Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերն ուղարկվել է միջազգային թատերաբեմում որեւէ տեղ զբաղեցնող երկրների ղեկավարներին: Նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու մասին այս պահի դրությամբ հայտարարել է միայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Մեծ Բրիտանիայում ապրող հայկական համայնքի մի մասը 1915թ. Հայոց ցեղասպանության ճիրաններից փրկված մարդիկ են` մոտ 20 հազար հոգի: Նրանց հիմնական մասն այսօր ապրում է Լոնդոնում, Մանչեստրում, Լիվերպուլում: Հայկական համայնքը ակտիվորեն իր մասնակցությունն է ունենում տեղի քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Ի՞նչ մակարդակով Մեծ Բրիտանյան ներկայացված կլինի Հայոց ցեղասպանության միջոցառումներին: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչից:
-Մեծարգո՛ դեսպան, Դուք, որպես Հայաստանում աշխատող դեսպան, ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին, եւ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս հարցի հետ կապված:
-Մենք, իհարկե, այդ տարիների ականատես դիվանագետների եւ լրագրողների վկայություններից, ինչպես նաեւ հետագայում բրիտանացի եւ ուրիշ պատմաբանների, իրավաբանների ու լրագրողների շատ գիտական հոդվածներից ու գրքերից գիտենք տեղահանությունների, բռնի երթերի, կոտորածների ու այլ հանցագործությունների մասին, որոնք դարձան Օսմանյան Կայսրության 1-1,5 միլիոն հայերի մահվան պատճառ: Այս հարյուրամյա տարելիցը շատ կարեւոր պահ է՝ հարգելու բոլոր նրանց հիշատակը, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, եւ վստահ լինելու, որ մենք պատմությունից համապատասխան հետեւություններ կանենք:
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շուրջ 100 երկրների նախագահներին հրավիրել է Հայաստան՝ հայ ժողովրդի հետ կիսելու դարավոր վիշտը: Ձեր երկիրը ի՞նչ մակարդակով է ներկայացված լինելու ապրիլի 24-ին:
-Վարչապետ Քեմերոնն արդեն պատասխանել է նրա հրավերքին՝ ընդունելով այս հարյուրամյա տարելիցի կարեւորությունը հայ ժողովրդի համար եւ ներողություն խնդրելով, որ անձամբ չի կարող ներկա գտնվել ու մասնակցել հիշատակման միջոցառումներին:
-Որպես Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկիր՝ Ձեր կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված որեւէ անդրադարձ լինելո՞ւ է՝ միջոցառման կամ հիշատակման այլ ձեւով:
-Ուրախ եմ հայտնել, որ բրիտանա-հայկական համայնքը եւ Լոնդոնում Հայաստանի դեսպանատունը ծրագրում են ոգեկոչման մի քանի միջոցառումներ Միացյալ Թագավորությունում:
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կողմից կատարված քայլը, որ նա ապրիլի 24-ին շուրջ 102 պետությունների նախագահներին հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը: Մինչդեռ Գալիպոլիի մարտերը սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916 թվականի հունվարի վերջը:
-Մեր ցանկությունն ու հույսն այն է, որ այս մռայլ ու կարեւոր հիշատակումները ե՛ւ Գալիպոլիում, ե՛ւ Երեւանում օգտագործվեն հարգելու համար բոլոր նրանց հիշատակը, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ինչպես նաեւ՝ ցույց տալու համար, թե ինչքան կարեւոր է ոգեկոչումը եւ հաշտեցումը: Գալիպոլիի ճակատամարտը առանձնահատուկ կարեւորություն ունի բոլոր այն երկրների համար, այդ թվում նաեւ՝ Միացյալ Թագավորության, որոնց զինվորները կռվել ու զոհվել են այնտեղ: Հաշվի առնելով հարյուրամյա տարելիցի կարեւորությունը Հայաստանի եւ աշխարհի շատ տարբեր երկրներում բնակվող հայերի համար, որոնցից շատերն ուղիղ ժառանգներն են 1915-ի աղետը վերապրածների, ես չեմ կասկածում, որ Երեւանում կայանալիք միջոցառումները կլինեն աշխարհի ուշադրության կենտրոնում, ինչպես որ սպասված է եւ պատշաճ:
-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանի գործընկեր պետություններն ու նրանց դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հատուցմանը հասնելու համար:
-Մենք մեր դերը տեսնում ենք Հայաստանին ու Թուրքիային իրենց համատեղ ողբերգական պատմությանը առերեսվելուն օժանդակելու մեջ: Ի վերջո, հաշտեցման ցանկացած գործընթաց պետք է հենց Հայաստանն ու Թուրքիան իրականացնեն: Մենք կարծում էինք, որ նախագահ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնությունը համարձակ էր եւ պատկերավոր, ու մենք լիովին աջակցում էինք արձանագրություններին, որոնք կբացեին սահմանը եւ կհաստատեին դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների: Մենք, միեւնույն է, կարծում ենք, որ սա է ճիշտ մոտեցումը: Մենք Եվրոպայում բացահայտել ենք, որ պատերազմի ավերածություններից ու բարբարոսություններից հետո ավելի հեշտ է պատմությանն առերեսվելն ու իրապես հաշտվելը, երբ դու կառուցում ես հարաբերությունների ցանց՝ հիմնված տնտեսական, մշակութային եւ քաղաքական ընդհանուր հետաքրքրությունների վրա:
-Վերջերս լուրեր տարածվեցին, որ Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբետ 2-ը, ներկա է գտնվելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Արդեն հայտնի՞ է, թե Ձեր երկիրը ի՞նչ մակարդակով է մասնակցելու այդ միջոցառումներին:
-Մոտ ժամանակներս կհաստատվի, թե ով է Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման միջոցառումներին ներկայացնելու Միացյալ Թագավորությունը: Մենք միայն կարող ենք, ի հակադրում տարբեր առցանց լրատվամիջոցների հրապարակումների, ասել, որ Նորին Գերազանցություն Թագուհին այդ միջոցառումներին չի մասնակցելու:
Զրուցեց ԹԱՄԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ ՀԱՄՈԶԵՑԻՆ
Երեկ ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ Գյումրիում տաքսու վարորդները կրկին բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանք դժգոհում են այս տարվա փետրվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքից, ըստ որի՝ անհատ տաքսիստները պետք է արտոնագիր ստանան եւ ամսական 12.000 դրամ վճարեն պետբյուջե:
Տաքսիստների պնդմամբ՝ արտոնագիր ձեռք բերելու գործընթացի համար իրենք ծախսելու են մոտ 50 հազար դրամ, քանի որ պետք է ներկայացնեն նաեւ տաքսիի տարբերանշան, գազի համակարգի տեղադրման ակտ, գովազդ, որը կպարունակի վարորդի հեռախոսահամարը, սակագինը: Մինչ Գյումրիում տաքսու վարորդները շարունակում էին իրենց բողոքը, այդ ընթացքում երեւանցի վարորդները փակել էին Հանրապետության հրապարակը: Զայրացած վարորդները պահանջում էին, որ իրենց մոտենա Կառավարության ներկայացուցիչներից մեկը, ով բոլոր հարցերին պատասխան կտա: Սակայն տեւական ժամանակ նրանց ոչ ոք չմոտեցավ: Ինչի արդյունքում վարորդները հրաժարվեցին փողոցից դուրս բերել իրենց մեքենաները: Սակայն ճանապարհային ոստիկանությունը փորձեց էվակուատոր մեքենայի միջոցով տարածքից դուրս բերել ակցիայի մասնակիցների մեքենաները:
Այնուհետեւ բողոքի ակցիայի վայր ժամանեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Տեսնելով, որ ոչինչ չի փոխվում, ի վերջո վարորդներին մոտեցավ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արսեն Առաքելյանը: Վերջինս զայրացած վարորդներին առաջարկեց խումբ ստեղծել եւ իրենց հուզող հարցերով գնալ նախարարություն:
Իսկ, ահա, գյումրեցի վարորդները հավաքվել էին Վարդանանց հրապարակում: Հիշեցնենք, որ նախորդ բողոքի ակցիային Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վարորդներին խոստացել էր հանդիպում կազմակերպել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Սակայն նախարարը երեկ չէր այցելել Գյումրի: Փոխարենը ուղարկել էր նորանշանակ փոխնախարար Արմեն Արսենյանին: Վարորդները պահանջեցին, որ վերջինս իրենց հետ դրսում հանդիպի, սակայն Արսենյանը չհամաձայնեց: Այնուամենայնիվ, մոտ 50 վարորդ մտավ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ, որտեղ մի քանի ժամ քննարկում տեղի ունեցավ: Ի դեպ, քննարկմանը ներկա էր նաեւ Շիրակի մարզպետը: Փոխնախարարը խոստացավ, որ վարորդների դժգոհությունը կփոխանցի նախարարին: Նաեւ վարորդները գրավոր ներկայացրին իրենց պահանջները, որն էլ Արսենյանը կփոխանցի Կառավարությանը:
Քննարկումից հետո մարզպետը վարորդներին հորդորեց հանգիստ աշխատել այնքան ժամանակ, մինչեւ Կառավարությունը վերանայի օրենքը:
Նշենք, որ նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում եւ կվերադառնա մի քանի օրից:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՂԲԱՅՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է
Փետրվարի 21-ից անհետացել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող, 26-ամյա Արթուր Աֆյանը: Վերջինիս մայրը եւ եղբայրը բնակվում են Տավուշի մարզի Հովք գյուղում: Աֆյանների ընտանիքն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղից այստեղ է վերաբնակվել 1987թ.: Արթուրը ժամկետային ծառայությունն անցկացրել է Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանում, որից հետո, որպես պայմանագրային զինծառայող, նույն տեղում ծառայությունը շարունակել է: Արթուրի եղբայրը՝ Հովքի բնակիչ Արկադի Աֆյանն ասաց, որ եղբայրն ամուսնացել է Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակչուհու հետ եւ ունի 2 ամսական դուստր: Արկադիի վկայությամբ՝ թեեւ եղբայրը որոշ պարտքեր ունի, սակայն դրանք մեծ չեն եւ չեն կարող կենսախինդ բնավորություն ունեցող Արթուրի ինքնասպանության պատճառ դառնալ: Նրան հարցրինք՝ արդյո՞ք եղբայրը կարող է ինչ-որ կերպ առնչվել Վիտալի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործին: Արկադին դա բացառեց՝ ասելով, որ Արթուր Աֆյանն ու Վիտալի Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարբեր զորամասերում են ծառայել: Արկադին նաեւ հայտենց, որ եղբայրն անհետանալուց առաջ նամակ է թողել, սակայն այնտեղ չկա «սուտը մեզ կործանեց» արտահայտությունը, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ: Արկադի Աֆյանի խոսքերով՝ թողած նամակում Արթուրը կնոջը հորդորել է իրենց երեխային լավ պահել:
ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ
Նախկինում տեղեկացրել ենք Տավուշի մարզկենտրոնում կատարվող փողոցային առեւտրի մասին: Իջեւանի քաղաքային շուկայում բազում վաճառասեղաններ դատարկ են, իսկ քաղաքի կենտրոնական փողոցներում, հակասանիտարական պայմաններում սննդի, հագուստի եւ տարատեսակ ապրանքների աշխույժ առեւտուր է: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդանիստ Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու պատի տակ վաճառում են տարատեսակ բանջարեղեն, մրգեր եւ այլ ապրանքներ: Դրանից քիչ հեռու՝ գետափնյա փողոցի մեջտեղում, վաճառքի է հանված զանազան հագուստեղեն, հեծանիվներ եւ այլն: Նշենք, որ փողոցային առեւտրի դեմ պայքարի գործում Իջեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության Իջեւանի բաժնի միջեւ համագործակցություն չկա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ