Վաղը պարզ կլինի Արմեն Աշոտյանը պետական այր է, թե խաբեբա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դատական հայցադիմումը ետ չի վերցրել և դեռ պայքարում է՝ իր խոսքով արդարությունը վերականգնելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սուրեն Զոլյանն ասաց, որ վերջին դատական նիստը եղել է հուլիսի 18-ին և շարունակվելու է վաղը, որտեղ ինքը կպարզի, թե իրեն աշխատանքից ազատած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պետական այր է, թե խաբեբա:
“Վաղվանից արդեն սկսվելու է իմ դատական վեճերի երկրորդ սերիան: Հիշո՞ւմ եք, որ պարոն Աշոտյանը ֆեյսբուքում հայտարարում էր, որ անօրինականություններ է հայտնաբերել մեր համալսարանում: Ես հիմա իրենց տվել եմ հնարավորություն։ Վաղը դատարանում պարզ կդառնա, թե պարոն Աշոտյանը և նախարարության աշխատակիցները ինչ հիմքով ենք ստուգումներ կատարել մեր համալսարանում: Վաղը արդեն պարզ կլինի պարոն Աշոտյանը պետական ա՞յր է, թե սովորական խաբեբա”,-նշեց ԵՊԼՀ նախկին ռեկտորը:
Նշենք նաև, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով (հիմնավորումը՝ առանց նախարարի թույլտվության ՀՀ-ից բացակայելու համար) Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին աշխատանքից ազատվեց, և բուհի ռեկտորի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար դիմում չներկայացրեց, որից հետո, այս տարվա հունիսի 12-ին բուհի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը:
Հարցին, թե դատարանում ո՞վ է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության շահերը, Սուրեն Զոլյանն ասաց.”Դատարանում ԿԳՆ շահերը ներկայացնում է ԿԳ նախարարության իրավաբանական վարչության պետ պարոն Բավեյանը, ով էլ համալսարանում ստուգումներ իրականացնող խմբի ղեկավարն է եղել, ինչպես նաև նույն նախարարության իրավաբանական վարչության մեկ ավագ մասնագետ”:
Սուրեն Զոլյանի խոսքով ամեն ինչ արվում է, որպեսզի ինքը լքի Հայաստանը, սակայն ինքը մնալու է Հայաստանում և պայքարելու է՝ իր խոսքով արդարության վերականգման համար:
Հիշեցնենք, որ իր պաշտոնանկությունից հետո Սուրեն Զոլյանը դատական երկու հայց էր ներկայացրել դատարան՝ վիճարկելով նախ իր պաշտոնանկության օրինականությունը, ինչպես նաև ստացած նկատողությունը, որը տրվել է ԿԳ նախարարի կողից:
 




Լրահոս