավոր եւ անճաշակ մարդիկ: Կան նաեւ այնպիսիք, ովքեր բիզնեսի մոլուցքով են տարված: Եվ այս գործընթացն անվերահսկելի է, անհատական մոտեցման խնդիր է, ցանկացած մեկը յուրովի է ընկալում այդ խորհրդանշանը»,- մեկնաբանեց նա:

Այնինչ սոցցանցերի քննադատները նկատում են, որ կարելի էր 100-րդ տարելիցի այնպիսի խորհրդանշան ընտրել, որը «տոնին բնորոշ տրամադրություն հաղորդելու հնարավորություն չէր փոխանցի»: «Նման միջոցառումը ճիշտ ընտրված կազմակերպիչ պետք է ունենա` սրտացավ, ճաշակով, կիրթ, նուրբ մոտեցմամբ»,-կարծիք են հայտնում թեման քննարկող ակտիվիստները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս