Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն այն կարծիքին է, որ ամեն արվեստագետ եւ մտավորական պետք է այսօր իր ընդունած կրավորական կեցվածքից հրաժարվի: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքական կյանքին` նկատելով, որ եթե մենք այսօր ազգային պետություն, պետական իշխանություն չձեւավորենք, կկորցնենք ամեն ինչ:
-Պարո՛ն Աղաբաբյան, Դուք այն եզակի արվեստագետներից եք, ով չի խուսափում խոսել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներից: Այնինչ՝ մեր մշակույթի ոլորտի մարդիկ, անդրադառնալով դրանց, հաճախ գալիս են այն եզրահանգման, որ դեռեւս չի հասունացել իրենց ընդդիմանալու ժամանակը…
-Ասեմ ավելին` այն ոչ թե չի հասունացել, այլ մենք կորցնում ենք մեր երկիրը: Այլեւս հապաղելու ժամանակ չունենք: Շատ արվեստագետներ` վերեւների հետ կապ ունեցող եւ չունեցող, որոշները սրտացավությամբ, որոշները` ոչ, ինձ մոտեցել են եւ ասել են` գործ չունես, բան չի փոխվելու: Ես ուզում եմ ասել` սիրելինե՛րս, եթե իրավիճակն այսպես մնաց, ամեն ինչ ավիրվելու է: Չի կարելի հանդուրժել այս ամենը: Յուրաքանչյուր արվեստագետ եւ մտավորական, եթե մեդալներով կաշառված չէ կամ ճառ ասող չէ՝ իշխանությունների ջրաղացը ջուր լցնելու համար, եւ իր արած գործով էլ է մարդ, հայ, պետք է այս կրավորական կեցվածքից հրաժարվի, թե չէ դա մեր տունը քանդելու է:
-Դուք ակտիվ կերպով հետեւում եք մեր ներքին քաղաքական կյանքին: Նշում եք, որ Հայաստանը կործանելու համար որոշ ուժեր ներսից են գործում. կբացատրե՞ք:
-Մենք մի հետաքրքիր տեսակ ենք. որ տեղներս նեղվում է, Փոքր Մհերի պես մտնում ենք Ագռավաքար ու դռները փակում: Այդպես մենք հազարամյակներ շարունակ գոյություն ենք պահպանել որպես ազգ: Ոմանք շատ երկար մտածեցին ու ներսից մտնելու եւ քանդելու ձեւը գտան: Կարծում եմ` շատ մաքուր հայորդիներ հասկացել են, որ այն կուսակցություն կոչվածները, որ «սարքեցին» մեր գլխին 19-րդ դարում, դրանք ներս մտնելու, ներսից քանդելու նպատակ ունեին: Մասոնները մտան մեր Ագռավաքար ու սկսեցին այնտեղ մեզ աղճատել: 2000 տարի է` այդ ուղղությամբ աշխատում են: Այստեղից սնունդը վերցրել են, գնացել են ամբողջ աշխարհ, հիմա ուզում են այդ սնունդը տվողը չլինի, գոյություն չունենա: Սա շատ տխուր վիճակ է: Հիմա ներսը պետք է փակենք, թունավորումները հանենք, որ կարողանանք գոյատեւել:
-Իսկ իշխանությունն ի՞նչ է անում:
-Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրի ղեկավարը` Սերժ Սարգսյանը, ուղիղ ասեմ` թշնամի է մեր ազգին, թշնամի է հայ ժողովրդին եւ պետությանը: Բազմաթիվ անգամներ մենք համոզվել ենք դրանում: Նա այլեւս նույնիսկ ՀՀ նախագահը չէ. ՀՀ-ն ղեկավարում է կոնկրետ Ռուսաստանը: Նա ընդամենը «ներքին շայկաների» խաղերն է տալիս եւ ցույց է տալիս ռուսին, որ վերջինս դեռ կարող է իր վրա հենվել: Հիմա տեսեք` ոնց են գործող կուսակցությունները շարան-շարան գնում, փորձում են հավատարմություն ցույց տալ Ռուսաստանին, որ իրենց վրա «խաղադրույք» դրվի: Այժմ, երբ մենք գիտենք, թե մեր թշնամին ով է, հանկարծ ազգային կոչվող ՀՅԴ կուսակցությունը դառնում է Սերժ Սարգսյանի հենարանը: Ի՞նչ է ստացվում` ինքն օգնում է, որպեսզի ավելի մեծ արագությամբ ավերվի Հայաստանը. ես ուրիշ բան չեմ տեսնում դրա մեջ, հասկանո՞ւմ եք:
-Ո՞րն է այսօրվա ամենամեծ խնդիրը, եւ ո՞րն է իրավիճակից դուրս գալու համար Ձեր կողմից առաջարկվող ելքը:
-Մենք այսօր մի շատ կարեւոր խնդրի առջեւ ենք կանգնած. եթե ազգային պետություն, պետական իշխանություն չձեւավորենք, կկորցնենք ամեն ինչ: Այս իշխանության ներքո յուրաքանչյուր օրը մեծ վտանգ է իր մեջ պարունակում: Սրանք թքած ունեն ե՛ւ պետության, ե՛ւ ազգի վրա: Իսկ ռուսը ինչ ուզի, կանի: Ռուս ազգը չէ, ռուսական քաղաքականությունը շատ երկար տարիներ ցույց է տվել, որ Հայաստանն իր համար թշնամի պետություն է, թշնամի ժողովուրդ: Այսօր եւս մենք դրանում համոզվում ենք, կռվի տարիներին էլ էինք համոզվում: Պուտինն էլ չլինի նախագահ, ով ուզում է լինի, նրանց քաղաքականությունը մեր հանդեպ չի փոխվելու, մինչեւ որ մենք մեզնից բան չներկայացնենք: Եթե կարողանանք ստեղծել ազգային պետություն, ռուսին էլ է դա ձեռնտու. մենք կկարողանանք փոխհարաբերություններ հաստատել աշխարհի պետությունների հետ: Ինքն էլ, այսպես կոչված, այս կողմի սահմանն ամուր կտեսնի ու կայուն: Այս խաչմերուկի մեջ լինելը մենք պետք է ի նպաստ Հայաստանի դարձնենք:
Աննա Բաբաջանյան