Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարի պետական բյուջեի եկամուտները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են երկուսուկես տոկոսով: Անցած տարվա հունվարին պետական բյուջեի եկամուտները կազմել են 80 միլիարդ 278 միլիոն 500 հազար դրամ: Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 78 միլիարդ 283 միլիոն 700 հազար դոլար: Ուշագրավն այն է, որ հարկերի եւ տուրքերի մասով պետբյուջեի եկամուտները ոչ միայն չեն նվազել, այլեւ մի բան էլ ավելացել են` 2014-ի հունվարին այդ ցուցանիշը եղել է 73 միլիարդ 144 միլիոն դրամ, իսկ այս տարի կազմել է 75 միլիարդ 751 միլիոն դրամ: Կտրուկ նվազել են «այլ եկամուտներ» տողով մուտքերը` 2014-ի առաջին ամսում եղել է 7 միլիարդ 133 միլիոն դրամ, իսկ այս տարի նվազել է մինչեւ 2 միլիարդ 532 միլիոն դրամ:
Պետբյուջեի եկամուտների նվազման պայմաններում զգալի ավելացել են ծախսերը, այսպես՝ ընդհանուր ծախսերը կազմել են 57 միլիարդ 994 միլիոն դրամ, որը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 21,5 տոկոսով: Ի դեպ, երբ առանձին ոլորտներով ենք դիտարկում պետբյուջեի ծախսերի ավելացման ուղղությունները, ապա տեսնում ենք, որ հասարակական կարգի պահպանման ծախսերն այս տարվա հունվարին, նախորդ տարվա համեմատ, աճել են 37 տոկոսով: 2014-ի հունվարին հասարակական կարգի պահպանության դասակարգման ներքո ծախսերը կազմել են 3 միլիարդ 793 միլիոն դրամ, այս տարի այդ ցուցանիշը հասել է մինչեւ 5 միլիարդ 201 միլիոն դրամի:
Այն փաստը, որ պետբյուջեի եկամուտների անկումը հարկեր-տուրքերի նվազելով չի պայմանավորված, գործարարների համար, մեղմ ասած, լավ նորություն չէ: Բանն այն է, որ «այլ եկամուտների» նվազման բացը լրացնելու համար իշխանությունները պետք է փորձեն այդ գումարները հարկահավաքությամբ լրացնել: Այլ կերպ ասած՝ հարկայինն «անտեր» գործարարներից կսկսի երկրորդ «կաշին քերթել», որպեսզի պակասող գումարը լրացնի:
Այս տարվա առաջին ամսում Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 6,3 տոկոսով: Գումարային արտահայտությամբ այս հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87 միլիարդ 42 միլիոն դրամ: Ի դեպ, արդյունաբերության անկումը հիմնականում արձանագրվել է էլէներգիայի` 23 տոկոս անկման պատճառով: Փոքր` կես տոկոս, անկում է արձանագրվել նաեւ «մշակող արդյունաբերության» ճյուղում: Այս ճյուղն, ի դեպ, կազմում է Հայաստանի ընդհանուր արդյունաբերության 56 տոկոսը:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ այս տարվա հունվարին փողի բազան կազմել է 833 միլիարդ 398 միլիոն դրամ, ինչը 53 միլիարդ 367 միլիոն դրամով պակաս է, քան անցած տարվա դեկտեմբերին: Ակնհայտ է, որ փողի բազայի նվազումը ՀՀ ԿԲ-ի կողմից իրականացված դոլլարային ինտերվենցիաների արդյունքն է:
Հայաստանի ԿԲ-ի կողմից իրականացված դոլլարային ինտերվենցիաների արդյունքը լուրջ ազդեցություն է ունեցել նաեւ Հայաստանի միջազգային պահուստների վրա: Ըստ այդմ, անցած տարվա դեկտեմբերին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 392 միլիարդ 796 միլիոն դրամ, իսկ այս տարվա հունվարին այն նվազել է մինչեւ 346 միլիարդ 451 միլիոն դրամ, անկումը կազմել է 11.8 տոկոս: Ի դեպ, դեկտեմբերին էլ Հայաստանի միջազգային պահուստները նվազել էին 3.6 տոկոսով:
ՀՀ բնակչության բանկերում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը հունվարին կազմել է 884 միլիարդ 333 միլիոն դրամ: Այս ցուցանիշը նախորդ ամսվա` դեկտեմբերի համեմատ նվազել է 9 միլիարդ 819 միլիոն դրամով: Այլ կերպ ասած՝ մարդիկ սկսել են ծախսել նախկինում կուտակած իրենց միջոցները: Այս ցուցանիշը Հայաստանում առկա տնտեսական եւ սոցիալական վիճակի, թերեւս, ամենաբնորոշող գործոնն է:
Իսկ այն փաստը, որ հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (տնտեսական աճը) չնչին` 1,3 տոկոսի աճ է արձանագրել, թերեւս զուտ պաշտոնական վիճակագրերի` թվերի հետ կատարած մեքենայությունների շնորհիվ է: Սակայն ուշագրավ է այն փաստը, որ պաշտոնական վիճակագիրները, որոնց աճ նկարելու համար ստեղծագործական լիարժեք ազատություն է տրված, չեն կարողացել տնտեսական ակտիվության ցուցանիշը գոնե երկու տոկոսի հասցնել, որպեսզի կրկնեին անցած տարվա արդյունքը` 2,3 տոկոս:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ
Երեկ իր ֆեյսբուքյան էջում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ինքը «Քաղաքացիական պայմանագրով» հետաքրքրված քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսում: «Ուրախ եմ արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ քաշած ինստիտուցիոնալ ընդդիմության օրակարգը լայն արձագանք է գտել հանրության շրջանում եւ, բնականաբար, առաջ բերել բազմաթիվ հարցեր: Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը եւ ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից: Ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ, ում հետ չի պատրաստվում համագործակցել եւ ինչո՞ւ: Այս եւ բազմաթիվ նմանօրինակ հարցեր են շրջանառվում համացանցում եւ հանրային շրջանակներում: Ինչպե՞ս կարելի է աջակցել ինստիտուցիոնալ ընդդիմության կայացմանը: Ի՞նչ երաշխիք կա, որ այն հերթական անգամ չի հիասթափեցնի ժողովրդին ու չի ծախվի: Այս եւ այլ հարցերին պատասխանելու համար հանդիպումների շարք ենք նախաձեռնում «Քաղաքացիական պայմանագիր» միավորման գրասենյակում»,-գրել է Փաշինյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ԲՀԿ եւ ՀԱԿ մի շարք անդամներ եւ համակիներ եւս ցանկություն են հայտնել հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամների հետ: Վերջին օրերին շատերը այցելել են «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակ եւ հետաքրքրվել, թե ինչպես կարող են իրենք եւս միանալ այդ նախաձեռնությանը, ինչի արդյունքում էլ որոշվել է նման հանդիպումների շարք կազմակերպել:
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները կմասնակցեն այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ խմբակցության նիստ է հրավիրել եւ հայտարարել, որ այս անգամ պետք է մասնակցեն, քանի որ օրակարգում կարեւոր նախագծեր են ընդգրկված: Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քառօրյայի նիստերը ԲՀԿ-ն բոյկոտել էր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արտահերթ նիստին կմասնակցեն նաեւ ԲՀԿ-ն լքած պատգամավորները: Արտահերթը հրավիրել է ՀՀ Կառավարությունը, ուստի ԲՀԿ-ն «լքածներին» եւս հրահանգվել է անպայման մասնակցել նիստին:
ԴԱՏՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին Հայաստանի դատարանների կողմից դատապարտվել է 2.944 մարդ: Դատապարտվածներից 161-ը եղել են կանայք, 87-ը` անչափահասներ, որոնցից 4-ը՝ աղջիկներ: Դատապարտվածներից 834-ի դեպքում պատիժը պայմանական չի կիրառվել, այսինքն՝ նրանք չեն ազատազրկվել, իսկ 284-ի դեպքում կիրառվել է համաներում: Համաներվողները մինչեւ 2013 թվականի հոկտեմբերը կատարած հանցագործությունների մեջ մեղադրվողներն են: 49 անձ էլ ճանաչվել է անմեղսունակ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՐՈՍԻ ՄԱՀՈՎ
Փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել, փոխարենը Արտակը փրկել է երեք հոգու կյանք: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Արտակ Աղեկյանը եւ Հայկ Բարոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իսրայելցի նշանավոր մտավորականին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում իր անգնահատելի վաստակի, մեր ժողովրդի խնդիրներով մշտապես հետաքրքրվելու եւ օգտակար լինելու պատրաստակամության համար:
ՀԱՆՁՆԵԼ ԵՆ
Բելառուսի իշխանությունները Հայաստանին են արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Սաչկովին, որը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Վիմպելկոմ», «Արմենտել» եւ Velcom հեռահաղորդակցության կապի ընկերություններում։ Սաչկովին «Արմենտելի» մի քանի այլ նախկին ղեկավարների հետ մեղադրում են օպերատորի միջազգային թրաֆիկի փոխանցման «մոխրագույն» սխեմա մշակելու համար, ինչի արդյունքում ընկերությանը հասցվել է միլիոնավոր դոլարների վնաս: Սաչկովը մինչ վերջերս զբաղեցնում էր Velcom բելառուսական բջջային օպերատորի տեխնիկական տնօրենի պաշտոնը։
Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ
Ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգեւներից եւ դրանք հանձնել «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին: Ազատամարտիկներն իրենց պարգեւները հանձնել են «ի նշան 2015 թվականի հունվարի 31-ին Բերձորում կատարված պետական ահաբեկչության դեմ բողոքի»: Պատգամավորի կարծիքով՝ սա ամոթ է, քանի որ Հայաստանը, չպատասխանելով այս հարցերին, չի կատարում միջազգային կառույցների նկատմամբ իր պարտավորությունները։
ԴԻՄԵԼ ԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ
5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը փոխելու հարցով տուժող կողմը երեկ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել` պահանջելով Վ. Պետրոսյանին դատապարտել ազատազրկման առնվազն 6 տարի, վերանայել վարորդական իրավունքից զրկելը եւ 2 տարվա փոխարեն դերասանին վարորդական իրավունքի վկայականից զրկել առնվազն 3 տարով: Տուժող կողմը Վարդան Պետրոսյանից նաեւ պահանջել է մոտ 8 մլն դրամ՝ որպես հատուցում Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի համար: Փաստաբանից բացի՝ գործով վերահսկող դատախազ Արթուր Սարգսյանը եւս վերաքննիչ բողոք է ներկայացրել: Նա եւս պահանջում է վերանայել դերասանի պատժաչափը եւ այն ավելացնել:
ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը եւ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Այս մասին հայտարարել է թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը՝ հավելելով, որ հաղթող մասնակիցների ցուցակը ներկայացվելու է նախագահին:
ԵՎՍ 5 ՏԱՐՈՎ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Շաբոյանը նշանակվել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ 5 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ Շաբոյանը ՏՄՊՊՀ-ն գլխավորում է 2010 թվականից: