Ինչո՞ւ չի պատժվում Սահմանադրությունը խախտող պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ Սահամանադրական փոփոխությունների մեկնարկը պաշտոնապես չազդարարվեց, սակայն դրանք դարձան ներքաղաքական վերջին լարվածության հիմնական առանցքը:

Ելնելով բազում հնարավոր պատճառներից մեկից՝ իշխանության նմանօրինակ բիրտ գործողությունները միտված են հենց սահամանադրական փոփոխությունների ընթացքը հաջողությամբ ապահովելուն ու ցանկալի արդյունքներին հասնելուն: Այս համատեքստում ուշագրավ է նրանց իսկ հրապարակած փաստաթղթի՝ «Հայեցակարգի» այն պնդումը, որ Հայաստանի քաղաքական ասպարեզը պետք է սահմանադրականացնել: Այս շարքում հիշարժան է նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների սահմանադրական զարգացումների փորձը հաշվի առնելու նկատառումը:

Այսպես՝ «Հայեցակարգի» սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հիմնավորումների երկար շարքը ավարտվում է հետեւյալ պնդմամբ. «Իրավական պետությունում պետք է բացառվի քաղաքական, տնտեսական եւ վարչական ներուժի սերտաճումը, երաշխավորված ու ապահովված պետք է լինի քաղաքական ուժերի նպատակների ու գործունեության սահմանադրականությունը»: Թեեւ այս դրույթը գործում է ցանկացած ժողովրդավարական երկրի Սահմանադրության մեջ, դրա կիրառությունը գտնվում է միայն ու միայն քաղաքական վերնախավի կամքի առկայության շրջանակներում:

Ի վերջո, Հայաստանի ներկայիս Սահմանադրության 65-րդ հոդվածը հռչակում է, որ ԱԺ-ի պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Անհերքելի է, որ լրագրողների հետաքննություններով եւ անգամ օտարերկրյա մամուլի միջոցով հանրությունը տեղեկանում է կոնկրետ պատգամավորների բիզնես «հաջողությունների» մասին: Ավելին՝ ՀՀԿ-ն անգամ չի ժխտում, որ իր խմբակցության պատգամավորների մեծ մասը օլիգարխներ ու գործարարներ են: Հատկանշական է, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած ՀՀԿ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ ինքն ունի ընդամենը մեկ բիզնես, որը հարկային մարմինների հետ խնդիրներ չունի:

Ըստ էության, Նաղդալյանը խախտում է Սահմանադրության 65-րդ հոդվածը, որի համար նա պետք է զրկվի պատգամավորական մանդատից: Արդ, ականատեսն ենք լինում ոչ միայն գործող Սահմանադրության կոպտագույնս խախտմանը, այլեւ նման նախադեպով կասկածի տակ է դրվում սույն փոփոխությունների իրական ու բարի նպատակները: «Հայեցակարգում» հռչակելով տնտեսական ու քաղաքական ներուժի սերտաճման անթույլատրելիությունը՝ իշխանությունը, այսօր դեռ փոփոխություն արած չլինելով, արդեն իսկ ապացուցում է, որ թղթի վրա գրվածը չի համապատասխանում իրերի իրական դրությանը: Այս համատեքստում, մեղմ ասած, տարօրինակ է, որ քաղաքական ուժերի ու դերակատարների գործունեության սահմանադրականացման անհրաժեշտության մասին պնդումը հռչակվում է գերագույն նպատակ, միեւնույն պահին՝ գործնականում արհամարհվում: Դիցուք, այսօր Սերժ Սարգսյանը մեկ ելույթով ու հրահանգով միանգամից կարող է լուծել բիզնեսի ու քաղաքականության սերտաճման հարցը, ինչը կարող է անկեղծ շահագրգռվածության առհավատչյան դառնալ:

Իսկ, ահա, սահմանադրական փոփոխությունների շուրջ հնչեցրած հիմնավորումներից վերջինի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ հետեւություններ պետք է անի՝ նաեւ հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ երկրների սահմանադրական զարգացումների փորձը»: Իրականում այս պնդումը գտնվում է առավելապես օտարների փորձը հաշվի առնելու ու հավանական համեմատություններ անցկացնելու դաշտում, ինչը խոր հակասության մեջ է մտնում մեզ նման երկրների հետ: Ստացվում է, որ Վրաստանի, Ադրբեջանի ու նախկին ԽՍՀՄ երկրների զարգացման ճանապարհը մեզ համար պետք է ուսուցանող լինի: Բավական է, սակայն, արձանագրել, որ մեզ համար նույնիսկ մեր իսկ պատմությունը ուսուցանող եւ դաստիարակիչ չէ, էլ ուր մնաց հայացք ձգենք այնպիսի երերուն «ժողովրդավարություններին», ինչպիսիք են նախկին խորհրդային հանրապետությունները:

Հատկանշական է, որ ԽՍՀՄ-ի հանրապետությունների մեծ մասում այսօր հաստատված են բռնապետական կարգեր, իսկ ժողովրդավարական տարրեր ունեցողներում էլ գերակշռում են քաոսային իրավիճակները: Շեշտելի է, որ նման երկրներում գոյություն չունեն կոնկրետ գաղափարախոսական հենքով ձեւավորված խոշոր կուսակցություններ, ինչը պարտադիր պայման է խորհրդարանական կառավարմամբ երկրների համար: Ի դեպ, ժամանակին հենց Սերժ Սարգսյանն էր մեր երկրում անցկացված «փառահեղ» ընտրությունների գաղտնիքը տեսնում մենթալիտետային առանձնահատկություններում: Ուստի եւ նույն, իրականում ավելի կուռ տրամաբանությամբ՝ պետակառավարման մոդելը սպեցիֆիկ է, որի որոշման համար պետք է ելնել տվյալ ազգի պատմության, քաղաքական ավանդույթների ու քաղաքակրթական առանձնահատկություններից:

Համաձայնեք, որ սահմանադրական կարգերի ընտրության հարցում աշխարհում գոյություն ունեն այնպիսի կայուն ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներ, որոնցից է հենց առաջին հերթին հարկավոր օրինակ վերցնել: Վերջինը, սակայն, չի նշանակում, թե պետք է արտագրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու մյուսների Սահմանադրությունը եւ հարմարեցնել հայաստանյան իրականությանը: Ի վերջո, արտագրել էլ կարելի է, գերագույն խնդիրը սահմանադրության ռեալիզացումն է՝ ի կատար ածելը: ԽՍՀՄ Սահմանադրությունն էլ էր հռչակում բազում բարիքներ, այդուհանդերձ, որքանո՞վ էր այն կիրառելի ու որքանո՞վ էր դրան հետեւում քաղաքական վերնախավը:

Ամփոփելով հայեցակարգային հիմնավորումների շարքը՝ հարկ է հստակորեն արձանագրել, որ այդօրինակ ձեւակերպումներ կարելի է տասնյակներով ներկայացնել ցանկացած պնդման համար: «Հայեցակարգի» հեղինակների խնդիրը պետք է լիներ հռչակագրային մակարդակում առնվազն չկտրվել իրականությունից, քանզի ինքնին հասկանալի է, որ այսօր իշխանության վերնախավին անհնար է պարտադրել սահմանադրականացնելու սեփական ապօրինի գործունեությունը:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս