ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Yerevan.am-ի
Երեկ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը մեկնարկել է գետերի հուների մաքրման աշխատանքները: Պատասխանատուներին հանձնարարվել է մշտական հսկողություն իրականացնել նաեւ ջրանցքների մաքրման ու պահպանման ուղղությամբ՝ քայլեր ձեռնարկելով ջրանցքներում բնակիչների կողմից աղբ թափելու արատավոր երեւույթը բացառելու ուղղությամբ: Հետաքրքիր է՝ նո՞ր է Երեւանի քաղաքապետարանը մտածում մաքրման աշխատանքներն իրականացնելու մասին, երբ լուսանկարից կարելի է եզրակացնել, որ այս պատկերն իրականում մի քանի օրվա ընթացքում կարելի է ստանալ: Միեւնույն է՝ մեր քաղաքի նման պատկերի պատասխանատուները մտածում են միայն՝ ինչ ճանապարհով կարելի է գումարների «լվացում» իրականացնել:
ՀԱՐՑ. Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 3,5,7 տուֆակերտ բնակելի շենքերի միջեւ դեռ խորհրդային տարիներից մնացած ու հրաշքով փրկված ազատ տարածքը բնակիչների ջանքերով վերածվել է գեղեցիկ պուրակ-հրապարակի: Պուրակը Դավիթ Անհաղթի փողոցին կապող մայթը գրեթե 4 տարի է՝ դարձել է ավտոկայանատեղի: Կայանած տարատեսակ մարդատար ավտոմեքենաները խոչընդոտում են պուրակի լիարժեք գործունեությանը եւ առաջացնում պուրակից օգտվողների դժգոհությունը: Կցանկանայի տեղեկանալ՝ արդյո՞ք թույլատրվում է պուրակում մեքենաներ կայանել:
Մարտին Ասլանյան (հաղորդակցության ուղիների ինժեներ-նախագծող,
45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մայթերի վրա տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանդիսանում է ՀՀ Կառավարության 2007թ. հունիսի 28-ի «ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը հաստատելու մասին» հ.955-Ն որոշման 1-ին կետով հաստատված ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնների 84-րդ կետի 1-ին ենթակետի եւ 86-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների խախտում:
Նշված իրավախախտման համար պատժամիջոցը սահմանված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 27-րդ կետով, իսկ 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խնդրո առարկա վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում է ՀՀ ոստիկանությունը:
Բարձրացված հարցի հետագա ընթացքի ապահովումը դուրս է Երեւանի քաղաքապետարանի գործառույթների եւ Երեւանի քաղաքապետին ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներից:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի
վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատեցի՞ք՝ Երեւանի քաղաքապետարանն արձանագրում է, որ մայթերին ու, առավել եւս, Մ. Ասլանյանի կողմից հիշատակած պուրակը Դավիթ Անհաղթի փողոցին կապող մայթի վրա ավտոմեքենա կայանելը օրինախախտում է, ինչի համար պատիժ է նախատեսված՝ տուգանքի տեսքով: Իսկ թե ինչու է հապաղում ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, դժվար է հասկանալ: Ի վերջո, վարորդների թույլ տված օրինախախտումները միայն փայտիկը բարձրացնելով եւ փողոցներում «ռեյդ անելով» չի ավարտվում, ինչքան էլ որ այն եկամտաբեր լինի:
ՀԱՐՑ. Խորհրդային տարիներին գործող Խնայբանկում ավանդ եմ ներդրել: Ես տառապում եմ սիրտ-անոթային հիվանդությամբ, եւ մինչեւ 85 տարեկան չեմ հասնի, որ ավանդը ստանամ: Խնդրում եմ պարզաբանել՝ կարո՞ղ եմ արդյոք ավանդը ձեւակերպել թոռնիկիս կամ կնոջս անունով, եթե այո, ապա ի՞նչ է պետք դրա համար, եւ ինչ կարգով կարող եմ այն իրականացնել:
Սերյոժա Սարդարյան (80 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ Կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգի 20-րդ կետի համաձայն` ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչեւ 2013թ. ավանդի փոխհատուցում տրամադրվել է շուրջ 59 հազար անձի, իսկ այս տարի, ինչպես արդեն նշվել է, կտրվի շուրջ 7000-8000 հոգու: Եւ ինչպես փաստում է նախարարության կողմից մեզ փոխանցված պաշտոնական պատասխանը, ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը չի կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ, բնականաբար Սերյոժա Սարդարյանն ավանդը ժառանգաբար փոխանցել չի կարող: