Արդեն մի քանի օր է` Պուշկինի 25 հասցեում ընթանում են Երեւան քաղաքի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, Արտակարգ իրավիճակների կոմիտեի աշխատակիցների համար նախատեսված բնակելի նախկին շենքի վերակառուցման աշխատանքներ: Այժմ արդեն հայտնի է, որ 1927-29թթ. Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքի հետնամասում 17 հարկանի հյուրանոց է կառուցվելու:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013-ի ապրիլին Երեւանի քաղաքապետարանից հավաստիացնում էին, թե քննարկվող շինության հարեւանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում եւ ՀՀ մշակույթի նախարարությունում, եւ որ որոշվել է բացառել շենքին որեւէ միջամտություն:
«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվել է` ինչպես ստացվեց, որ այդ նախագիծը հաստատվեց, եւ մի բան էլ` մեկնարկեց շինարարություն: Ըստ ստացված պատասխանի` տեղական նշանակության հուշարձան-շենքի վրա ՀՀ Կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 577-Ն որոշմամբ` թույլատրվել է մեկ հիմնական հարկի եւ ձեղնահարկի ավելացումը, իսկ նախարարությունը շենքում հյուրանոցի կազմակերպման համար մեկ հիմնական հարկի եւ ձեղնահարկի ավելացումը գտել է ոչ նպատակահարմար եւ հնարավոր է համարել վերոնշյալ որոշման մեջ կատարել փոփոխություն: «Իսկ տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շրջանակներում Պուշկինի փողոցի պատմական միջավայրը եւ պատմամշակութային հուշարձան-շենքի առավել արժեքավոր տարրերի պահպանման ապահովման համար նախարարությունը առաջարկել է հուշարձանի փոփոխումն իրականացնել շինության հետնամասում` փողոցի կարմիր գծից 12 մետր նահանջով»,-ասված է պատասխանում: Այնտեղ նաեւ նշված է, որ նկատի ունենալով նախարարության եզրակացությունը` վերոնշյալ որոշման մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն եւ պահանջների ապահովմամբ նախագիծը ներկայացվել է համաձայնեցման:
Նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ շենքում 1950-ական թթ. իրականացվել է մանսարդային հարկ, այժմ էլ իրականացվում են շենքի հետնամասի ապամոնտաժման աշխատանքներ, իսկ պահպանվող ծավալի հիմնական պատերը, ըստ համաձայնեցված նախագծի, ենթակա են ուժեղացման: Ինչ վերաբերում է մանսարդային հարկին, նախարարությունից վստահեցնում են, որ այն ապամոնտաժվելու եւ վերականգնվելու է նույն տեսքով:
Սպասենք, տեսնենք:
Աննա Բաբաջանյան
Լուսանկարը` Pan Photo-ի