ԵԿԵԼ ԷՐ՝ ԱՍԵՐ, ՈՐ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե որեւէ մեկը 8 կամ 7 տարի առաջ ասեր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է կեսժամանոց ելույթ ունենալ, որը որեւէ միտք չի պարունակի եւ կլինի «եկել եմ՝ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք» մոտիվներով, թերեւս դժվար թե գտնվեր մեկը, ով կհավատար: Մարտի 1-ի հանրահավաքում, սակայն, մենք դարձանք այդ իրողության ականատեսը: Փաստորեն, մի քաղաքական գործիչ, ում ելույթները նախկինում կանխորոշում էին առաջիկա առնվազն մեկ ամսվա քաղաքական օրակարգը, այլեւս ասելիք չունի եւ չի համարձակվում Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսել: Հարց կարող է ծագել՝ իսկ կեսժամանոց ելույթն ինչի՞ մասին էր: Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու իր տեսլականից բացի` ուրիշ ոչնչի: Ուստի ամենեւին էլ պատահական չէր, որ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքը մինչ այս տեղի ունեցած մարտիմեկյան հանրահավաքներից ամենասակավաթիվն էր: Այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց միառժամանակով ակտիվ քաղաքական գործունեությունից հրաժարվելու մասին, նույնպես սպասելի էր: Փաստորեն, 2015 թվականի մարտի 1-ին պաշտոնապես արձանագրվեց, որ Հայաստանի` մինչ այդ եղած քաղաքական դաշտից ասպարեզում մնացել է միայն իշխանությունը, իսկ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն այլեւս անցյալ են:

 

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հայաստան չի ժամանի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան նորին գերազանցություն տիկին Քեթրին Լիչը: «Վարչապետ Քեմերոնն արդեն պատասխանել է նրա (Սերժ Սարգսյանի, խմբ.) հրավերքին՝ ընդունելով այս հարյուրամյա տարելիցի կարեւորությունը հայ ժողովրդի համար եւ ներողություն խնդրելով, որ անձամբ չի կարող ներկա գտնվել ու մասնակցել հիշատակման միջոցառումներին»,- ասել է դեսպանը: Ք. Լինչը նաեւ հավելել է, որ դեռեւս որոշված չէ, թե ինչ մակարդակով Մեծ Բրիտանիան ներկայացված կլինի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը նշվելու է այս տարվա ապրիլի 24-ին: Դեսպանի պատասխանները թույլ են տալիս ենթադրելու, որ Մեծ Բրիտանիան Հայաստանում եւ Թուրքիայում ներկայացված կլինի հավասարազոր մակարդակներով:

 

 

 

Ոստիկանության Երեւանի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի ընտանիքի բիզնեսների հետ տեղի ունեցածն ամենադիպուկ կերպով բնորոշում է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների էությունը: Փաստորեն, այն տարիներին, երբ Նազարյանը զբաղեցնում էր ոստիկանության Երեւանի վարչության պետի պաշտոնը, նրա ընտանիքի բիզնեսները ծաղկում եւ զարգանում էին: Ի թիվս այլ բիզնեսների՝ մեկը մյուսի ետեւից մայրաքաղաքում բացվում էին Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները: Իսկ պաշտոնանկությունից հետո Նազարյանների գործերը սրընթաց սկսեցին վատանալ: Ներսես Նազարյանի պաշտոնանկության երկու տարին դեռ չի լրացել, բայց նրանց բիզնեսից էլ բան չի մնացել: Այսինքն` Հայաստանում միայն գործող պաշտոնը կարող է բիզնեսի «հաջողությունն ապահովել»: Մնացած դեպքերում բոլոր տեսակի կապերը եւ անգամ տարիների ընկերությունը գործոն չեն: Այս օրինակը բացատրում է նաեւ, թե Հայաստանի պաշտոնյաները ինչու են պատրաստ ամեն ինչ անել, միայն թե իրենց աթոռներից չզրկվեն:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շուրջ մեկ ամիս եթեր չհեռարձակվող «Լայմ» հեռուստաընկերությունը նախկին տեսքով այլեւս եթեր չի վերադառնա, դրա փոխարեն եթեր կհեռարձակվի ՀՀԿ-ի նոր բացվելիք հեռուստաընկերությունը: «Ժողովուրդ»-ը նախկինում տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է սեփական հեռուստաալիքը բացել, որը, նախնական տեղեկություններով, կոչվելու է «Հայք»: Անցած տարվա վերջին իշխանությունները դեռեւս չէին կողմնորոշվել, թե այդ նպատակով որ հեռուստաալիքը օգտագործեն, եւ կարծիքներ կային, որ դա կարող է լինել «Արմնյուզը»: Սակայն, ի վերջո, որոշվել է ՀՀԿ-ին հատկացնել «Լայմը»: Այս ընտրությունն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նշված հեռուստաընկերությունը պահելու հարցում իշխանությունները վաղուց խնդիրներ ունեին: Վերջին մի քանի տարիներին նշված հեռուստաընկերությունը մշտական ֆինանսավորում չուներ եւ փոխանցիկ դրոշի պես պարբերաբար ձեռքից ձեռք էր անցնում:

 

 

 

 

 

ՀԱՄԱՐԺԵՔ

Օրերս «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում 2008 Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, կարծիք էր հայտնել, թե Մարտի 1-ի գործով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից վերսկսված քննության պատճառը ՄԱԿ-ի հարցապնդումներն են ՀՀ իշխանություններին` կատարված հանցագործության բացահայտմանն ուղղված ջանքերի շուրջ: Տիկին Ալլան առավել քան համոզված էր, որ Մարտի 1 -ի գործին կրկին ընթացք տալու իշխանությունների քայլերը զուտ իմիտատիվ են:
Պարզվում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի զեկուցողի կողմից իրապես եղել են, ընդ որում, ոչ մեկ անգամ նման հարցապնդումներ, որոնք, սակայն, ՀՀ իշխանությունները թողել են անպատասխան: Միայն անցյալ տարվա ընթացքում եղել են երկու այդպիսի նամակներ, որոնցից վերջինում արդեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին ստիպված է եղել պաշտոնապես «ափսոսանք հայտնել» առ այն, որ ՀՀ իշխանությունները հարկ չեն համարում պատասխանել:
Ասել է թե` սին են տիկին Ալլայի հույսերը, թե ՀՀ իշխանությունները կարող են Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված անգամ իմիտատիվ քայլեր անել` ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին ինչ-որ բաներ ցույց տալու անհրաժեշտությունից ելնելով: Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն նման խնդիր չունեն, եւ դրա հիմնական մեղավորը ոչ միայն նույն միջազգային կազմակերպություններն են` իրենց երկակի ստանդարտներով, այլեւ հենց իրեն Մարտի 1-ի իրավատեր հայտարարած Հայ ազգային կոնգրեսը: Ընդ որում, խոսքն այս դեպքում ոչ միայն ՀԱԿ կուսակցության, այլեւ Կոնգրեսի երբեմնի ողջ կազմի մասին է` իր 17 անդամներով, որոնց գերակշիռ մասը դուրս գալով ՀԱԿ-ից` իսպառ մոռացան Մարտի 1-ի բացահայտման համար պայքարելու նաեւ իրենց բարոյական պարտավորության մասին:
Կառավարության հետ վերջին հարցուպատասխանում այս հարցը բարձրացրած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը չի հասկանում, թե ինչպես կարող է Հայաստանը արհամարհել ՄԱԿ-ի նման կազմակերպության հարցապնդումը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ չի հասկանում, թե ինչպես կարող էր ՀԱԿ-ը Ազգային ժողով մտնել Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խոստմամբ, սակայն «պայմանավորվել» իշխանության հետ` 2013-ի նախագահական ընտրությունների անհասկանալի, խնդրի հետ բոլորովին կապ չունեցող պատճառաբանությամբ հարցը հետաձգել, դրանից հետո էլ հանձնաժողովի ստեղծմանը հետամուտ լինել «այնքանով, որքանով»: Էլ չասած, որ, օրինակ, իշխանություններին ներկայացված Եռյակի 12 կետերում Մարտի 1-ի բացահայտման մասին խոսք չկար:




Լրահոս