2015թ. հունվարի 19-ին` կեսգիշերին մոտ, Երեւանի Աբելյան փողոցում սպանություն էր եղել: Կրծքավանդակի, թիկունքի եւ դեմքի շրջանում ստացած դանակի հարվածներից մահացել էր ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի անդամ, Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Դալլաքյանը: Դեպքի հաջորդ օրը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին էր մեղայականով ներկայացել 27-ամյա Գագիկ Աբրահամյանը: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կատարվածի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն` այդ օրը Աբելյան փողոցի շենքերից մեկում երկու հարբած երիտասարդ դռնեդուռ էին ընկել, ինչ-որ մեկին էին փնտրում: Երրորդ հարկում էլ մի դուռ էին թակել, ու տան տիրոջ հետ կռիվ էր սկսել, որն ավարտվել էր դանակահարությամբ:
Մարմնական վնասվածք ստացողներից մեկի՝ Արմանի ձախ ձեռքն էր վնասվել: Նա այդ օրը Կապանից Վազգենենց տուն հյուր էր եկել: Ճաշել էին, օղի խմել, հետո Վազգենն առաջարկել էր տնից դուրս գալ եւ գնալ մեկ այլ շենքում գտնվող մի աղջկա տեսնելու: Արդյունքում տեղի էր ունեցել վերը նշվածը:
Դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս. սպանվածի հարազատներին հանգիստ չեն տալիս տարածված լուրերն այն մասին, թե Վազգեն Դալլաքյանը կարող էր այն աստիճան հարբել, որ կռվի բռնվեր, արդյունքում էլ նման ողբերգություն տեղի ունենար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վազգենի հորաքույրը` Անահիտ Դալլաքյանը, հայտնեց, որ իր եղբորորդին առիթից առիթ էր ալկոհոլ օգտագործում, այն էլ քիչ չափաբաժնով: «Վազգենի հայրը զոհված ազատամարտիկ է: Եղբորս մահից հետո կնոջ մոտ քաղցկեղ առաջացավ ու վեց տարի առաջ մահացավ: Վազգենին նրա տատն է մեծացրել, դաստիարակել: Այնքան խելացի, զուսպ, համեստ ու կրթված երիտասարդ էր, որ երբեւէ որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ծնողազուրկ էր ու կյանքի դժվար պայմաններում էր ապրում»,- հուզված պատմեց մեր զրուցակիցը:
Տուժողի իրավահաջորդ ճանաչված Անահիտ Դալլաքյանի խոսքով՝ Վազգենի տատիկը պատմել է, որ դեպքի օրը ոչ թե Վազգենն է կապանցի բարեկամին առաջարկել դուրս գալ, այլ հակառակը:
Ի վերջո, երիտասարդներն ալկոհոլի ազդեցության տակ են եղել, թե ոչ, պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննության արդյունքներից, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ հանգամանքը բացառեցին նաեւ Վազգենի մտերիմ ընկերը՝ Դավիթը, եւ նրա վարպետության դասախոսը՝ Ռոբերտ Մինասյանը: Դավիթը վստահեցրեց, որ ընկերոջը ճանաչելու յոթ տարիների ընթացքում նրան երբեք հարբած կամ ագրեսիվ վիճակում չի տեսել: «Վազգենը համակուրսեցիս էր. նրան վաղուց եմ ճանաչում: Մեզ համար շատ տարօրինակ է, թե նա ինչու պետք է գիշերվա ուշ ժամի այդ շենք գնար: Երբեք չի ասել, որ այնտեղ ծանոթ աղջիկ կա: Նույնը նրան սպանողի մասին կասեմ. երբ նկարը տեսա, զարմացա, երբեք նրան Վազգենի կողքին չեմ տեսել: Չեմ ճանաչել ու համոզված եմ՝ Վազգենն էլ չի ճանաչել: Վազգենը խաղաղասեր մարդ էր, միշտ համախմբում էր բարեկամներին: Հարազատներից ով ինչ խնդիր ունենում էր, Վազգենին էր դիմում»,- պատմեց Դավիթը:
Ռոբերտ Մինասյանի խոսքով՝ Վազգենին ճանաչում է այն ժամանակվանից, երբ նա դեռ 5 տարեկան էր: «Միշտ էլ ինձ վրա լավ տպավորություն է թողել: Տատն անձնազոհաբար խնամում էր նրան: Վազգենը շատ կիրթ, հավաքված երիտասարդ էր: Անգամ այն ժամանակ, երբ մայրը քաղցկեղից մահացավ, Վազգենը կարողանում էր դիմակայել դժվարություններին: Իհարկե, շատ հավանական է, որ կյանքի նման հարվածներից հետո մարդը ջղային ու ագրեսիվ դառնա, բայց Վազգենի մոտ նման վիճակներ, առավել եւս՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու, չեմ տեսել»,-սպանվածին բնութագրեց Ռ. Մինասյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Վազգեն Դալլաքյանի դասղեկ Մարիա Ասլանյանի հետ, ով, բնութագրելով իր աշակերտին, վստահեցրեց, որ ուսումնառության տարիներին Վազգենն իրեն դրսեւորել է որպես կարգապահ, պատասխանատու եւ կազմակերպված աշակերտ:
«Իր տարեկիցներից տարբերվել է բարձր գիտելիքներով, առողջ տրամաբանությամբ, շփման կուլտուրայով եւ բարեկրթությամբ»,- հավելեց Վազգենի դասվարը:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ դեպքի ականատես, վիճաբանության մասնակից Արմանի հետ, սակայն չհաջողվեց: Վազգենի հորաքույրը մեզ հայտնեց, որ դեպքից ժամեր անց նա վերադարձել է Կապան՝ պատճառաբանելով, թե սթրեսի մեջ է եւ չի կարողանում երկար մնալ Երեւանում:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՎԱՀԱԳՆԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԳՈՒՅՔՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ Է
«Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի տնօրեն Վահանգն Հովնանյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Կարեկին-Քրք Օդաբաշյանը, որը Հայփոստի գլխավոր տնօրենի տեղակալն է, դատական հայց է ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնի գործածար Հավնանյանից պահանջելով փաստաբանի վարձատրության գումար:
«Ժողովուրդ»-ին առայժմ պարզել չհաջողվեց, թե որ փաստաբանին ինչքան գումար է պարտք մեծահարուստ Հովնանյանը: Միայն կարողացանք ճշտել, որ հայցվոր Կարեկին-Քրք Օդաբաշյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործարարի դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու պահանջով: Եվ դատավոր Անի Մխիթարյանն էլ բավարարել է միջնորդությունը՝ Հովնանյանի դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելով: Հիշեցնենք՝ սա միակը դեպքը չէ, որ էլիտար Վահանգնի թաղամասի սեփականատեր, հայտնի գործարարի դեմ դատական հայց է ներկայացվում:
Դեռեւս 2010թ. «ԳՈԼԴՍ ՋԻՄ ԱՐ» ՍՊԸ դիմել էր դատարան՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից պահանջելով վնասի փոխհատուցում: Տեղեկացնենք, որ «ԳՈԼԴՍ ՋԻՄ ԱՐ» ՍՊԸ-ն եղել է «Տաքսի-2» ԲԲԸ-ի բաժնետոմսերի մոտ 99.2 տոկոսի սեփականատերը, եւ այս ընկերությունը Երեւան քաղաքի Աշտարակի խճուղու 65 հասցեում գտնվող 1.7 հա մակերեսով հողամաս ունի: Ու հենց այդ հողամասի հարեւանությամբ էլ գտնվում է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն: Ըստ ամենայնի, Հովնանյանը որոշել է ընդլայնել իր տարածքը, եւ ինչպես դատարանին հայտնել է «Տաքսի-2» ԲԲԸ-ն, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն նշված տարածքում պատկանող իր հողամասի 0.5 հա-ն ինքնակամ կերպով վերցրել է:
Այս գործը քննվեց Աջափնյակ դատարանում եւ կարճվեց: Իսկ թե ինչ ընթացք կստանա Կարեկին-Քրք Օդաբաշյան-Վահանգն Հովնանյան նոր դատական գործընթացը, դժվար ասել: Միայն փաստենք, որ Վահագնի թաղամասի սեփականատիրոջ դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք է դրված:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՄԵՂՍՈՒՆԱԿ Է
Գյումրի քաղաքում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ենթարկվել է ամբուլատոր դատաhոգեբանական փորձաքննության, եւ ըստ այդ եզրակացության՝ ճանաչվել է մեղսունակ:
Ինչպես հայտնում է Tert.am-ը, քրեական իրավունքի մի մասնագետ, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, նկատել է, որ եթե ռուսական կողմը ռուսական լրատվամիջոցներով հայտարարում է՝ շուտով ինչ-որ դատարանում լսվելու է այդ գործը, նշանակում է, որ հակվածություն չկա նրան անմեղսունակ ճանաչելու: Ուրեմն ռուսական կողմն արդեն իսկ ունի բավարար ապացույցներ, որոնք վկայում են, որ Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ:
Նկատենք, որ եթե ամբաստանյալը անմեղսունակ է ճանաչվում, ապա ազատազրկման փոխարեն դատապարտվում է հարկադիր բուժման, ինչը հնարավորություն է տալիս հետագայում ազատ արձակվել: Եթե Պերմյակովը, որպես մեղսունակ, դիտավորյալ սպանության համար դատապարտվի, անկախ նրանից՝ դա կլինի Հայաստանի թե Ռուսաստանի օրենքներով, միեւնույն է՝ նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Հիշեցնենք, որ ՌԴ հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը հայտարարել էր, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովինը: Պտիցինն ավելացրել էր, որ Պերմյակովն այժմ գտնվում է Գյումրիում՝ ռուսական ռազմակայանի հոսպիտալում, որտեղ ենթարկվում է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության:
ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով անգործություն ցուցաբերելու համար ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դեմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած բողոքի քննությունը: Զարուհի Փոստանջյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերին, որոնցում հիմնավորում է, թե պատգամավորի հաղորդմանն իրենք արդեն պատասխանել են:
Զարուհի Փոստանջյանն իր բողոքում նշել էր, որ գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով քրեական գործեր չեն հարուցվել Պերմյակովի կողմից Հայաստանի տարածքով ապօրինի զենք փոխադրելու, ռուս սահմանապահների կողմից Պերմյակովին ապօրինի ձերբակալելու եւ ռուսական ռազմաբազայում պահելու, ինչպես նաեւ՝ Պերմյակովի՝ սահմանը ապօրինի հատելու փորձի առնչությամբ:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչն առարկեց Զարուհի Փոստանջյանի բողոքին՝ ասելով, որ իրենք արդեն պատասխանել են հաղորդմանը, եւ բողոքը ենթակա է մերժման:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա այսօր: