«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԹՇՆԱՄԻ Է ՀԱՅ ԱԶԳԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն այն կարծիքին է, որ ամեն արվեստագետ եւ մտավորական պետք է այսօր իր ընդունած կրավորական կեցվածքից հրաժարվի: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքական կյանքին` նկատելով, որ եթե մենք այսօր ազգային պետություն, պետական իշխանություն չձեւավորենք, կկորցնենք ամեն ինչ:

-Պարո՛ն Աղաբաբյան, Դուք այն եզակի արվեստագետներից եք, ով չի խուսափում խոսել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներից: Այնինչ՝ մեր մշակույթի ոլորտի մարդիկ, անդրադառնալով դրանց, հաճախ գալիս են այն եզրահանգման, որ դեռեւս չի հասունացել իրենց ընդդիմանալու ժամանակը…
-Ասեմ ավելին` այն ոչ թե չի հասունացել, այլ մենք կորցնում ենք մեր երկիրը: Այլեւս հապաղելու ժամանակ չունենք: Շատ արվեստագետներ` վերեւների հետ կապ ունեցող եւ չունեցող, որոշները սրտացավությամբ, որոշները` ոչ, ինձ մոտեցել են եւ ասել են` գործ չունես, բան չի փոխվելու: Ես ուզում եմ ասել` սիրելինե՛րս, եթե իրավիճակն այսպես մնաց, ամեն ինչ ավիրվելու է: Չի կարելի հանդուրժել այս ամենը: Յուրաքանչյուր արվեստագետ եւ մտավորական, եթե մեդալներով կաշառված չէ կամ ճառ ասող չէ՝ իշխանությունների ջրաղացը ջուր լցնելու համար, եւ իր արած գործով էլ է մարդ, հայ, պետք է այս կրավորական կեցվածքից հրաժարվի, թե չէ դա մեր տունը քանդելու է:
-Դուք ակտիվ կերպով հետեւում եք մեր ներքին քաղաքական կյանքին: Նշում եք, որ Հայաստանը կործանելու համար որոշ ուժեր ներսից են գործում. կբացատրե՞ք:
-Մենք մի հետաքրքիր տեսակ ենք. որ տեղներս նեղվում է, Փոքր Մհերի պես մտնում ենք Ագռավաքար ու դռները փակում: Այդպես մենք հազարամյակներ շարունակ գոյություն ենք պահպանել որպես ազգ: Ոմանք շատ երկար մտածեցին ու ներսից մտնելու եւ քանդելու ձեւը գտան: Կարծում եմ` շատ մաքուր հայորդիներ հասկացել են, որ այն կուսակցություն կոչվածները, որ «սարքեցին» մեր գլխին 19-րդ դարում, դրանք ներս մտնելու, ներսից քանդելու նպատակ ունեին: Մասոնները մտան մեր Ագռավաքար ու սկսեցին այնտեղ մեզ աղճատել: 2000 տարի է` այդ ուղղությամբ աշխատում են: Այստեղից սնունդը վերցրել են, գնացել են ամբողջ աշխարհ, հիմա ուզում են այդ սնունդը տվողը չլինի, գոյություն չունենա: Սա շատ տխուր վիճակ է: Հիմա ներսը պետք է փակենք, թունավորումները հանենք, որ կարողանանք գոյատեւել:
-Իսկ իշխանությունն ի՞նչ է անում:
-Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրի ղեկավարը` Սերժ Սարգսյանը, ուղիղ ասեմ` թշնամի է մեր ազգին, թշնամի է հայ ժողովրդին եւ պետությանը: Բազմաթիվ անգամներ մենք համոզվել ենք դրանում: Նա այլեւս նույնիսկ ՀՀ նախագահը չէ. ՀՀ-ն ղեկավարում է կոնկրետ Ռուսաստանը: Նա ընդամենը «ներքին շայկաների» խաղերն է տալիս եւ ցույց է տալիս ռուսին, որ վերջինս դեռ կարող է իր վրա հենվել: Հիմա տեսեք` ոնց են գործող կուսակցությունները շարան-շարան գնում, փորձում են հավատարմություն ցույց տալ Ռուսաստանին, որ իրենց վրա «խաղադրույք» դրվի: Այժմ, երբ մենք գիտենք, թե մեր թշնամին ով է, հանկարծ ազգային կոչվող ՀՅԴ կուսակցությունը դառնում է Սերժ Սարգսյանի հենարանը: Ի՞նչ է ստացվում` ինքն օգնում է, որպեսզի ավելի մեծ արագությամբ ավերվի Հայաստանը. ես ուրիշ բան չեմ տեսնում դրա մեջ, հասկանո՞ւմ եք:
-Ո՞րն է այսօրվա ամենամեծ խնդիրը, եւ ո՞րն է իրավիճակից դուրս գալու համար Ձեր կողմից առաջարկվող ելքը:
-Մենք այսօր մի շատ կարեւոր խնդրի առջեւ ենք կանգնած. եթե ազգային պետություն, պետական իշխանություն չձեւավորենք, կկորցնենք ամեն ինչ: Այս իշխանության ներքո յուրաքանչյուր օրը մեծ վտանգ է իր մեջ պարունակում: Սրանք թքած ունեն ե՛ւ պետության, ե՛ւ ազգի վրա: Իսկ ռուսը ինչ ուզի, կանի: Ռուս ազգը չէ, ռուսական քաղաքականությունը շատ երկար տարիներ ցույց է տվել, որ Հայաստանն իր համար թշնամի պետություն է, թշնամի ժողովուրդ: Այսօր եւս մենք դրանում համոզվում ենք, կռվի տարիներին էլ էինք համոզվում: Պուտինն էլ չլինի նախագահ, ով ուզում է լինի, նրանց քաղաքականությունը մեր հանդեպ չի փոխվելու, մինչեւ որ մենք մեզնից բան չներկայացնենք: Եթե կարողանանք ստեղծել ազգային պետություն, ռուսին էլ է դա ձեռնտու. մենք կկարողանանք փոխհարաբերություններ հաստատել աշխարհի պետությունների հետ: Ինքն էլ, այսպես կոչված, այս կողմի սահմանն ամուր կտեսնի ու կայուն: Այս խաչմերուկի մեջ լինելը մենք պետք է ի նպաստ Հայաստանի դարձնենք:

 

 

 

 

ՀՅՈՒՐԱՆՈՑ՝ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՇԵՆՔԻ ՏԵՂՈՒՄ

Արդեն մի քանի օր է` Պուշկինի 25 հասցեում ընթանում են Երեւան քաղաքի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված, արտակարգ իրավիճակների կոմիտեի աշխատակիցների համար նախատեսված բնակելի նախկին շենքի վերակառուցման աշխատանքներ: Այժմ արդեն հայտնի է, որ 1927-29թթ. Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքի հետնամասում 17 հարկանի հյուրանոց է կառուցվելու:

Հիշեցնենք, որ դեռեւս 2013-ի ապրիլին Երեւանի քաղաքապետարանից հավաստիացնում էին, թե քննարկվող շինության հարեւանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում եւ ՀՀ մշակույթի նախարարությունում, եւ որ որոշվել է բացառել շենքին որեւէ միջամտություն:
«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվել է` ինչպես ստացվեց, որ այդ նախագիծը հաստատվեց, եւ մի բան էլ` մեկնարկեց շինարարություն: Ըստ ստացված պատասխանի` տեղական նշանակության հուշարձան-շենքի վրա ՀՀ Կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 577-Ն որոշմամբ` թույլատրվել է մեկ հիմնական հարկի եւ ձեղնահարկի ավելացումը, իսկ նախարարությունը շենքում հյուրանոցի կազմակերպման համար մեկ հիմնական հարկի եւ ձեղնահարկի ավելացումը գտել է ոչ նպատակահարմար եւ հնարավոր է համարել վերոնշյալ որոշման մեջ կատարել փոփոխություն: «Իսկ տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շրջանակներում Պուշկինի փողոցի պատմական միջավայրը եւ պատմամշակութային հուշարձան-շենքի առավել արժեքավոր տարրերի պահպանման ապահովման համար նախարարությունը առաջարկել է հուշարձանի փոփոխումն իրականացնել շինության հետնամասում` փողոցի կարմիր գծից 12 մետր նահանջով»,-ասված է պատասխանում: Այնտեղ նաեւ նշված է, որ նկատի ունենալով նախարարության եզրակացությունը` վերոնշյալ որոշման մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն եւ պահանջների ապահովմամբ նախագիծը ներկայացվել է համաձայնեցման:
Նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ շենքում 1950-ական թթ. իրականացվել է մանսարդային հարկ, այժմ էլ իրականացվում են շենքի հետնամասի ապամոնտաժման աշխատանքներ, իսկ պահպանվող ծավալի հիմնական պատերը, ըստ համաձայնեցված նախագծի, ենթակա են ուժեղացման: Ինչ վերաբերում է մանսարդային հարկին, նախարարությունից վստահեցնում են, որ այն ապամոնտաժվելու եւ վերականգնվելու է նույն տեսքով:
Սպասենք, տեսնենք:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԿԻՍԻՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կվերադառնա Հայաստան` եւս մեկ անգամ ներկայանալու հայ երաժիշտներին: «Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ապրիլի 2-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա անվանի դաշնակահարի մենահամերգը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Եվգենի Կիսինը տարիներ առաջ առաջին անգամ Հայաստան է եկել եւ դարձել մեր երկրի եւ փառատոնի լավագույն ընկերը: «Ծրագրով այս տարի նա ներկայանում է աշխարհի ամենամեծ բեմերում: Համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության տարելիցին»,-ասել է փառատոնի տնօրենը:
Ծրագրում հնչելու են Բեթհովենի սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆեւի սոնատ 4-ը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաեւ՝ մազուրկաները, Լիստի «Ռակոցիմարշը»:

 

ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Դիզայներ Ֆաինա Հարությունյանի եւ օպերատոր Արտյոմ Աբովյանի սիրավեպի մասին վաղուց էին լուրեր պտտվում: Դիզայները մինչեւ վերջերս ամեն գնով փորձում էր գաղտնի պահել իր անձնական կյանքի մանրամասները` նշելով միայն, որ ինքն ու Արտյոմը միասին են, եւ եթե պաշտոնական նորություն լինի, լուրը հասու կլինի հանրությանը: Եվ, ահա, բոլորովին վերջերս Ֆաինա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում փոխել է կարգավիճակը: Նա փետրվարի 28-ին ամուսնացել է օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ: Դիզայները հասցրել է մի շարք շնորհավորանքներ եւ մաղթանքներ ստանալ:

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ
Փարիզի հարավում գտնվող Ֆոնտենբլոյի դղյակի Չինական թանգարանից հափշտակել են արվեստի առնվազն 15 գործեր: France-Presse գործակալության փոխանցմամբ` անհայտ անձիք մարտի մեկին մուտք են գործել պալատ եւ կարճ ժամանակ անց հեռացել այնտեղից` իրենց հետ տանելով արվեստի ստեղծագործությունները: Պալատի մամուլի քարտուղարը նշել է, որ տեղյակ չէ` որքան է կազմում գողոնի արժեքը: Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն: Նշենք, որ գողացված իրերը 1863 թվականին թանգարանին նվիրաբերել է Եվգենյա կայսրուհին` Նապոլեոն III կայսեր կինը:




Լրահոս