Իշխանությունների և «միակ ընդդիմադիրների» դաշինքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի` ինստիտուցիոնալ ընդդիմության մասին ՀՀ ԱԺ փետրվարի 23-ի նիստում հնչած հայտնի ելույթից հետո Հայաստանի քաղաքական դաշտում բավական ուշագրավ իրավիճակ ստեղծվեց: ՀՀԿ-ականները եւ քաղաքական դաշտի «միակ ընդդիմադիրները» փաստացի դարձել են խորհրդապահական դաշնակիցներ:

Այսպես՝ ՀՀԿ-ականների` ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարի վերաբերյալ արձագանքները մինչ օրս եղել են միայն դրական տոնայնության մեջ: Իսկ արդյոք ՀՀԿ-ականների արձանգանքը կարող էր այլ կերպ լինել, միանշանակ՝ ոչ, չէր կարող լինել, որովհետեւ մյուս տարբերակները նրանց համար վնասակար կլինեին: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց փաստ է, որ ՀՀԿ-ի կողմից ինստիտուցիոնալ ընդդիմության կազմավորման դեմ պայքարելու միակ տարբերակը այդ գաղափարը գովելն է: Մի պահ պատկերացրեք, որ ՀՀԿ-ականները սկսեին քարկոծել այդ գաղափարը: Հայաստանի հասարակության մեջ վաղուց ձեւավորված կարծրատիպերի համաձայն՝ ՀՀԿ-ականների ասածները մարդիկ, որպես կանոն, հակառակ իմաստով են հասկանում:

Այսինքն՝ ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը ՀՀԿ-ականների կողմից քարկոծելը կնպաստեր այդ մոտեցման արագ տարածմանը: Սակայն ՀՀԿ-ականները վաղուց ադապտացվել են Հայաստանի հասարակության շրջանում իրենց հանդեպ ձեւավորված ընկալմանը, եթե որեւէ անձի կամ երեւույթի հետ կապված նրանք մտավախություններ են ունենում, ապա ուղղակի չեն հարձակվում, ընդհակառակը, փորձում են «լավ վերաբերմունքով» սեւացնել: Այս մոտեցումն առավել կիրառվում է այն դեպքերում, երբ վտանգը դեռեւս առարկայական չէ, այլ հեռանկարային է, ու դրա դեմ ՀՀԿ-ականների պայքարը միայն քարոզչական դաշտում է:

Ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը հնչել է որպես Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական իշխանությունից ազատվելու միջոց: ՀՀԿ-ականների կողմից այդ գաղափարին դրական գնահատական տալը նույնն է, թե մահապատժի դատապարտվածը սկսի գովել իր համար պատրաստված կախաղանը: Մյուս կողմից՝ պատկերացնենք մի իրավիճակ, երբ դատապարտվածն իմանա, որ իր համար պատրաստված կառափնարանը գովելով կարող է դրանից ազատվել, թե ինչ ջանասիրությամբ նա կսկսի գովել իր գլխին սպասող կացինը, մնում է միայն կռահել:

Բայց ՀՀԿ-ականների` դրական վերաբերմունքով հակառակորդների դեմ պայքարելու մարտավարությունը առանց իրեն ընդդիմադիր հռչակող դաշնակցի ի սկզբանե դատապարտված կլիներ: Այդ դեպքում վերը բերված աբսուրդը միանգամից տեսանելի է դառնում: Ուստի սպառնացող վտանգից պաշտպանվելու համար իշխանությունները ընդդիմադիր դիրքերից հանդես եկող դաշնակից պետք է ունենան: Առավել նախընտրելի է խորհրդապահական դաշնակիցը: Այդ դեպքում իշխանությունները սկսում են դրական խոսել իր դեմ դիրքավորվող ուժի մասին, իսկ «միակ ընդդիմադիրներն» այդ փաստը դրոշակ դարձնելով՝ փորձում են վարկաբեկել «անկոչներին»:

Ստեղծված իրավիճակում նման պահվածքը «միակ ընդդիմադիրների» քաղաքական դաշտում մնալու միակ տարբերակն է: Քաղաքական դաշտում նրանց գոյության միակ գրավականը մրցակից չունենալն է, որպեսզի դաշտում իսկապես լինեն «միակ ընդդիմադիրները», քանի որ քաղաքական դաշտում հնարավոր փոփոխության դեպքում շատ արագ կարող է պարզվել, որ «միակների» եւ իշխանությունների միջեւ որակական ոչ մի տարբերություն չկա, ու անցած տարիներին ընդդիմադիր դաշտի անհաջողությունների հիմնական պատճառներից մեկը հենց այդ փաստն է եղել:

Ավելին՝ կասկածից վեր է, որ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում «միակ ընդդիմադիրներն» իշխանությունների համար ամենացանկալի հակառակորդն են: Ներկա ընտրակեղծարարները շատ լավ գիտակցում են, որ նախկին ընտրակեղծարարները վտանգ չեն ներկայացնում: Ուստի նրանք երկուսով պետք է փորձեն ամեն ինչ անել, որպեսզի մինչեւ հաջորդ ԱԺ ընտրությունները «միակ ընդդիմությունը» շարունակի այդպիսին մնալ, քանի որ այդ դեպքում ՀՀԿ-ականներն ընտրություններում հաստատ կխփեն այնքան, որքան կցանկանան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս